Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

06.05.2016 - 06.06.2016

Բարեկամության Կամուրջ. Բորիս Կլեմենտև

Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացնում է «Բարեկամության կամուրջ. Բորիս Կլեմենտև» ցուցահանդեսը:
Այսօր Կլեմենտևի` ժանրաթեմատիկ լայն ընդգրկմամբ ու տեխնիկական կատարողական ձևամիջոցներով հարուստ ստեղծագործությունն ընդգրկում է հարյուրավոր գեղանկար կտավներ, փոքրադիր էտյուդներ, ջրանկարներ և գծապատկերներ, կավճամատիտով արված գրաֆիկական թերթեր, ինչպես նաև մոնումենտալ գեղանկարչության և ինտերիերի ձևավորման նմուշներ, և այլն:
Ռուսաստանի Գեղանկարչության, քանդակագործության, ճարտարապետության ակադեմիայում ռուս նշանավոր արվեստագետներին աշակերտած, ժամանակի առաջատար գաղափարներին, գեղանկարչական տարբեր դպրոցներին և ուղղություններին, համաշխարհային կերպարվեստի գլուխգործոցներին քաջածանոթ նկարիչն այսօր ունի իր սեփական ստեղծագործական ոճն ու բնութագիծը: Գիտակցաբար ընտրելով իրեն հոգեհարազատ ռեալիստական արվեստի ուղին՝ նա յուրովի ընկալում ու իր արվեստում համադրում է ռուսական ռեալիզմի սկբունքներն ու արևմտաեվրոպական իմպրեսիոնիզմի նվաճումները, 19-րդ դարավերջի ռուսական քնարական դպրոցի ավանդույթներն ու անցյալ էպոխայի նորովի մեկնաբանումը:Կլեմենտևը հայտնի է որպես իմպրեսիոնիստական նուրբ բնապատկերների հեղինակ, ռուսական և եվրոպական ռեալիստական դպրոցի ուղին շարունակող դասական դիմանկարի վարպետ, պատմական նատյուրմորտի գիտակ: Նրա ստեղծագործությանը հատուկ է սյուժեների և թեմաների բազմազանությունն ու հարստությունը: Նկարիչն առանձնակի տեղ է հատկացնում կրոնական թեմատիկային՝ հավատքը համարելով մարդու գոյության ու կեցության հիմք:
Ներկա ցուցահանդեսը, որն ընդգրկում է Կլեմենտևի ստեղծագործության շուրջ 25 տարիները, բացահայտում է արվեստագետի որոնումների իրական էվոլյուցիան ու ստեղծագործության դինամիկան: Արվեստագետի ստեղծագործությունը բնորոշվում է ռեալիզմի և ժամանակակից արևմտյան ձևաոճական մեթոդների համադրման ու վերամշակման սկզբունքներով՝ տարբեր արտահայտչամիջոցներով ընդգծելով սուր ներքնատեսությունը, սեփական երևակայությունն ու անձնական ապրումների վրա հենված էմոցիան, կյանքի ու շրջապատող աշխարհի հոգևոր ընկալումն ու հաղորդումը: Արդիական մտածողությունն ու կատարման մեթոդը զուգորդվում են ռեալիստական-դիտողական, հայեցական-քնարական եղանակի հետ, ինչի շնորհիվ պատկերումները խորապես ազդում են դիտողի վրա: Ցուցադրության առանցքն են ռուսական կյանքն ու ժամանակակիցներին պատկերող յուղանկարներն ու թավշյա մակերևույթով և ներկերի փափկությամբ առանձնացող պաստելային թերթերը:
Էքսպոզիցիայում ներկայացված է 60-ից ավելի գեղանկար և գրաֆիկական թերթ՝ կավճամատիտ, մատիտանկար, ինչպես նաև նկարչի անձնական արխիվում պահվող գծապատկերների ալբոմներ ու հուշաձեռագրային նյութ: 

Ցուցահանդեսի համադրող` Մարինա ՀԱԿՈԲՅԱՆ

Մշտական
ցուցադրություն

Անհայտ քանդակագործ

Դիոնիս-Ատտիսի ֆիգուրը (մ. թ. II-III դդ.)

կրաքար , կերտում
76x57x22 սմ