Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

29.11.2013 - 13.12.2013

Սուրեն Սաֆարյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես

 Նոյեմբերի 29-ին, ժամը 15-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում կբացվի ՀՀ ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի  90-ամյակին նվիրված ստեղծագործությունների  ցուցահանդեսը:

Իր ստեղծագործական նվաճումներով Սուրեն Սաֆարյանի արվեստը նշանավորել է դարաշրջանի ճշմարիտ շունչն ու ոգին: Ժամանակի առաջատար գաղափարներին դավանած, գեղանկարչական տարբեր դպրոցներին ու ուղղություններին, համաշխարհային կերպարվեստի գլուխգործոցներին քաջ ծանոթ նկարիչն ընդլայնել է ռեալիզմի ընկալման սահամանները՝ ստեղծելով  ինքնատիպ ու արդիաշունչ արվեստ: 
Սաֆարյանը հայկական կերպարվեստ մուտք է գործել որպես թեմատիկ-կոմպոզցիոն, ժանրային նկարների, հոգեբանական-զուսպ դիմանկարների, հավաքական-քնարական բնապատկերների  վարպետ: 
Ստեղծագործական լայն ընդգրկման տեր արվեստագետն աշխատել է  գեղանկարի, ունիկալ ու տպագրական գրաֆիկայի բնագավառներում, աչքի ընկել տեխնիկական բազմազան ու ինքնատիպ հնարներով: Նկարչի ստեղծագործության  կարևոր տեղ ունեն արտասահմանյան նկարաշարերը, ճամփորդական ճեպանկարներն ու  էտյուդները: Տեղական կոլորիտի յուրօրինակությամբ հագեցած, գծանկարի պլաստիկ ու ամուր արտահայտչականությամբ բնորոշվող գրաֆիկական թերթերը պատկերում են Բուդապեշտի, Նադմարոշի, Բոլոնյայի քաղաքային տեսարաններ, շենքերի, հուշարձանների ու կամուրջների ուրվանկարներ, մարդկային տիպական կերպարներ, որոնք ունեն կենդանի տպավորության ու սուր դիտողականության կնիք:  
Նկարչի ընտանիքի հավաքածուից ցուցադրվող շուրջ հինգ տասնյակ գրաֆիկական թերթերի մեծ մասը ներկայացվում է առաջին անգամ: Կամերային ռետրոսպեկտիվ ցուցադրությունն ընդգրկում է արվեստագետի ստեղծագործության նշանակալից բոլոր փուլերը:  
 
 
 
 
 

Մշտական
ցուցադրություն

Առաքելյան Սեդրակ Առաքելի

Կուլտուրան սարերում (տարբերակ) (1936)

կտավ, յուղաներկ
87x125 սմ