Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

24.09.2015 - 24.11.2015

Հովհաննես Զարդարյան «Գաղթ»

Հայաստանի ազգային պատկերասրահում «Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելից»-ի շրջանակներում 2015 թ. սեպտեմբերի 24-ին ժամը 15:00 կբացվի և մինչև ս.թ. նոյեմբերի 24-ը կգործի հայ նշանավոր գեղանկարիչ` Հովհաննես Զարդարյանի (1918-1992) «Գաղթ» խորագիրը կրող ցուցահանդեսը:  Կներկայացվեն ավելի քան վաթսուն գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ (ընտանիքի հավաքածու): 

Հովհաննես Զարդարյանը ծնվել է Կարս քաղաքում: Դարասկզբի հայտնի պատմական իրադարձությունների հետևանքով Զարդարյան ընտանիքը բազմաթիվ դեգերումների արդյունքում հայտնվում է նախ Արմավիրում, այնուհետև Կրասնոդարում և 1920 թ.` Թիֆլիսում: Հենց Թիֆլիսում էլ ապագա նկարիչը սկսում է մասնագիտական առաջին քայլերը տեղի Գեղարվեստի ակադեմիայում: Սակայն կարճ ժամանակ անց Զարդարյանները տեղափոխվում են Երևան, և Հովհաննեսը կրթությունը շարունակում է Գեղարդ տեխնիկումում (այժմ Փ. Թերլեմեզյանի անվ. Գեղարվեստի պետական քոլեջ): Դա 1933 թվականն էր, երբ տեխնիկումում դասավանդում էր անվանի հայ արվեստագետների սերուցքը` Ս. Աղաջանյան, Վ. Ախիկյան, Ս. Առաքելյան, Վ. Գայֆեճյան և այլք: Վերջին երկուսի` Առաքելյանի և Գայֆեճյանի մոտ էլ ուսանում է Զարդարյանը: Հետագայում նկարիչը մասնագիտական կրթությունը շարունակում է Լենինգրադի Գեղարվեստից ակադեմիայի մոնումենտալ գեղանկարչության բաժնում: Ուսումնական տարիներին հաջորդում են ստեղծագործական բեղուն ժամանակները, որոնց սկիզբը համընկնում է Հայրենական պատերազմի տարիներին: Նախկին Սովետական միության երկրներից յուրաքանչյուրի պատմության անբաժանելի մասն է կազմում սոցռեալիզմը, որի պարտադրվող քաղաքական գաղափարախոսությունից և դրանով պայմանավորված իրականությունից չխուսափեց նաև Հ. Զարդարյանի արվեստը: Այդ շրջանում արվեստագետի ստեղծագործությունները բազմաժանր են և բազմաբովանդակ: Երիտասարդ նկարչի պատմական դիմանկարները («Երաժշտագետ Կոմիտասը», 1950-52 թթ., «Նախաշավիղ»,...) իրենց մեծադիր հորինվածքով, բովանդակային լուծումներով ունեն ժամանակի պահանջներին հարազատ մոնումենտալ բնույթ, ռոմանտիկ շունչ, որն էլ գրավել էր ժամանակի հայտնի արվեստաբանների ուշադրությունը: Արվեստագետն արդեն իր ստեղծագործական ուղու առաջին իսկ քայլերից արժանանում է պատշաճ վերաբերմունքի` պարգևատրումներ, ցուցահանդեսներ, կոչումներ: Սակայն Զարդարյան արվեստագետն այդ տարիներին թե' Սովետական միությունում, թե' արտերկրում լուսաբանվում է միակողմանի` ներկայացվելով որպես սոցռեալիստորեն մտածող նկարիչ:
Ավելի ուշ` «Գարուն», 1956, «Ձգտում», 1960, կտավները նշանավորեցին ստեղծագործական նոր փուլ: Այս գործերը աչքի են ընկնում անթաքույց հոգևոր ազատության կոչի հասնող բովանդակությամբ, սիմվոլիկ կերպարներով, գունային թարմ լուծումներով: Գեղանկարչի «այլախոհական հակումների» ապացույցն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում հեղինակի` «Հայոց Մեծ Ցեղասպանության 100-ամյա տարելից»-ի շրջանակներում բացվող անհատական ցուցահանդեսն է: Ներկայացվող վաթսուն գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները ընտանիքի սեփականությունն են և կրում են «Գաղթ» խորագիրը: 1957-79 թթ. վրձնած գեղանկարչական այս շարքը իր թեմատիկայով, ինչպես նաև գեղարվեստական մոտեցմամբ հակասում է խորհրդային պաշտոնական գաղափարախոսությանը: Դեռևս 1955 թ., Հայաստանի պատմության պետական թանգարանի պատվերով գեղանկարիչը ստեղծում է «Արաքս գետի անցումը. Հայերի բռնագաղթը Շահ-Աբասի կողմից. 1604 թ.» կտավը: Սա հեղինակի առաջին բազմաֆիգուր պատմական թեմատիկ ստեղծագործությունն էր, որը ժամանակին տեսաբանները դասեցին սովորական նկարազարդումների շարքին և առանձնապես չմեկնաբանեցին: Սակայն Զարդարյանը հաջորդ տարիներին պարբերաբար վերադառնում է այս թեմային, որը արդիական է նաև մեր օրերում:
Նշված մտահղացման զարգացման հետ, թեմատիկ շարունակական անդրադարձի արդյունքում ստեղծվում է «Գաղթ» շարքը: Սկզբնական փուլում աշխատանքներն աչքի են ընկնում ռեալիստական մեկնաբանությամբ, սառը գունային լուծումներով: Բազմաֆիգուր հորինվածքների մանրամասների աստիճանական ընդհանրացվածության և գունաձևերի սինթեզի արդյունքում նկարիչը իրապատումից հասնում է աբստրակտ հորինվածքների: Վերջնական փուլում կտավը հիշեցնում է գունագեղ վիտրաժ-մակերևույթ:
Զարդարյանն ապրել և ստեղծագործել է մինչև 1992 թ.` ստեղծագործական կյանքին զուգահեռ կրթելով նկարիչների սերունդներ: Նրա աշխատանքները պահպանվում են աշխարհի տարբեր թանգարաններում, մասնավոր հավաքածուներում և, իհարկե, Ազգային պատկերասրահի հավաքածուում: Սակայն թե' թեմատիկ, թե' գեղարվեստական առումով այս շարքն առանձնանում է մինչ այդ մեզ հայտնի գործերից: Սույն ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում մեկ անգամ ևս վերանայելու, վերաարժևորելու նկարչի գեղարվեստական ժառանգությունը:


 

Մշտական
ցուցադրություն

Թերլեմեզյան Փանոս Պողոսի

Կղզու ափը. Սևան (1937)

կտավ, յուղաներկ
100x72 սմ