Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

05.11.2013 - 00.00.0000

Ռոմանոս Սարգսյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդես

 Նոյեմբերի 5-ին ժամը 15-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում կբացվի Ռոմանոս Սարգսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը:

Ծնունդով թբիլիսցի արվեստագետը սովորել է Լենինգրադի /Ս. Պետերբուրգ/ Վ.Սերովի անվ.գեղարվեստի ուսումնարանում, ապա` Ի. Ռեպինի անվ. գեղարվեստի ակադեմիայում: Մինչև 1961 թ. ապրել է Մոսկվայում, այնուհետև` Երևանում:  Ողջ կյանքի ընթացքում ստեղծագործելուն զուգահեռ զբաղվել է մանկավարժությամբ, դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում /ղեկավարել է գեղանկարի և կոմպոզիցիայի ամբիոնը, եղել է պրոռեկտոր/: 1983 թվականին նրան շնորհվել է Արվեստի վաստակավոր գործչի կոչում: Ռ. Սարգսյանն աշխատել է զանազան ժանրերում, նրա ստեղծագործությունները ռեալիստական արվեստի արժեքավոր նմուշներ են:  ՀԱՊ-ում կազմակերպվող ցուցահանդեսը Ռոմանոս Սարգսյանի առաջին պատկերահանդեսն է հայրենիքում: Կներկայացվի հեղինակի ընտանիքի հավաքածուի որոշ մասը:                                                                                  

 Ռոմանոս Սարգսյան (1928-1985)

Գեղանկարիչ Ռոմանոս Սարգսյանը մոտ անցյալի այն արվեստագետներից է, որ առ այսօր շարունակում է ապշեցնել իր արվեստի վեհությամբ և բարձր վարպետությամբ: Նկարչի բարոյական տոկունությունը դրսևորվել է ինչպես գեղանկարչության, այնպես էլ մանկավարժության ասպարեզում: Երկար տարիներ նա եղել է Գեղարվեստա-թատերական ինստիտուտի պրոռեկտոր, որպես դասախոս բարձր է գնահատել բոլոր իր ուսանողներին, նրանց համարել է վառ անհատականություններ և ապագա գործընկերներ:

 Դասավանդումը նրա համար եղել է նույնքան կարևոր, որքան անմիջական ստեղծագործական աշխատանքը: Յուրացնելով Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայի սկզբունքները, Ռ. Սարգսյանը դրանք կիրառել է մանկավարժական գործունեության մեջ: Գեղանկարչական պրոֆեսիոնալ գրագիտության հետ մեկտեղ Ռ. Սարգսյանը ուսանողներից պահանջում էր  չանտեսել ստեղծագործության հուզական ազդեցությունը, քանի որ պատկերը կարելի է դիտարկել ոչ միայն գույների և գծերի համադրում , այլ նաև բովանդակային ներազդեցության տեսանկյունից:

Ռ. Սարգսյանը երբեք չի հակադրվել սիստեմին և պաշտոնական արվեստին, չի էլ հարմարվել ղեկավար կարգախոսներին: Իր ողջ կարողությունն ու տաղանդը արտացոլվել է ամեն ստեղծագործության մեջ: Մեր օրերում նրա, մահվանից տարիներ անց պարզ է դառնում նրա էության հատկանշական գիծը. բարոյական բարձր պաթոսը և համոզմունքը, որ յուրաքանչյուր ստեղծագործություն պետք է ունենա ոչ միայն գեղարվեստական, այլև հոգևոր արժեքներ:

Ռ. Սարգսյանի արտասովոր երփնագրային ձիրքը ապշեցնում է իր հզորությամբ: Նա ստեղծագործում էր բնանկարի, դիմանկարի, նատյուրմորտի ժանրերում, շարունակ ներդնելով զգացմունքային և գաղափարային նորույթները: Նրա հայկական կամ ռուսական բնանկարները կարծես թույլ են տալիս դիտորդին ինքնամոռաց խորասուզվել պատկերի մեջ, զգալ ներքին կապերի ամրությունն ու հստակությունը, երախտագիտության զգացմունք են արթնացնում բնության հանդեպ:Եվ որքան էլ սովորական է թվում բնօրինակը, նկարիչն այն դարձնում է բացառիկ, խորհրդավոր և հրապուրիչ: Դրանով է արվեստագետի վարպետությունը` ստիպել հանդիսատեսին  աշխարհին նայելու իր սեփական աչքերով: Ռոմանոսին պետք չէին դրա համար ո’չ դրամատիկ կերպարներ, ո’չ դինամիկ գործողություն կամ այլաբանությունների քողարկված լեզու: Նրա աշխատանքները չափազանց բնական են , բայց ամենևին էլ իրականության ուղղակի արտացոլում չեն: Նրա գլխավոր թեման մարդու ներքին աշխարհն է և շրջապատի կապն այդ աշխարհի հետ, նկարիչը դա բացահայտում է իր հզոր երփնագրի միջոցով:

Ռ. Սարգսյանը փորձում է արտացոլել և փառաբանել տիեզերական գեղեցկությունն ու կատարելությունը: Նրա յուրաքանչյուր բնանկար որոշակի հոգեվիճակների արտահայտությունն է:

 

Նրա նատյուրմորտները բացահայտում են արվեստագետի հիացմունքը բնության կատարելությամբ: Թվում է, Ռ. Սարգսյանի գեղանկարչության տեխնիակական կատարելությունը բավական է հաջողակ համարվելու համար: Սակայն նկարիչը յուրաքանչյուր ստեղծագորության մեջ   ձգտում է համաձայնեցնել գեղագիտական ապրումները  անհայտության հուզիչ, երբեմն դրամատիկ սպասումների հետ:Առավել ցայտուն է դրսևորվել այդ միտումը նրա դիմանկարներում :Նկարչի համար միևնույն է, ով է նստած իր առջև` հարազատը, թե անծանոթը: Ամեն բնորդի մեջ նա տեսնում է թաքնվածը, և դիտողը հավատում է նրա սուբյեկտիվ մեկնաբանումներին: Այս ամենը հաստատում է, որ Ռ. Սարգսյանը իսկական նկարիչ է, որը ձգտում է բացահայտել իր արվեստում հարափոփոխվող կյանքի գաղտնիքները: Ահա թե ինչու նրա բեղուն տաղանդը և կյանքի ծարավը բացահայտվեցին ոչ միայն կերպարվեստում,այլև պոեզիայում, որի մասին քչերը գիտեն:

Մարինա Ստեփանյան

                                        



Մշտական
ցուցադրություն

Կայսերական ճենապակու գործարան

Ափսե ՙԱնձնական՚ սպասքից (1756)

ճենապակի, ոսկեզօծում, վերջնարակյա նկարազարդում, գուներանգում, կաղապարում, ռելիեֆ
տրմ.25 սմ