Մարտունու պատկերասրահը բացվել է 1978 թ. Մշակույթի նախարարության Նկարչական շրջիկ արվեստանոցից հատկացված ստեղծագործությունների հիման վրա: Շուրջ 200 թանգարանային առարկա` գեղանկար, քանդակ, գրաֆիկա ընդգրկող հավաքածուն ներկայացնում է 1960-1980-ական թթ. հայ կերպարվեստը, որը շարունակում էր նախորդ տասնամյակներին ձևավորված, կոմունիստական գաղափարաբանական պատգամներով ընթացող ուղին՝ «ձևով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական» կարգախոսի ներքո:
Հավաքածուն առանձնանում է նրանով, որ գործերի գերակշռող մասը ստեղծվել է պետական պատվերով` Նկարիչների տանը կազմակերպվող հանրապետական ցուցահանդեսների համար, որից հետո դրանք պահվում էին շրջիկ արվեստանոցի ֆոնդերում: Ցուցահանդեսների թեմատիկան բազմազան էր. դրանք արձագանքում էին Հոկտեմբերյան հեղափոխության ամենամյա տոնակատարություններին, Հայրենական Մեծ պատերազմում տարած սովետական ժողովրդի հաղթանակի հոբելյաններին, ինչպես նաև երկրի շինարարությանը, սպորտին, աշխատանքին, ուսմանը, հավերժական թեմային` մայրությանը, և այլն:
Այս հավաքածուն լուսաբանում է նշված տասնամյակների Հայաստանի գեղարվեստական կյանքը, ներկայացնելով մի քանի սերունդ կողք-կողքի ստեղծագործող նկարիչների աշխատանքները (բացառություն են կազմում ժողովրդական նկարիչներ Սեդրակ Առաքելյանի և Գաբրիել Գյուրջյանի կտավները): Արվեստագետների ավագ սերնդի ներկայացուցիչներից են նաև Մհեր Աբեղյանը, Երվանդ Քոչարը, Եփրեմ Սավայանը: Ցուցադրությունում ներկայացված է նրանց արժանի հետնորդների մի փայլուն համաստեղություն` Ա. Բեքարյան, Է. Իսաբեկյան, Հ. Զարդարյան, Գ. Խանջյան, Ս. Մուրադյան, Ա. Կալենց և ուրիշներ, որոնցից յուրաքանչյուրն իր տաղանդի ուժով դրսևորում էր ազգային գեղարվեստական լեզվի հատկանիշները: Կերպարվեստի այս տարիների համայնապատկերը ընդլայնում են Լ. Բաժբեուկ-Մելիքյանի, Ալ. Գրիգորյանի, Վ. Գաբուզյանի, Է. Զաքարյանի, Բ. Գրիգորյանի, եղբայրներ Հենրի և Ռոբերտ Էլիբեկյանների և շատ այլ նկարիչների գործերը, որոնք վկայակոչում են նրանց նախասիրությունները, ոճական տարբեր սկզբունքները, ինքնատիպ մտածողությունը, ընկալումներն ու մոտեցումները:
Հավաքածուում տեղ են գտել անվանի քանդակագործներ Ն. Նիկողոսյանի, Թ. Միրզոյանի, Ռ. Քյուրքչյանի, Ռ. Բադալյանի, Ս. Մեհրաբյանի, Հ. Մուրադյանի և այլոց տարանյութ դիմաքանդակներն ու թեմատիկ ստեղծագործությունները:
Հասցե` Շահումյանի 6, ք. Մարտունի, Գեղարքունիքի մարզ
Հեռ.` (+374 262) 4-36-04