Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

05.06.2014 - 05.07.2014

Աշոտ Խաչատրյան «Կարմիրի 60 երանգներ» ցուցահանդես

 Հայաստանի ազգային պատկերասրահում բացվող «Կարմիրի 60 երանգերը » ցուցահանդեսը առաջին անգամ է ծանոթացնում հանդիսատեսին  պետերբուրգյան հայտնի նկարիչ Աշոտ  Խաչատրյանի  ստեղծագործության հետ: Նա Սանկտ Պետերբուրգի Նկարիչների միության վարչության անդամ է, «Սանկտ Պետերբուրգի նկարիչ»  լրագրի համահիմնադիր և գլխավոր խմբագիր, Ռուսաստանում  և արտերկրում բազում ցուցահանդեսների կազմակերպիչ և մասնակից, նաև հասարակական ակտիվ գործիչ :

Նկարիչ Աշոտ  Խաչատրյանի  դեռևս վաղ ստեղծագործություններն աչքի են ընկնում կատարման թեթևությանբ և ազատությամբ: Նա, ստեղծագործական հարցերում լինելով նեղ ակադեմիական  մոտեցումների սկզբունքային հակառակորդ, գերադասում է զարգացնել  երփնագրի անսահման հնարավորությունները: Նկարիչը ստեղծագործել է տարբեր ժանրերում` նատյուրմորտ, բնանկար, դիմանկար և սիմվոլիկ բնույթի բարդ հորինվածքներ: Յուրաքանչյուր նկար ունի իր գունային լուծումը: Նկարիչը յուրաքանչյուր նոր գործում փորձում է ընդլայնել գույնի, տոնայնության, վալյորների կիրառման հնարավորությունները, առանձնակի հակում ունի իրար լրացնող կարմիր և կանաչ գույների հանդեպ: Պատահական չէ, որ Ա. Խաչատրյանի  արվեստին նվիրված հոդվածները վերնագրել են «Կարմիր երանգների աշխարհ» /Ա. Դմիտրենկո/ , «Կարմիրը և կանաչը» /Լիզա Վերտին/:Ա. Խաչատրյանը  գծանկարը որպես պատկերի հիմք չի առանձնացնում բուն երփնագրից, ձևերը կերտվում են գույնով: Նա մեծ ուշադություն է  հատկացնում հորինվածքի կառուցմանը, համարելով  այն ճշգրիտ գիտություն,  սակայն սկզբունքային այլ մոտեցման կողմնակից լինելով, գերադասում է ինտուիտիվ միջոցով մոտենալ աշխատանքի ընթացքում կտավին ձևավորվող իդեալին: Նկարիչը շատ է  կարևորում կատարման տեխնիկան, ձգտում է բացահայտել իր գեղանկարի բազմաշերտ հարստությունը: Իր մտահղացումները իրականացնելու համար նա երբեմն փոքրիկ էսքիզներ է կատարում, որոնք ինքնուրույն նշանակություն են ստանում յուրատեսակ կամերտոնի դեր կատարելով:

Նրբազգաց կիրառվող ռիթմի համապարփակ կատեգորիան որոշում է Աշոտի լավագույն գործերի ներքին կառուցվածքը: Դա հնարավորություն է տալիս իրեն` գեղանկարի յուրովի խնդիրները լուծելով հանդերձ,  դիմել այնպիսի թեմաներին, ինչպես «Պոեզիա» (2010), ուր բնությունը մարմնավորում է մարդկային ֆիգուրը: Մարդու և հարազատ հողի միասնության թեման արտահայտված է մի շարք այլ պատկերներում` ֆիգուրները կարծես բնությունից են առաջանում, շարժման մեջ համահունչ են լեռնային բարձրունքներին:

Իր կտավներում նկարիչը ձգտում է իր խոսքը թերավարտ թողնել, տեղ տալով հանդիսատեսի անձնական ապրումներին: Թերևս այդ պատճառով նա խուսափում է կոնկրետ անվանումներից: Այդպիսին է «Եռանկարը» ` դրա պատկերները միասնական են , բայց կարող են նաև առանձին ցուցադրվել: Մարդկային կյանքն այստեղ բնական ցիկլի մի մասն է կազմում` Մայրություն, Հասունություն, Ծերություն...

Աշոտ Խաչատրյանն իրեն դիմանկարիչ չի համարում, սակայն երբեմն դիմում է նաև այս ժանրին: Նշենք Լևոն Լազարևի դիմանկարը , ուր մեծ հաջողությամբ է արտահայտված քանդակի հմուտ վարպետի` սիրալիր, բայց միաժամանակ ուժեղ կամքի տեր մարդու բնավորությունը:

Գեղանկարիչը իր վերջին կտավներում հանգում է մտահղացումների մարմնավորման էլ ավելի ընդգծված ամբողջականությանը: Մանրուքներն ու մանրամասները չեն թաքցնում ամենակարևորը` կերպարի ներքին հուզական լարվածությունը: Այս պատկերները հիմնականում բավականաչափ պայմանական են, սակայն ներշնչանքի աղբյուր հանդիսացող իրականության հետ կապը պահպանվում է: Նույնիսկ վերացական նկարները ճանաչելիության և ճշմարտության զգացմունք են արթնացնում:Վարպետի համար առաջնագույն խնդիրն է շրջապատի սեփական ընկալման բացահայտումը: Նա հատուկ նշանակություն է հատկացնում գեղեցկության հասկացողությանը:Այժմ նկարիչը իր հնարավորությունների գագաթնակետում է: Նա մի պատկերային աշխարհ է ստեղծել, ուր բույսեր են ծաղկում, լեռներ վեր սլանում, և մարդիկ ապրում են իրենց հնագույն հողի վրա  առանց ունայն արարքների:Համաշխարհային գեղարվեստական ժառանգության, հայ արվեստի, ռուսական գեղանկարչության դպրոցի ավանդույթները` միաձուլվելով և վերամշակվելով, բերել են ստեղծագործական շոշափելի արդյունքի: Երփնագրման ընթացքը  նկարիչը համեմատում է ջազային իմպրովիզացիայի հետ: Աշխատանքի սկիզբը կտավի վրա ինքն է թելադրում շարունակելու միջոցը, կարծես իր հետևից է տանում արվեստագետին:

Ամենահզոր էքսպրեսիային հասնելու համար նկարիչը դիմում է երփնագրային ճկունությանը, վառ գույները փոխարինելով հագեցած երանգավորումներով և ելևէջներով: Եվ այսուհանդերձ գույնը պահպանում է իր որոշիչ դերը պատկերի կառուցվածքում: Նկարչի առաջընթացը  դրսևորվում է ուժգին գունագեղությունից ավելի զուսպ ներկապնակին անցնելու մեջ: Դա է վկայում «Ինքնադիմանկարը», որի վրա հեղինակը բավական երկար է աշխատել և ավարտել է զուսպ դեկորատիվություն և խտացրած եռանդ պարունակող մի յուրահատուկ գեղանկարչական բանալիով:

 

                                                         Սերգեյ  Լևանդովսկի

                                 Պետական Ռուսական թանգարանի առաջատար մասնագետ

 

 www.ashotart.com

Մշտական
ցուցադրություն

Սուրենյանց Վարդգես Հակոբի

Կովկասյան էտյուդ (1890)

ստվարաթուղթ, յուղաներկ
27x24 սմ