Հավաքածու / Հայկական

Քանդակ

Հայկական քանդակագործությունը սկիզբ է առել դեռևս նախապատմական պաշտամունքային կոթողներից, և անցնելով պատմական տարբեր փուլերով մինչև քրիստոնեության ընդունումը և դրանից հետո, ձևավորվել է ճարտարապետության հետ սինթեզված հարթաքանդակների, ինչպես նաև բնույթով ինքնուրույն հուշարձանների` խաչքարերի, տապանաքարերի ասպարեզում: Հեռավոր անցյալում, միջնադարում ստեղծված բազմաթիվ կերտվածքները պլաստիկայի և զարդարվեստի փայլուն նմուշներ են, որոնց ներգործությունը նոր և նորագույն շրջանի արվեստում և մասնավորապես քանդակի ոլորտում բացառիկ նշանակություն ունի:

Հաստոցային քանդակի զարգացումը Հայաստանում սկսվել է 1900-ական թվականներից ռուսական և եվրոպական մշակույթի հետ շփումների մթնոլորտում: Հռոմի գեղարվեստի ակադեմիան ավարտած, Կոստանդնուպոլսում և Փարիզում ստեղծագործող Երվանդ Ոսկանը (1855-1914)` թերևս առաջին հայ աշխարհիկ քանդակագործը, հայտնի է մեզ պատկերասրահում պահվող երկու աշխատանքներով` «Ինքնադիմաքանդակ» և «Աղքատ ծերունին», որոնք վկայում են նրա պրոֆեսիոնալ վարպետության մասին:

Դիմաքանդակի հիմնադիր Անդրեաս Տեր-Մարուքյանը (1875-1919) ծնվել է Երևանում, գեղարվեստական կրթությունը ստացել է Փարիզում` Ժյուլիենի ակադեմիայում: Այստեղ, 1919-ին նա ստեղծել է Խաչատուր Աբովյանի մոնումենտալ հուշարձանը, որն ավելի ուշ տեղափոխվել և տեղադրվել է գրողի տուն-թանգարանի առջև` Քանաքեռում: Մեծ հմտությամբ, վարպետ կատարումով, կերպարների սուր բնութագրումով են առանձնանում հեղինակի` հայ հասարակական գործիչներին, մշակույթի անվանի մարդկանց պատկերող դիմաքանդակները: Կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի բրոնզե կիսանդրին լուծված է պլաստիկայի լեզվի զուսպ միջոցներով, ուշադրության կենտրոնում է ականավոր մարդու հոգևոր աշխարհը, նրա աննկունությունը, վեհությունը:

Քանդակում կենցաղային ժանրի զարգացումը սկսվում է նույն այս ժամանակ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան ավարտած, Թիֆլիսում բնակվող Միքայել Միքայելյանի (1879-1943) ստեղծագործություններով: Քանդակի արտահայտիչ միջոցներով նա ստեղծում է տարբեր բովանդակությամբ աշխատանքներ, որոնք ռեալիստական մեկնաբանությամբ ու թեմայի ընտրության առումով հարում են ռուս պերեդվիժնիկների արվեստին («Աղջիկը կոտրված կժով», «Ժամհար Սաքանը», «Ասեղ թելող պառավը»):

20-րդ դարի առաջին կեսի ամենախոշոր քանդակագործն է Հակոբ Գյուրջյանը (1881-1948), որի ստեղծագործությունը համաշխարհային մակարդակի է բարձրացրել հայկական կերպարվեստի այս ճյուղը: Շուշիում ծնված, Ռուսաստանում և Ֆրանսիայում ուսում առած և ստեղծագործական կյանքն անցկացրած այս արվեստագետը սերտորեն կապված էր հայրենիքին, մտերիմ էր հայ և ռուս անվանի մարդկանց հետ, որոնց ներաշխարհով և վառ անհատականություններով ոգեշնչված` տաղանդի իր ողջ ուժով կերտել է դիմաքանդակների հրաշալի շարք: Լև Տոլստոյ, Մաքսիմ Գորկի, Ալեքսանդր Շիրվանզադե, Սերգեյ Ռախմանինով, Գեորգի Յակուլով, Մարտիրոս Սարյան, Ֆյոդոր Շալյապին, - ահա ոչ լրիվ ցանկը դիմաքանդակների այն շարքի, որով Գյուրջյանը հանդես է գալիս որպես պլաստիկական հորինվածքի միջոցներին (երբեմն՝ ծավալի մանրամասն մոդելավորումով, երբեմն՝ համարձակ էքսպրեսիվ ձևերով) ազատ տիրապետող հասուն արվեստագետ: Հեղինակի բազմակողմանի ձիրքը դրսևորվում է նաև նրա մոնումենտալ, դեկորատիվ և անիմալիստական աշխատանքներում: Պատկերասրահում պահվող շուրջ 500 աշխատանքներից 400-ը նվիրաբերել է նրա այրին:

Հայկական քանդակի հետագա զարգացումը կապված է խորհրդային արվեստի առաջին վարպետների անունների հետ: Դրանք են Արա Սարգսյանը (1902-1969), Այծեմնիկ Ուրարտուն (1899-1974), Ստեփան Թարյանը (1899-1954), Սերգեյ Մերկուրովը (1881-1952), քսաներորոդ դարի 30-ականների վերջին արտասահմանից հայրենիք վերադարձած Երվանդ Քոչարը (1899-1979) և ուրիշներ: Երիտասարդ երկրի վերածննդով խանդավառված` նրանք ձգտեցին ստեղծել նոր արվեստ, արտացոլել պատմական նոր շրջանի առանձնահատկությունները, նրա նախանշանները և մթնոլորտը: Այս արվեստագետների եռանդի և ստեղծագործական որոնումների շնորհիվ 1920-1930 թթ. կազմավորվեցին ազգային քանդակի գլխավոր հատկանիշները` պարզություն և զսպվածություն, պլաստիկ անցումների տրամաբանվածություն, ձևի բովանդակալիություն: Հիշատակված հեղինակների մոնումենտալ հուշարձանները տեղադրված են Երևանում և Հայաստանի այլ վայրերում, իսկ նրանց առավել նշանակալից հաստոցային կերտվածքները պահվում և ցուցադրվում են թանգարանում:

Հայկական քանդակն առանձնահատուկ վերելք ապրեց հետպատերազմյան շրջանում, երբ արվեստը գտնում էր նոր` խաղաղ օրերի հերոսներ, հուզական նոր համակարգ: Առաջատար վարպետները միջին սերնդի մի շարք  ներկայացուցիչներ Սամվել Մանասյանի (1907-1979), Դերենիկ Դանիելյանի (1912-1994), Էդդա Աբրահամյանի (1914-1957), Հովհաննես Բեջանյանի (1915-1976) հետ մեկտեղ շարունակում են արարել քանդակի բոլոր տեսակներում` մոնումենտից մինչև մանր պլաստիկա: Քարից, փայտից ու բրոնզից նրանք քանդակում են իրենց ժամանակակիցների, անցյալի ականավոր մարդկանց, ժողովրդական հերոսների կերպարներ` դրսևորելով նրանց քաղաքացիական մղումները: Այդ տարիներին ստեղծված Արա Սարգսյանի (1902-1969) «Սուրեն Սպանդարյան», «Նելսոն Ստեփանյան», «Մեսրոպ Մաշտոց և Սահակ Պարթև», Սուրեն Ստեփանյանի (1895-1971) «Խաչատուր Աբովյան», «Հովսեփ Օրբելի», Այծեմնիկ Ուրարտուի (1899-1974) «Ավետ Գաբրիելյան», «Աշոտ Հովհաննիսյան», Երվանդ Քոչարի (1899-1979) «Սասունցի Դավիթ» հուշարձաններն ու կիսանդրիները կազմում են հայկական արձանագործության գանձարանի անբաժան մասը:

1946 թ. քանդակագործների այս հզոր խմբին է միանում Բուլղարիայից հայրենիք ներգաղթած Գրիգոր Ահարոնյանը (1896-1980): Իսկ 1950-ական թթ. սկիզբը նշանավորվում է կերպարվեստի ասպարեզ մուտք գործած, հիմնականում Երևանի գեղարվեստական ինստիտուտի շրջանավարտների` Նիկողայոս Նիկողոսյանի (1918), Ղուկաս Չուբարյանի (1923-2009), Գրիգոր Բադալյանի (1922-1993), Սերգեյ Բաղդասարյանի (1923-2001), Թերեզա Միրզոյանի (1922), Խաչատուր Իսկանդարյանի (1923), Արա Հարությունյանի (1928-1999) և այլոց ստեղծագործական նվաճումներով: Շարունակելով ավագների ամուր ու հաստատուն ավանդույթները, նրանք զգալիորեն հարստացնում են հայկական քանդակը` յուրաքանչյուրը օժտվածության իր աստիճանով և ներուժով, նախասիրություններով և պլաստիկական լեզվի առանձնահատկություններով: Այս վառ, ինքնատիպ քանդակագործների արվեստում հետաքրքիր մարմնավորում են գտնում պատմության էջերը, հերոսական թեմաները, առօրյա կյանքն իր բազում դրսևորումներով:

1960-1970-ական թվականներին քանդակագործության արվեստը Հայաստանում առավել մեծ թափ է առնում, երբ հիշատակված վարպետների կողքին սկսում են ստեղծագործել նրանց կրտսեր գործընկերները` Սերժ Մեհրաբյանը (1931), Արտաշես Հովսեփյանը (1931), Արտո Չաքմաքչյանը (1933), Ֆրանց Սիմոնյանը (1935), Երվանդ Գոջաբաշյանը (1939), Հակոբ Իշխանյանը (1938), Լևոն Թոքմաջյանը (1937), Յուրի Սամվելյանը (1939-2010), Բենիկ Պետրոսյանը (1924-1993), Արա Շիրազը (1941), Յուրի Պետրոսյանը (1941), Օհան Պետրոսյանը (1941), Տարիել Հակոբյանը (1942), Ցոլակ Սիմոնյանը (1940) և ուրիշներ: Այս սերունդն առանձնանում է ազգային հնագույն ավանդույթները նորովի դրսևորելու ձգտումով, պլաստիկ կերպարների բազմազան և համարձակ մեկնաբանությամբ, դրանց գեղարվեստական արտահայտչականության նոր միջոցներով:

Հայկական քանդակի ցուցադրությունն ավարտում են 1980-1990-ականներին ճանաչում գտած շնորհալի արվեստագետներ Ալեքսեյ Պապովյանի (1941), Սամվել Ղազարյանի (1949), Գետիկ Բաղդասարյանի (1949), Նորայր Կարգանյանի (1948), Գագիկ Ղազարյանի (1947), Թադևոս Գևորգյանի (1944) և ուրիշների ուշագրավ աշխատանքները: Ազգային մշակույթի հետ ամուր թելերով կապված, համաշխարհային արվեստի հարուստ փորձով զինված` նրանցից յուրաքանչյուրը վստահորեն ներկայանում է սեփական ասելիքով` նոր ըմբռնումներ ներմուծելով հայկական քանդակի մեջ և կանխորոշելով հետագա ուղիները:

Հայկական քանդակագործության պատկերն ամփոփ չէր լինի, անշուշտ, առանց այն հեղինակների ներկայացման, որոնք ապրել և ստեղծագործել են Հայաստանից դուրս, սակայն մշտապես կապված են եղել հայրենի մշակույթի հետ` նվիրաբերելով պատկերասրահին իրենց աշխատանքները, և որոնք մեծապես նպաստել են թանգարանային ֆոնդերի ընդլայնմանը: Դրանք են Դարիա Կամսարականը (1907-1986, Ֆրանսիա), Խորեն Տեր-Հարությանը (1909-1991, ԱՄՆ), Նվարդ Զարյանը (1917-2005, Իտալիա), Զավեն Խըտըշյանը (1932, Լիբանան), Միքայել Փոլադյանը (1938, Գերմանիա),- բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված արվեստագետներ, որոնց ստեղծագործական ներդրումը հայկական արձանագործության մեջ ակնհայտ է: