Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

02.10.2013 - 30.10.2013

«Սերունդների երկխոսություն, Առօրյա կյանք»Լիտվական լուսանկարչություն

Սույն ցուցահանդեսը տեսողական մի ակնարկ է լիտվական առօրյա կյանքի մասին: Այն վերջին կես դարում ի հայտ բերեց մշտապես փոփոխվող բազում հարցեր, ուղղություններ և դիրքորոշումներ: Այդ ժամանակահատվածում ձևավորվել է լուսանկարիչների երեք սերունդ` իրենց ուրույն թեմաներով ու ոճով: Նրանք մշտապես անդրադարձել են իրենց ժամանակի ամենակարևոր հարցերին, դիմել են առօրյա կյանքի տարբեր կողմերին, խոսել իրենց հատուկ վիզուալ լեզվով: Քաղաքական իրադարձությունները, գաղափարախոսություններն ու տնտեսական իրավիճակը նույնպես մեծ ազդեցություն են թողել. մարդկանց առօրյա կյանքն ու սովորությունները զգալի փոփոխությունների են ենթարկվել, փոխվել են նաև գեղարվեստական արտահայտման միջոցները: Չնայած այս ամենին, լուսանկարիչների ուշադրության կենտրոնում միշտ եղել են մարդիկ և նրանց շրջապատը: 
Առօրյա կյանքը շատ բան է ներառում իր մեջ: Իրականում (որոշ բացառություններով) մեր ողջ կյանքը կառուցված է ըստ այդմ: Առօրյա կյանքում ամեն ինչ ինքնըստինքյան պարզ է թվում, միևնույն ժամանակ ամեն ինչ նշանակալի է: Առօրյա աշխարհը իրական կյանքն է: Մարդիկ իրենց մոտ են զգում այդ իրականությանը, իմաստավորում են դա, կազմակերպում իրենց ֆիզիկական «այստեղ»-ի և անմիջական «հիմա»-ի շուրջ: Միևնույն ոլորտների, իրադարձությունների, մարդկանց և նրանց բնավորությունների ու սովորությունների առօրյա կրկնությունն ու ընթացքը ստեղծում են որոշակի սոցիալական տարածք, որը դանդաղ ներթափանցում է մարդկանց, գաղափարների, պահանջների, մշակութային արժեքների և իրադարձությունների մեջ` միավորելով կամ առանձնացնելով դրանք, սահմանելով դրանց անհատական և յուրահատուկ նշանակություններն ու փոխհարաբերությունները, մշտապես ստեղծելով տեսողական նոր կաղապարներ: Առօրյա կյանքը կազմվում է ձեռակերտ իրերից, գաղափարներից, խորհրդանիշներից, հասարակական կապերից և արժեքներից: Լուսանկարելու ընթացքում յուրաքանչյուր հեղինակ ուշադրություն է դարձնում և շեշտում այն ասպարեզը, որն առավել հետաքրքիր է իրեն: 
Ցուցահանդեսի նպատակն է` ներկայացնել տարբեր ժամանակների լուսանկարիչների պատկերած առօրյա կյանքը: Արվեստագետներին, անկախ իրենց ընտրած արտահայտչամիջոցներից, միավորում է կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքը դրսևորելու ցանկությունը` ինչպիսին էլ որ եղել է պատմաքաղաքական համատեքստը: Նրանց արվեստը ձգտում է ճանաչել և իմաստավորել մեր ներքին և արտաքին աշխարհը: Յուրաքանչյուր արվեստագետ գտնում է իր ուրույն տեսակետը և արտահայտում այն իրեն բնորոշ ոճով:
1960-70-ականներին ակտիվ ստեղծագործած ավագ սերունդը ներկայացնում են լիտվական լուսանկարչության դասականները` Անտանաս Սուտկուսը, Ալեքսանդրաս Մացիյաուսկասը, Ռոմուալդաս Ռակաուսկասը, Ալգիմանտաս Կունչիուսը, Ռոմուալդաս Պոժերսկիսը: Նրանց աշխատանքը հատկորոշում և խորացնում է շրջապատող իրականության մեր ըմբռնումը: Առօրյա կյանքի մշտական թեմաները հանդես են գալիս արդեն ամբողջովին նոր լույսի ներքո: Գյուղական շուկա, ընտանեկան հավաք կամ խանութի դատարկ պատուհաններից այն կողմ անդեմ մի անցորդ, - այս ամենը նպատակ ունի ճանաչելու և իմաստավորելու ներաշխարհը, որը ո′չ նախկինում, ո′չ էլ հիմա հնարավոր չէ բնութագրել անցողիկ ժամանակի նշանային նեղ համակարգի սահմաններում:
Լուսանկարիչները սոցիալական բախումներ չեն հրահրում, նրանք լուսաբանում և վեր են հանում գոյության համընդհանուր խնդիրներ: Ավանգարդ ոճի լուսանկարիչներ Վիտաս Լուցկուսը և Ալգիրդաս Շեշկուսը նույնպես պատկանում են ավագ սերնդին, սակայն խոսում են արդեն տեսողական այլ լեզվով: 1980-1992 թվականներին ձևավորված սերունդը որդեգրել է արտահայտման այլևայլ սկզբունքներ: Այդ հեղինակներից շատերի ստեղծագործությունները բնութագրվում են վերլուծական, ներանձնական հատկություններով, ինքնարտացոլմամբ և մեր շրջապատի նկատմամբ տածած զուսպ ակնածանքով: Լուսանկարչությունը խաղ է նրանց համար, և նրանք խաղում են իրենց իսկ ստեղծած կանոններով: Նրանք չեն հրաժարվում սեփական էսթետիկայից նույնիսկ ամենասովորական շրջապատը պատկերելիս:
2000-2012 թվականներին ի հայտ եկած լուսանկարիչների սերունդը, որի ներկայացուցիչներն են Արտուրաս Վալիաուգան, Մինդաուգաս Կավալիաուսկասը, Գինտարաս Չեսոնիսը, Դոնատաս Ստանկևիչիուսը և Մինդաուգաս Աժուշիլիսը, արդեն խոսում են այսօրվա լեզվով: Նրանց ստեղծագործությունը բնութագրվում է տարբեր միջավայրերի, մարդկանց խմբերի վերլուծությամբ որպես երևույթների, որին, ի մի բերելով, փոխարկելով իրենց առանձնահատուկ փորձառությունը, կյանքի իրադարձություններն ու մտքերը, հաճախ որոշակի սառնություն են հաղորդում: Նրանց լուսանկարչությունն այլևս ինքնաբուխ չէ, այն հաշվարկված է և խորապես մտածված:
Ցուցահանդեսի համադրող` Գինտարաս Չեսոնիս և Եվա Մեյլուտե-Սվինկունիենե:

Մշտական
ցուցադրություն

Շիրազ Արա Հովհաննեսի (Կարապետյան Արամազդ)

Մարո

պղինձ, ձուլում
38x18x10 սմ