Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

03.02.2015 - 15.02.2015

Տատյանա Դանիլյանց «Լույսը ներսից» ցուցահանդես (գունավոր լուսանկար, քանդակներ` մուրանյան ապակուց)

Փետրվարի 3-ին ժամը 15:00 Հայաստանի Ազգային պատկերասրահում տեղի կունենա Տատյանա Դանիլյանցի «Լույսը ներսից» ցուցահանդեսը (գունավոր լուսանկար, քանդակներ` մուրանյան ապակուց):
 

Լույսը հիմնարար նշանակություն ունի ոչ միայն արվեստում, այլև, առհասարակ, կյանքում: Լույսը ոչ միայն իրերի ֆիզիկական բնութագրությունն է, այլև հոգևոր կատեգորիա: Լույսը ոչ միայն տեսանելի է դարձնում իրականությունը, այլև ի հայտ է բերում մարդկային հոգու գաղտնի որակներն ու հատկությունները:Հենց այդ ֆիզիկական և մետաֆիզիկ լույսի մասին է Մոսկվայում և Վենետիկում բնակվող Տատյանա Դանիլյանցի` ռուսահայ լուսանկարչուհու, քանդակագործի, կինովավերագրողի և բանաստեղծուհու «Լույսը ներսից» ցուցահանդեսը:Հայաստանի Ազգային պատկերասրահի համար պատրաստված «Լույսը ներսից» ցուցադրական նախագիծն իր մեջ ընդգրկում է նկարչուհու միաժամանակ երկու հեղինակային ցուցադրություն, որոնք բազմիցս ներկայացվել են Ռուսաստանի և Եվրոպայի ցուցասրահներում: Խոսքը «Վենետիկ. Ջրի երեսին» և «Anima Russa/ Ռուսական հոգի» ֆոտոցուցահանդեսների մասին է, որոնց մեջ մեկտեղվել են գեղարվեստական լուսանկարը և մուրանյան ապակուց պատրաստված քանդակը: «Վենետիկ. Ջրի երեսին» նախագիծը գեղարվեստական լուսանկարի միջոցով պատմում է ոչ միայն վենետիկյան ամենակարևոր փոխադրամիջոցի` նավակների մասին, այլև լույս-գույնի գոյության մասին վենետիկյան յուրահատուկ (ջրային, արտացոլվող) տարածության մեջ: Մոսկվայի արվեստի հայտնի քննադատ Վիտալի Պացյուկովի խոսքերով, «…ստեղծելով նոր տեսողական-տեղեկատվական կերպար` Տատյանա Դանիլյանցի լուսանկարները արդիականացնում են «ռուսական ոչ-առարկայականության» ավանդույթը, բայց արդեն այլ, ոչ ավանդական երփնագրային ձևով. արվեստագետի պոետական աշխարհում այն ստանում է ռեֆլեքսիայի երանգ և վերականգնում «կորցրած ժամանակը»: Տատյանա Դանիլյանցի անդրադարձը քաղաքային միջավայրի այնպիսի «սուբյեկտի» գեղարվեստական վերաիմաստավորմանը, ինչպիսին է նավակը, նոր շունչ է հաղորդում այդ հրաշալի քաղաքի պատկերագրությանը և քաղաքային միջավայրին:
Երկրորդ նախագիծը, որը ներառված է «Լույսը ներսից» ցուցահանդեսում, «Anima Russa/ Ռուսական հոգին» է, որտեղ ռուսական ավանդական սառնաշաքարը, «ճանապարհորդելով» մի շարք մերձմոսկովյան հինավուրց քաղաքներով (Մոժայսկ, Զվենիգորոդ և այլն) և դառնալով նկարչուհու և ճանապարհորդության ժամանակ հանդիպած այլ մարդկանց համար խոսակցության «սուբյեկտ», ձեռք է բերում անմահության գծեր` վերածվելով մուրանյան (վենետիկյան) ապակուց պատրաստված մի քանդակի, այդպիսով իսկ միավորելով Վենետիկը, Իտալիան և Ռուսաստանը: Նախագծի փաստագրական բաղկացուցիչը` լուսանկարը, որը ենթադրում է ռեպորտաժային նկարահանում, մեր աչքի առջև դառնում է միստերիալ և արքետիպային` միաձուլելով անցյալը, ներկան և ապագան: Ահա թե ինչ է ասել ցուցադրության մասին հանրահայտ իտալացի կուրատոր Ադրիանո Բերենգոն, որի վենետիկյան պատկերասրահի համար ի սկզբանե ստեղծված էր այդ նախագիծը. «Մինչ Դանիլյանցի աշխատանքների մի մասը գրեթե վավերագրական է և աչքի է ընկնում իր հայրենակիցների կյանքի, նրանց սովորությունների և ապրելակերպի նկատմամբ ոչ ավանդական մոտեցմամբ, մուրանյան ապակուց պատրաստված իր գործերը կամուրջ են գցում դեպի իտալական մշակույթը և Վենետիկի բնակիչները: Հենց այդ պատճառով է, որ ես կընդարձակեի ցուցահանդեսի անվանումը և չակերտների մեջ կավելացնեի «anima mundi», որպեսզի ընդգծվեր կապը մարդկանց միավորող համաշխարհային հոգու հետ, չէ՞ որ հեղինակը հենց դրա մասին է խոսում»:Այն անտեսանելի մետաֆիզիկ լույսը, որը ճառագում է այդ նախագծի մասնակիցներից, նրանց «հոգիների լույսը» կամ մուրանյան ապակուց պատրաստված սառնաշաքար-քանդակների խորքում լողացող «ֆիզիկական» լույսը, կամ ջրից անդրադարձող լույսը, որ խաղում է ջրանցքների և գոնդոլների մակերեսին և վերածվում գույնի, ստիպում են մեզ կրկին և կրկին վերաիմաստավորել այդ երևույթի անսպառ բնույթը:

Տատյանա Դանիլյանցի կենսագրությունը
 

Մշտական
ցուցադրություն

Սարգսյան Էդուարդ Գևորգի

Յասաման (1940)

կտավ, յուղաներկ
60x75 սմ