Մասնաճյուղեր

Մհեր Աբեղյանի թանգարան

Էջմիածնի Մհեր Աբեղյանի թանգարանը հիմնադրվել է 1990 թ. հայրենի քաղաքին նկարչի նվիրաբերած գեղանկարչական և գրաֆիկական ստեղծագործությունների հիման վրա:

ՀԽԱՀ ժողովրդական նկարիչ Մհեր Մանուկի Աբեղյանը ծնվել է 1909 թ. Վաղարշապատ քաղաքում: Մասնագիտական կրթությունը ստացել է Երևանի Գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումում, Մոսկվայի Վխուտեինում, Լենինգրադի Պրոլետարական կերպարվեստի ինստիտուտում:

Արվեստագետը ծավալել է մանկավարժական բեղուն գործունեություն. դասավանդել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանում, Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, եղել է Հայաստանի նկարիչների միության վարչության նախագահ:
Աբեղյանը ստեղծագործել է բոլոր ժանրերում՝ բնանկարի, դիմանկարի, նատյուրմորտի և կենցաղային ժանրում: Նրա նկարչությանը բնորոշ են էպիկական շունչը, վառ լուսային և գունային հագեցվածությունը: Մ. Աբեղյանի ինքնատիպ մտածողությունը ձևավորվել է ազգային գեղանկարչության ավանդույթների հենքի վրա: Նա շատ է աշխատել ածուխով, ծայրով, սանգինայով, զբաղվել է օֆորտով, սակայն նրա նախընտրած գրաֆիկական տեխնիկան լինոփորագրությունն էր: Տպագրական այս տեխնիկայով արված աշխատանքները գրավում են կատարման վարպետությամբ, մոնումենտալությամբ, մակերեսի գեղեցիկ մշակումով ու արտահայտչականությամբ:
Մհեր Աբեղյանը մահացել է 1994 թ. Երևանում:

Հասցե` Խորենացի 2, ք. Վաղարշապատ, Արմավիրի մարզ
Հեռ.՝ (+374 231) 5-49-41