Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

25.03.2015 - 25.05.2015

«ԳԱԼԱՆՏ ԴԱՐ» 18-ՐԴ ԴԱՐԻ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՓՈՐԱԳՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 Մարտի 25-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում բացվում է 18-րդ դարի ֆրանսիական փորագրանկարչութան ցուցահանդես, որը կազմված է թանգարանի հավաքածուից:
 

Պատկերասրահում պահվող ֆրանսիական վարպետների ավելի քան 800 աշխատանքներից ներկայացվում է 45-ը` հատիչային փորագրանկարներ, օֆորտներ, մատիտային տեխնիկայով արված փորագրանկարներ: Դրանք մուտք են գործել թանգարան 1926, 1930-40-ական թվականներին Լենինգրադի Պետական թանգարանային ֆոնդից, Պետական Էրմիտաժից, Պուշկինի անվան Գեղարվեստի պետական թանգարանից` նվիրատվությունների և մասնավոր անձանցից ձեռք բերված աշխատանքների հետ մեկտեղ: Ցուցադրված նմուշները ծանոթացնում են այցելուներին «գալանտ դար» անվամբ հայտնի ռոկոկոյի դարաշրջանի արվեստին, հնարավորություն տալով խորասուզվելու անհոգ զվարճությունների և հաճույքների մթնոլորտը` նրբաճաշակ սալոնային զրույցների, վայելչագեղ սիրախաղի, համերգների, երեկոյան պարահանդեսների և թատրոնի աշխարհը: Դա մասնավոր կյանքի աշխարհ էր, ուր բարձր էր գնահատվում դիտողականությունը, սուր միտքը, հեղինակությունները կասկածի տակ առնելու կարողությունը, այլ ոչ միայն սիրալիր, նրբավարի շարժուձևերը:
Գալանտ ոճը բարձրագույն կատարելությամբ մարմնավորվեց Անտուան Վատտոյի, Ֆրանսուա Բուշեի, Ժան-Օգյուստ Ֆրագոնարի, Կարլ Վան Լոոյի գեղանկարներում, որոնք առավել հաճախ էին վերարտադրում փորագրանկարիչները: Ցուցահանդեսը ներկայացնում է նաև դարաշրջանի հանրաճանաչ այլ վարպետների բնօրինակների վերատպությունները`Ժ.-Բ. Գրյոզի, Ժ.-Բ. Շարդենի, որոնք առօրյա կյանքը մեկնաբանում էին բանաստեղծորեն: Այցելուները կծանոթանան ռոկոկո ոճի նկարիչների սիրված հովվերգական տեսարաններին, դիցաբանական թեմաներով թերթերին, ժամանակի հռչակավոր դիմանկարիչներ Հ. Ռիգոյի և Ն. Լարժիլիերի գործերից արված փորագրանկարներին, գրքային գրաֆիկային, որն առանձնապես բարձր էին գնահատում ժամանակակիցները: Եվ այդ ամենը` հայտնի փորագրանկարիչների մեկնաբանմամբ, ինչպիսիք էին Ժ. Էդելինկը, Պ. Դրևեն, Ժ. Ժ. Բալշուն, Ն.Ա. Թարդիեն, Բ. Ֆ. Լեպիսիեն, Ժ.-Ֆ. Լեբան, Ժ. Դեմարտոն, Պ.-Ֆ. Շոֆֆարը և այլք: Ցուցադրությունը լրացնում են գեղանկարի և կիրառական արվեստի ստեղծագործությունները:

 



Մշտական
ցուցադրություն

Անհայտ վարպետ

Բաժակ պնակով (19-րդ դարի սկիզբ)

ճենապակի, վերջնարակյա նկարազարդում, կաղապարում, ծեփակերտում
բարձ.կանթով12,5/պնակիտրմ.16,5 սմ