Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

07.12.2024 - 31.01.2025

Վահրամ Գայֆեճյան – 145 Վերացականության ակունքներում

Վահրամ Գայֆեճյանի 145-ամյակին նվիրված ցուցահանդեսում ներկայացված «Դեկորատիվ մոտիվներ» և «Գունային կոմպոզիցիաներ» շարքերը (1902–1907) նկարչի ստեղծագործության ամենավաղ՝ մոսկովյան, մոդեռն-սիմվոլիստական շրջանից մեզ հասած բացառիկ գոհարներ են։ Խորհրդային շրջանում նկարիչը գաղտնի էր պահում այդ «վտանգավոր» գործերը, և միայն իր մահից հետո դուստրը, արվեստաբան Էլլեն Գայֆեճյանը հայտնաբերեց, ասպարեզ հանեց, ուսումնասիրեց դրանք։ Պատանի Վ․ Գայֆեճյանը դրանք ստեղծելիս լրջորեն տարված էր մոդեռնի դարաշրջանի ծրագրային գաղափարներով՝ ուղղված ներքին, անտեսանելի, ոգեղեն էությունների և զգացումների երևակմանը արվեստի լեզվի համապարփակ նորացման միջոցով, զուգորդական և ինտուիտիվ եղանակներով: Այդ ճանապարհին նա տեսողական պատկերը մերձեցնում է երաժշտությանը՝ կանխազգալով վերացական արվեստի ռահվիրա Վասիլի Կանդինսկու սինեսթեզիայի գաղափարը։

05.12.2024 - 12.12.2024

Նվիրատուներ և նվիրատվություններ. Զարեհ Մութաֆյան

«Նվիրատուներ և նվիրատվություններ. Զարեհ Մութաֆյան» ցուցահանդեսը ներկայացնում է արվեստագետի մոնոգրաֆիկ հավաքածուի մի մասը: Ցուցադրված են ինչպես նկարչի որդու` Կլոդ Մութաֆյանի վերջին նվիրատվությունը, այնպես էլ Զարեհ Մութաֆյանի լավագույն ստեղծագործությունները պատկերասրահի հավաքածուից:

01.11.2024 - 01.03.2025

Երվանդ Քոչար – 125. Հատելով ժամանակ և տարածություն

Հայաստանի ազգային պատկերասրահի, Երվանդ Քոչարի թանգարանի և ընտանիքի համագործակցությամբ իրականացվող հոբելյանական ցուցահանդեսը հնարավորինս համապարփակ ներկայացնում է արվեստագետի ստեղծագործական ուղին` ընդգրկելով տարբեր տարիների նրա գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ ու տարածական երկեր:

09.10.2024 - 22.11.2025

Սիրավյանի Փարաջանովը

«Սիրավյանի Փարաջանովը» ցուցահանդեսը նվիրված է Հենրիկ Սիրավյանի 95-ամյա և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին և ներկայացնում է Փարաջանովին պատկերող Սիրավյանի հինգ տասնյակից ավելի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքները: Ցուցադրությունը ներառում է նաև կինոռեժիսորի թանգարանի հավաքածուից գործեր, որոնք առավել ընդգրկուն են դարձնում Փարաջանովի «սիրավյանական» կերպարը:

31.07.2024 - 08.09.2024

Նոր Մատերիա. Սերգեյ Ջավադյանի հայկական վերացականության հավաքածուն

Առաջին անգամ ցուցահանդեսում մեկտեղված ընտրանին նշանավորում է ժամանակակից հայ արվեստի պատմության շրջադարձային մի պահ՝ ցույց տալով գեղարվեստական նորարարության և ինտելեկտուալ հետազոտության այն ապշեցուցիչ ալիքը, որը քսանմեկերորդ դարի սկզբին հիմնովին ձևափոխելու էր հայկական տեսողական մշակույթը:

15.06.2024 - 17.07.2024

Ռոբերտ էլիբեկյան․ Միստերիաներ

Հայաստանի ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը XX դարի 2-րդ կեսի հայկական «ազգային մոդեռնիզմի» նշանավոր վարպետներից է։ Նրա արվեստը միշտ թարմ է, քանզի հղում է հավերժականին՝ Գեղեցիկին, Սիրուն, Լույսին, Հոգևորին։ 1960-ականների կեսերից այն հաստատվեց վերելք ապրող հայ կերպարվեստում որպես մի ինքնատիպ և բացառիկ երևույթ։ Վարպետի ներդրումը մեծ է ոչ միայն գեղանկարչության, այլև գրաֆիկայի և բեմանկարչության ասպարեզներում։ Ռ․ Էլիբեկյանի թատերական ձևավորումները առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում և սույն ցուցադրության մեջ ներկայացվում են գեղանկարչությանը զուգահեռ։ Դիտողն անպայման կնկատի դրանց թեմատիկ, հորինվածքային, գեղարվեստական ընդհանրությունները, քանի որ թատրոնի թեման առանցքային է նկարչի արվեստում։

07.06.2024 - 05.07.2024

Նվիրատուներ եվ նվիրատվություններ. Վալմարի ինքնատիպ հավաքածուից

«Նվիրատուներ և նվիրատվություններ. Վալմարի ինքնատիպ հավաքածուից» ցուցադրությունը ներկայացնում է Հայաստանի ժողովրդական նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մարգարյան) դեռևս 1970-ականներից ձևավորված հավաքածուն: Այն ընդգրկում է հայ կերպարվեստի նշանավոր արվեստագետների գեղանկարչական ու գրաֆիկական գործերի միայն մի մասը (շուրջ 60 գործ)՝ հավաքագրված գնումների, փոխանակման և նվիրաբերության միջոցով:

01.06.2024 - 01.03.2025

Իտալական արվեստի դրվագները Հայաստանում

Հայաստանի ազգային պատկերասրահը և Հայաստանում Իտալիայի դեսպանությունը ներկայացնում են «Իտալական արվեստի դրվագները Հայաստանում» ցուցադրությունը` նվիրված Իտալիայի պատմության նշանավոր իրադարձությանը` Հանրապետության հռչակմանը:

02.05.2024 - 07.05.2024

Մշակութային երկխոսություն

Հայաստանի ազգային պատկերասրահը և Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը մայիսի 2-7-ը ընձեռում են բացառիկ հնարավորություն` տեսնելու Հնդկաստանի հանրահայտ Աջանտայի քարանձավների որմնանկարների` բնօրինակի արժեք ունեցող եզակի նմուշները։

09.04.2024 - 05.05.2024

Մոդեռն ոճը Հայաստանի ազգային պատկերասրահում

Մոդեռն ոճը միջազգային խոշոր շարժում է, որն առաջացել է 19–20-րդ դարերի սահմանագծի արվեստում և գեղարվեստական սկզբունքների ընդհանրությամբ հանդերձ՝ յուրովի է դրսևորվել տարբեր երկրներում: Այն հայտնի է Բելգիայում և Ֆրանսիայում «ար նուվո», Գերմանիայում՝ «յուգենդշտիլ», Ավստրո-Հունգարիայում՝ «սեցեսիոն», Ռուսաստանում՝ «մոդեռն ոճ» և այլ անուններով:

Մշտական
ցուցադրություն

Բաշինջաղյան Գևորգ Զաքարի

Սևանա լիճը և կղզին գիշերով (1884)

կտավ, յուղաներկ
28,7x39,5 սմ