Ամենավաղ ցուցանմուշները 14-րդ դարի իտալացի նկարիչների գործերն են` անհայտ հեղինակի «Աստվածամայրը», Լորենցո Դի Բիչչիի դպրոցի անհայտ վարպետի «Սուրբ Կատարինեի նշանադրությունը»: Միջնադարյան արվեստին հատուկ կանոնիկ ոճն ու կերպարների պատկերման պայմանականությունը դրանցում զուգակցվում են գործող անձանց դիմանկարային բնորոշման հետ, ինչը վկայում է նոր` աշխարհիկ միտումների առաջացման մասին: Ավելի խորն այդ փոփոխությունները նկատելի են Բոտտիչելլիի շրջանի անհայտ նկարչի «Սբ. Ծնունդ» (15-րդ դարի վերջ) նկարում: Կերպարների կենսականությունը, գծերի երգեցիկ ռիթմը, ձևերի պլաստիկությունը, բնության նոր ընկալումը, արտահայտված բնապատկերի տարածական ու լուսային լուծման և առհասարակ կոմպոզիցիայի մեջ, խոսում են Վաղ Վերածննդի շրջանի ֆլորենտական վարպետների աշխարհընկալման մեջ տեղի ունեցած կարևոր տեղաշարժի մասին:
Բարձր Վերածննդի իդեալները, մարմնավորված նոր` քաջակորով և գեղեցիկ մարդու կերպարում, զարգացրել են վենետիկցի մեծ վարպետներ Ջորջոնեն և Տիցիանը, որոնք հարստացրին արվեստը բնության նուրբ ընկալումով: Նրանց կրտսեր ժամանակակից Տինտորետտոյի (1518-1594) «Ապոլլոնը և Պանը» կոմպոզիցիան Բարձր Վերածննդի հայտնագործությունների վառ օրինակ է: Դիցաբանական թեման, մարդու օրգանական կապը բնության հետ, գունեղ կատարումը բնորոշ են վենետիկյան դպրոցին, ուստիև Տինտորետտոյի գեղարվեստական լեզվին, որ աչքի է ընկնում լավատեսությամբ ու ներդաշնակությամբ: 17-րդ դարի արվեստը ներկայացված է երկու նշանավոր վարպետների` Ջովաննի Գվերչինոյի (1591-1666) և Բեռնարդո Ստրոցցիի (1581-1644) գործերով: Բարոկկոյի և միևնույն ժամանակ կարավաջիզմի ազդեցությունը նկատելի է Գվերչինոյի` սենատոր Բարջելլինիի դիմանկարում, որն արտահայտիչ է պատկերային լուծման և գունային հարստության, արծաթագույնի, սևի և օքրայի համադրման շնորհիվ: Բարոկկոյի ոճական առանձնահատկություններն առկա են և ջենովացի մեծագույն վարպետ Բեռնարդո Ստրոցցիի (1581-1644) հեղինակած` Նիկոլա Կուչչիի դիմանկարում. սա նկարչի` այդ ժանրում արված գործերի հազվագյուտ նմուշ է, քանի որ նա նախընտրում էր կրոնական ու դիցաբանական սյուժեներ:
Հավաքածուի մի շարք երկեր նվիրված են իտալական արվեստում սիրված մի մոտիվի` Աստվածամոր պատկերին: Ֆրանչեսկո Մանչինին (1700-1758), Սեբաստիանո Կոնկան (1676-1764) և ուրիշներ պատկերել են նրա` քնարականությամբ ու ներդաշնակությամբ շաղախված կերպարը, որում նկատելի է նաև ժամանակի գեղարվեստական հոսանքների` մանիերիզմի և ակադեմիական արվեստի ազդեցությունը: Իտալական նկարիչների թվում ներկայացված են նաև բնապատկերի վարպետներ: Ջովանի Գիզոլֆիի (1623-1683)` խորհրդավոր ոգով լեցուն «Ֆիգուրներով բնապատկերը» արտահայտիչ է և իր կերպարային լուծումով: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում 18-րդ դարի անհայտ նկարիչները, որոնց բնապատկերները կրում են վենետիկյան «վեդուտայի» հայտնի վարպետ Կանալետտոյի (1697-1768) ազդեցությունը:
Իրենց ակունքներով նիդեռլանդական վաղ արվեստից սերող` գեղանկարի ֆլամանդական և հոլանդական դպրոցները ծաղկում ապրեցին 17-րդ դարում: Այս շրջանից է թանգարանում պահվող` այդ դպրոցները ներկայացնող նկարիչների աշխատանքների մեծ մասը: Եկեղեցիներն ու պալատները զարդարելու համար նախատեսված մեծադիր մոնումենտալ կտավները, որոնց պատվիրատուները հիմնականում վերնախավն ու եկեղեցին էին, պայմանավորեցին բարոկկո ոճի ծաղկումը ֆլամանդական արվեստում: Այս ուղղությունն իրեն բնորոշ դեկորատիվությամբ, դինամիզմով և պատկերման մասշտաբայնությամբ ամենից վառ և ամբողջական արտահայտությունը գտավ Ֆլանդրիայի մեծագույն նկարիչներ Պիտեր Ռուբենսի (1577-1640), Յակոբ Յորդանսի (1593-1678), Ֆրանս Սնայդերսի (1579-1657) և այլոց գործերում, որոնց արվեստը, նպաստելով ազգային ոճի ձևավորմանը, մեծ ազդեցություն է գործել առանձին վարպետների վրա: Ռուբենսի դպրոցի անհայտ վարպետի` ծաղկաշղթաներով շրջապատված Աստվածամոր պատկերի մեջ ակնհայտորեն նկատելի են մեծ վարպետի արվեստի արձագանքները: Ազգային մտածողությունը հատկապես լիարժեք կերպով է արտացոլվել հավաքածուի լավագույն կոմպոզիցիաներից մեկում` Յան Կոսսիրսի (1606-1671) «Այծամարդու հյուրընկալումը գյուղացու մոտ» նկարում: Անտիկ լեգենդը, որն արծարծված է ֆլամանդական ոգով` գործող անձանց տիպաժներով, հարուստ ներկապնակով, կոմպոզիցիոն լուծումով, ժանրային տեսարանի բնույթ է հաղորդում գործին` դարձնելով այն ազդեցիկ ու արտահայտիչ:
Ֆլամանդական նկարիչների նախասիրած ժանրերն էին նատյուրմորտը, դիմանկարը. նրանք հաճախ դիմում էին ճարտարապետական մոտիվների, եկեղեցիների ներքին տեսքի պատկերմանը: Թանգարանի հավաքածուում այդպիսի նկարչության վառ օրինակ է Պետեր Նեֆֆս Ավագի (1578-1656/61) «Գոթական եկեղեցու ինտերիերը»: Շատ հետաքրքրական են նաև Գասպար Պետեր Վերբրյուգգենի (1664-1730), Յան Ֆեյտի (1611-1661), անհայտ վարպետների մի շարք նատյուրմորտներ: Հատկապես պետք է նշել 16-րդ դարի նիդերլանդացի նկարիչ Պիտեր-Յանս Պոուրբուսի (1510-1584) և անհայտ վարպետի հազվագյուտ դիմանկարները, որոնք աչքի են ընկնում զուսպ, լակոնիկ ոճով, մանրամասների մշակումով, ինչը հատանշական էր այդ ժամանակի նկարչության համար:
Հոլանդացիների պատմական հաղթանակը 17-րդ դարում, իսպանական տիրապետությունից ազատագրվելը փոխեցին ազգային արվեստի դիմագիծը: Երկրում հաղթանակած բողոքականությունն ընդդիմանում էր եկեղեցիները կրոնական թեմաներով նկարներով զարդարելուն: Աշխարհիկ մոտիվներն իշխող են դառնում հոլանդական նկարչության մեջ, արվեստի զարգացումն ուղղորդելով նոր, ռեալիստական հունով: Հոլանդացի նկարիչների նախասիրած ժանրեր են դառնում բնանկարը, դիմանկարը, նատյուրմորտը և կենցաղային տեսարաններով հորինվածքները: Պատկերասրահի հավաքածուի մեջ հոլանդական գեղանկարի սակավաթիվ, սակայն տիպական ստեղծագործությունները ներկայացված են ինչպես առաջատար, այնպես էլ քիչ հայտնի վարպետներով. գերակշռում են կենցաղային տեսարաններ պատկերող կտավները` Կասպար Նետշերի (1639-1684) «Երգեցողության դասը», Պիտեր Կոդեի (1599-1678) «Հասարակությունը սեղանի շուրջը», գյուղական տոների գեղատեսիլ պատկերները, այսպես կոչված «կերմեսները», որոնցում զուգորդվում են բնապատկերի և առօրյա կյանքի տեսարանները, ինչպես Յոստ Կորնելիս Դրոխսլոտի (1586-1666) «Տոնական օրը», պանդոկային մոտիվները, զինվորական կյանքը պատկերող տեսարաները և այլն: Էքսպոզիցիան ներկայացնում է 17-րդ դարի հոլանդացի բնանկարիչներին, այդ թվում` տոնային գեղանկարչության տեխնիկան հմտորեն կիրառող հայտնի վարպետ Յան վան Գոյենի (1596-1656) «Դորդրեխտի տեսարան» և «Բնանկար» աշխատանքները: Մեղմ օքրայավուն շագանակագույն տոների նուրբ անցումներով աչքի ընկնող, լույսն ու օդի խոնավությունն արտահայտող նրա բնանկարները հայրենի բնաշխարհի սրտառուչ ու քնարական պատկերներն են: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում թանգարանում պահվող Ալլարտ վան Էվերդինգենի (1621-1675) «Կոտրած ծառով բնանկարը», որի առաջին պլանում գերիշխող հսկայական ոլորուն բնով ծառը առանձնահատուկ դրամատիզմ է հաղորդում բնանկարային կերպարին:
Հոլանդիայում լայն տարածում է գտնում այսպես կոչված «իտալականացնող բնանկարը», որը ներկայացված է Կորնելիս վան Պուլենբուրգի (1586-1667) «Տեսարան Հռոմեական Կամպանյայում», Կարել Դյուժարդենի (1622-1678), Ֆրեդերիկ Մուշերոնի (1635-1686) աշխատանքներով: Այդ ուղղության որոշ վարպետներ, նույնիսկ այցելած չլինելով Իտալիա, մեկնաբանում էին նրա կերպարը կոնկրետ մոտիվների և մանրամասների հանդեպ հոլանդացիներին հատուկ ուշադրությամբ, ինչը կենսունակություն էր հաղորդում պատկերված տեսարաններին:
Հոլանդական տան հարդարանքի անկապտելի մասն են միշտ եղել նատյուրմորտներն ու դիմանկարները: Պատկերասրահում պահվում են հոլանդական նատյուրմորտի կարկառուն վարպետներ Պիտեր Կլասի (1597-1661), Աբրահամ վան Բեյերենի (1620/21-1690), Վիլլեմ Կլաս Հեդայի (1594-1680/82) դպրոցի ներկայացուցիչների վրձնին պատկանող հոյակապ նմուշներ: Դրանք ընդգծում են հոլանդացիների կենցաղային առարկաների իրեղեն ու նյութական բնույթը՝ կատարման եղանակով, գունային ու լուսային հարաբերությունների նրբության շնորհիվ հասնելով բանաստեծականության:
Հոլանդական դիմանկարում գերիշխողն ավելի շուտ տիպականն է, քան անհատականը: Մատիաս Ստոմերի (մոտ 1600-1672) «Դրամափոխը» կոմպոզիցիան գրավում է տիպականի սուր արտահայտությամբ, պատկերվածի սոցիալական բնութագրմամբ: «Փոքր հոլանդացիներ»՝ այսպես են հաճախ կոչում այդ ոչ մեծ երկրի վարպետներին, որտեղ նկարը դարձել էր կյանքի անբաժան մասնիկը, խթանելով արվեստի գործերի պահանջարկը. հաճախ այս բնորոշումը վերաբերում է ոչ միայն նկարների կամերային բնույթին, այլև առօրյա թեմաների հանդեպ հոլանդական արվեստի հակմանը:
Ի տարբերություն մյուս արևմտաեվրոպական գեղարվեստական դպրոցների` ֆրանսիական արվեստը ներկայացված է առավել ամբողջական ձևով և ներառում է ամենից երկար ժամանակահատվածը` 17-ից մինչև 20-րդ դարերը: 18-րդ դարի հայտնի վարպետներ Ժան Օնորե Ֆրագոնարի (1732-1806), Ֆրանսուա Դրուեի (1727-1775), Կարլ Վանլոոյի (1705-1765), Ժան Բատիստ Գրյոզի (1725-1805) աշխատանքները կազմում են ֆրանսիական հավաքածուի կարևոր մասը: Տոգորված ռոկոկո ոճին հատուկ հեդոնիստական ոգով, թատերակայնության, դեկորատիվիզմի, դիցաբանական սյուժեների հանդեպ սիրով, այդ նկարիչների աշխատանքները լուսաբանում են իրենց ժամանակի` զգացականությամբ և կյանքի բոլոր բարիքները վայելելու ձգտումով լեցուն մթնոլորտը: Ֆրագոնարին վերագրվող «Ռինալդոն և Արմիդան» ռոկայլ ոճի բնորոշ կոմպոզիցիաներից մեկն է: Տորկվատո Տասսոյի «Ազատագրված Երուսաղեմ» պոեմից փոխառած սյուժեն շատ տարածված էր այդ ժամանակի արվեստում, մարմնավորվելով երաժշտության ու գեղանկարի մեջ. հիշենք Ժան-Բատիստ Լյուլլի (1632-1687) և Ֆրանսուա Բուշեի (1703-1770) ստեղծագործությունները: Կերպաների պատկերավորման եղանակը, բնապատկերի դեկորատիվությունը, հարուստ գունավորումը արծաթագույն-կանաչ-վարդագույն երանգներով, գծերի և ձևերի մեղմ անցումները, որոնք կերպարներն օժտում են լիարյուն կենսականությամբ, պայմանավորում են նկարի բարձր գեղարվեստական արժեքը: Եվ չնայած Ֆրագոնարի հեղինակությունը կասկածի տակ է առնվում, այս գործը իր արժանի տեղն է գրավում հավաքածուի գլուխգործոցների շարքում: Գրյոզի «Աղջկա գլխանկար» պատկերում գործող անձանց բարետես ու քաղցրիկ արտաքինը, նուրբ, բաց երանգներով ներկապնակը, հարթ ֆակտուրան երբեմն ջնջում են սահմաները ռոկոկոյի և սալոնային արվեստի միջև, որը զգալի ազդեցություն է գործել Գրյոզի կայացման վրա: Եվրոպայում և Ռուսաստանում մեծ համբավ վայելող Էլիզաբեթ Վիժե-Լեբրենի (1755-1842) «Իշխանուհի Մենշիկովայի դիմանկարը դստեր հետ» նույնպես կրում է սալոնային արվեստի արձագանքները, այն միևնույն ժամանակ միավորում է սենտիմենտալիզմի և կլասիցիզմի բնորոշ գծերը:
Թանգարանի ցուցադրման մեջ առավել հետևողականորեն արտացոլված է ֆրանսիական բնապատկերի զարգացումը: Այն ներկայացված է սկսած 17-րդ դարից, Նիկոլա Պուսսենի աշակերտ Գասպար Դյուգեից (1613/15-1675), որը զարգացնում էր կլասիցիզմի ոճական ավանդույթները՝ մեծ ուշադրություն դարձնելով լուսավորության խնդիրներին, ինչը տարածականություն, դրամատիզմ ու լարվածություն է հաղորդել նրա բնապատկերներին: Լույսի խաղի հանդեպ հետաքրքրությունը նաև 18-րդ դարի հայտնի ծովանկարիչ Ժոզեֆ Վեռնեի (1714-1789) բնանկարչության բնորոշ գիծն է. նա պատկերում էր նավակոծություններ, լուսնյակ գիշերներ, մայրամուտ և թարմացրել է ժանրը իրականության նշաններով: Հավաքածուի մեջ ներկայացված է նաև ժամանակակից կրտսեր Հյուբեր Ռոբերի (1733-1801) գործերի մի շարք, որում արտացոլված են Իտալիայի բնության ու հուշարձանների սեփական ընկալումը: Վեհությամբ լեցուն անտիկ ավերակները նկարիչն աշխուժացնում է իրենց առօրյա գործերով զբաղված մարդկանց ֆիգուրներով, ինչը կենսականություն և հուզական հնչեղություն է հաղորդում նրա կոպոզիցիաներին: Ռեալիստական ավանդույթների զարգացումը 19-րդ դարի ֆրանսիական արվեստում կապված է բարբիզոնյան դպրոցի բնանկարիչների հետ: Դպրոցի առաջնորդ Թեոդոր Ռուսսոյի (1812-1867) «Բնապատկերին» հատուկ է մոնումենտալությունը, ամբողջականությունը, ռոմանտիկ հնչողությունը: Ռոմանտիկ է նաև Դիաս դե լա Պենյայի արվեստը. այս վարպետը, որ նկարել է խորհրդավոր բնապատկերներ, ժամանակի ընթացքում Ռուսսոյի ազդեցությամբ փոխեց իր գեղարվեստական ոճը, որը ավելի իրապաշտական դարձավ: Ռեալիստական միտումները շարունակում են զարգանալ ռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչ Գյուստավ Կուրբեի (1819-1877) ստեղծագործության մեջ, սակայն թանգարանի հավաքածուում պահվող «Աղջկա գլուխը» նրա վաղ ստեղծագործություններից է և տոգորված է ռոմանտիզմի ոգով, որն, ինչպես հայտնի է, նույնպես խորթ չէր նկարչին: Գեղանկարի հավաքածուում իմպրեսիոնիզմի նախորդներ Ադոլֆ Մոնտիչելլիի (1824-1886), Էժեն Բուդենի (1824-1896) գործերի առկայությունը, ավելի ուշ շրջանի հեղինակների` Լուի Անկետենի (1861-1932), Մորիս Բրիանշոնի (1899-1979), Բերնար Բյուֆֆեի (1928-1999) առանձին կոմպոզիցիաները հնարավորություն են ընձեռում որոշ պատկերացում կազմելու նոր ժամանակների ֆրանսիական նկարչության զարգացման մասին:
Հավաքածուն ընդհանուր գծերով բնորոշելիս պետք է հիշել նաև մեկական կամ մի քանի գործերով ներկայացված տարբեր երկրների նկարիչներին` Մարիանո Ֆորտունիի (1838-1874) և իսպանական դպրոցի անհայտ վարպետների աշխատանքները, անգլիացի, ռումինացի արվեստագետների կոմպոզիցիաները և հեղինակի նվիրաբերած` հայտնի ամերիկացի նկարիչ Ռոքուել Քենթի (1882-1971) մի շարք գործեր, որոնք հետագայում կարող են հիմք դառնալ արտասահմանյան արվեստի հավաքածուի նոր բաժիների համար: