Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

24.09.2015 - 03.11.2015

«Մեկ երկրի պատկերներ. Արևելյան Գերմանիայի գեղարվեստական լուսանկարչությունը 1945-1995 թթ»

Սույն թվականի սեպտեմբերի 24-ից մինչև նոյեմբերի 3-ը «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի, Գերմանիայի Մորիցբուրգ (Սաքսոնիա-Անհալթ երկրամաս) թանգարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի համագործակցության շրջանակներում պատկերասրահում կգործի «Մեկ երկրի պատկերներ Արևելյան Գերմանիայի գեղարվեստական լուսանկարչությունը 1945-1995 թթ» ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կազմակերպվում է «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի և Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարությունների և երկու երկրների դեսպանությունների աջակցությամբ:

Կներկայացվեն 21 լուսանկարիչների 80 աշխատանքներ, կցուցադրվի նաև Արևելյան Գերմանիայի 1945—1995 թթ. ժամանակաշրջանն արտացոլող չորս ֆիլմ:
Ցուցահանդեսը բաղկացած է չորս մասից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խորագիրն ու գաղափարը:
Գեղարվեստական լուսանկարչությունը ԳԴՀ-ում կարևոր դեր է խաղացել սոցիալական հարաբերությունների և դրանց փոփոխությունների համար մղվող պայքարում, ցուցահանդեսների ու տպագրությունների միջոցով լուսանկարիչներին մշտապես հաջողվել է ազդել հասարակության ինքնագիտակցության վրա:
Ներկայացվող կադրերը ի տարբերություն պետական պատվերների, արվել են սեփական նախաձեռնությամբ և արտացոլում են տվյալ ժամանակաշրջանը: Ընդգրկված են ամենատարբեր ժանրեր. նորաձևության թեմա, սոցիալ-փաստագրական ֆոտոներ բնության անկյուններ կամ քաղաքային տեսարաններ: Դրանք պատմում են պատերազմի սարսափների ու հետևանքների մասին, սակայննաև փոխանցում են վերածնության լավատեսական ապրում:
Հեղինակներն իրենց աշխատանքներում արտացոլել են կյանքային տարբեր իրավիճակներ, ինչպես նաև փոփոխվող քաղաքական, տնտեսական ու սոցիալական հարաբերությունների ազդեցությունը լուսանկարչական պատկերային լեզվի ու աշխատանքային մեթոդների վրա:
Որոշ դեպքերում տարբեր թեմաների նվիրված ֆոտոշարքերում նկատելի է հեղինակների սուբյեկտիվ վերաբերմունքը թեմայի հանդեպ:

Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին, ժամը՝ 16։00։