Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

18.04.2015 - 20.08.2015

«Վկայություն» Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված ցուցահանդես

20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության` հայ ժողովրդի նկատմամբ իրականացրած ոճրագործությունը մարդկության դեմ գործած մեծագույն հանցագործություններից մեկն է և որակվում է որպես ցեղասպանություն։ Այս տարի լրանում է Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակը։ Այս ողջ ընթացքում հայ ժողովուրդը չի դադարել արարել, իսկ աշխարհով մեկ սփռված հայորդիները իրենց ներդրումն են ունեցել համաշխարհային մշակույթում։
Հայաստանի ազգային պատկերասրահը թեմային անդրադառնալու է մի քանի ցուցահանդեսներով` մեկ գաղափարի և մեկ խորագրի ներքո: Ցուցահանդեսը ներկայացնելու է Եղեռնը վերապրած մարդկանց և նրանց սերունդների ստեղծագործությունները:
• Հայաստանի ազգային պատկերասրահի հայ գեղանկարի, գրաֆիկայի, քանդակի և դեկորատիվ-կիրառական արվեստի հավաքածուներից ներկայացվելու են ծնունդով արևմտահայ արվեստագետների ստեղծագործություններ: Ներկայացվելու են նաև Գրիգոր Աղասյանի՝ ցեղասպանության թեմայով արված աշխատանքները:

• Ցուցահանդեսի երկրորդ մասը ներկայացնելու է Հայաստանում բնակվող ժամանակակից նկարիչների և քանդակագործների մեկական ստեղծագործություն:
• Ցուցահանդեսի երրորդ հատվածը ներկայացնելու է ժամանակակից սփյուռքահայ կերպարվեստը՝ կազմված տասներեք հեղինակների մեկական ստեղծագործությունից:
• Չորրորդ հատվածը ներկայացնելու է Հայոց Ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հավաքածուում պահպանվող շուրջ 300 բացիկ՝ «Արևմտյան Հայաստանը և հայկական կոտորածների արտացոլումը փոստային բացիկներում» խորագրով:
• Հրատարակվելու է ցուցանմուշների ալբոմը։

Ցուցահանդեսի ընթացքում տեղի կունենան թեմատիկ դասախոսություններ, կրթական ծրագրեր «Իմ Կոմիտասը», «Վերածննդի արկղիկ», խորագրերով: Տեղի կունենա Պողոս Եղիազարյանցի «Արևմտյան Հայաստանի ազգագրական երգեր» համերգը։
 

 

Մշտական
ցուցադրություն

Գրիգորյան Վլադիմիր (Վոլոդյա) Կարապետի

Բակ (1983)

կտավ, յուղաներկ
100x120 սմ