Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

30.10.2015 - 30.12.2015

Սեդրակ Առաքելյան. Ստեղծագործությունների ցուցահանդես

Հոկտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում կբացվի նկարիչ Սեդրակ Առաքելյանի աշխատանքների հետահայաց ցուցադրությունը: Կներկայացվեն արվեստագետի ստեղծագործական տարբեր փուլերի գեղանկարչական ու գրաֆիկական երկերը, էտյուդներն ու էսքիզները:  Էտյուդային բնանկարների ու գյուղական կյանքի քնարերգու Սեդրակ Առաքելյանի դերն ու թողած ժառանգությունը հայ կերպարվեստում անչափ մեծ է և անգնահատելի։ Նրա ստեղծագործություններ արտացոլում են ժամանակաշրջանի գաղափարներն ու գեղարվեստական միտումները, որնք հեղինակի վրձնի տակ ինքնատիպ լուծում են ստացել՝ վերածվելով ազգային պատումների։
Թիֆլիսի գեղարվեստի դպրոցում Ե. Թադևոսյանի, ապա Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում Ա. Արխիպովի ու Կ. Կորովինի ղեկավարությամբ մասնագիտացում և հմտություն ստացած նկարիչը նոր շունչ ու գույներ հաղորդեց պլեներային նկարչությանը:
Առաքելյանի ստեղծագործություններն աչքի են ընկնում ժանրային բազմազանությամբ: Մեծամասնություն են կազմում հայրենի եզերքներում շրջագայությունների ընթացքում բնության ամենատարբեր անկյունների հայեցումից ծնված իմպրեսիոնիստական էտյուդները, որոնցում առաքելյանական գունաշարը հագեցած է եղանակային ու օրվա տարբեր պահերի բոլոր երանգներով: Նա սիրում է պատկերել իրեն սրտամոտ ու հոգեհարազատ անկյունները՝ Սևանի ափերն ու մերձակա գյուղերը, ծննդավայր Նախիջևանի դաշտերն ու Գորիսի ժայռերը:
Մանկության տարիները գյուղում ապրած նկարիչը հաճախ անդրադարձել է գյուղական կյանքին: Մարդ - բնություն ներդաշնակ հարաբերությունը վարպետի արվեստում ներկայանում է տարբեր կերպով. վառվռուն գույներով ու աշխույժ կերպարներով բազմամարդ տեսարաններ, գյուղական կյանքն ու առօրյան պատմող կամերային պատկերներ, կանայք աշխատանքի պահին, - բոլորն էլ` օժտված ազգային-քնարական տարրերով:
Սեդրակ Առաքելյանը մասնակցել է բազմաթիվ անհատական ու խմբային ցուցահանդեսների Հայաստանում ու արտերկրում: Նրա ստեղծագործությունները պահվում են Հայաստանի Ազգային պատկերասրահում, Երևան քաղաքի պատմության թանգարանում, Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում (Մոսկվա), մասնավոր հավաքածուներում:

Ցուցադրությունն ընդգրկում է շուրջ 150 աշխատանք` ՀԱՊ-ի, ՀՊԹ-ի, ԵՔՊԹ-ի և մասնավոր հավաքածուներից: Ցուցահանդեսը կգործի մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը:


Հայկուշ Սահակյան

 

Մշտական
ցուցադրություն

Սոմով Կոնստանտին Անդրեևիչ

Սիլոմյագա գետի հովիտը. Լենինգրադ (1900)

կտավ, յուղաներկ
33,5x51 սմ