Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

17.10.2014 - 03.11.2014

Ալեքսանդր Նեկրասովի նկարների ցուցահանդես «Հողմ ուր կամի շնչէ»

 Երևույթների, արտաքինի շղարշի տակ քողարկված բովանդակության կարևորությունը վեր հանող և իմաստը երևույթի և նյութականի ներսում փնտրող արվեստագետ է Ալեքսանդր Նեկրասովը: Նրա համար ` որպես մարդ, որպես նկարիչ, հոգևոր արժեքները գերիշխում են արտաքին հմայքի և տեսանելիի համեմատությամբ: Նեկրասովը գեղեցիկը տեսնում է հոգևորում և այդ տեսակետից է կերտում իր արվեստը: Ընդհանրացումներ, մանրամասների, որոշակի դետալների մերժում և այդպիսով հիմնականի, կարևորի շեշտադրում, ահա Ալեքսանդր Նեկրասովի կատարողականի ընտրությունը: Եվ որքան էլ արտահայտչամիջոցները թվում են զուսպ, այդուհանդերձ նրա ստեղծագործությունների ընդհանուր մթնոլորտում ընկալելի է ներքին լարվածություն, որի զգայական վեկտորները սկիզբ են առնում այն խորհրդավորությունից, ինչով պարուրված են դրանք:
Լռության ձայներ են լսվում այս պատկերներից, որտեղ հեղինակի զրույցն է հոգևոր աշխարհի լայնություններում: Հասարակ և պարզ թվացող արտաքինի մեջ խորիմաստ կարևորություն` այն անհրաժեշտ աուրան է ապահովված, որում աղոթքն է, ինքնազրույցը, ինքնաքննումից մինչև հավերժի առեղծվածը:
Ալեքսանդր Նեկրասովը առաջին անգամը չէ, որ Հայաստանում է: Նա ցուցահանդեսներով հանդես է եկել ռուսական և ժամանակակից թանգարաններում: Բայց նրա կապերը հայկակակ հողի և հայության հետ ավելի վաղուցվա պատմություն ունեն: Ուսանողական տարիներին աշակերտել է տաղանդավոր նկարիչ Գերաս Գյոկչակայանի մոտ: Հետագայում, երբ հայազգի նկարչի գործերն անցան նրա տնօրինությանը, Նեկրասովը դրանք նվիրեց Ցարսկոյե Սելոյում իր իսկ կողմից հիմնադրված ժամանակակից արվեստի թանգարանին:
Եվս մեկ ամուր կապ Հայաստանի հետ: Դա Նեկրասովի մայրն էր: Լատիշ գեղեցկուհին երկար տարիներ ապրում էր Երևանում և այժմ էլ Ալեքսանդր Նեկրասովն այստեղ ունի իր հարազատներին:
Սիրահարված է Ալեքսանդր Նեկրասովը Հայաստանին: Երբ հերթական անգամ լինում է այստեղ, անպայման ճանապարհորդում է` Սևան, Էջմիածին, Խոր-Վիրապ, Հովհանավանք, Նորավանք և այլուր: Գերված իր տեսածով, շարունակ էտյուդներ է անում և չի հագենում: Երևանում լինում է տարբեր նկարիչների արվեստանոցներում, ծանոթանում, ուսումնասիրում, ճանաչում:
Հայաստանի ազգային պատկերասրահում Ալեքսանդր Նեկրասովի անհատական ցուցահանդեսը կազմակերպվում է առաջին անգամ: Մոտ 30 գեղանկար և 20 գծանկար աշխատանքներով ևս մեկ անգամ ռուսազգի արվեստագետը կներկայանա հայ արվեստասեր հասարակությանը: Դրանցում արվեստագետի այն վարպետությունն է, ինչի շնորհիվ կտավի մակերեսին գույւնով և գծով, ձևագոյանում է զգացումը, ներքին ապրումներն ու լիցքերը: Վրձնի ընդհանրացումներով նա կերտում է հոգևոր աշխարհ և այն մատուցում դիտողին:

Մշտական
ցուցադրություն

Գարդների գործարան, Վերբիլկի

Ֆիգուր (19-րդ դարի սկիզբ)

ճենապակի, ոսկեզօծում, վերջնարակյա նկարազարդում, կաղապարում, ռելիեֆ
բարձ.15,3 սմ