Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

16.09.2016 - 19.10.2016

Բաժբեուկ-Մելիքյաններ.Երկու սերունդ

Սեպտեմբերի 16-ին` ժ. 15:00, Հայաստանի Ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի «Բաժբեուկ-Մելիքյաններ.Երկու սերունդ» մեծածավալ ցուցահանդեսը` նվիրված մեծանուն հայ գեղանկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ծննդյան 125-ամյա հոբելյանին և իր ստեղծագործ ընտանիքին` Լավինիային, Զուլեյկային և Վազգենին:
Ցուցահանդեսի նպատակն է լայն հանրությանը ներկայացնել տաղանդաշատ ընտանիքի ստեղծագործական ժառանգությունը, գնահատելի և ճանաչելի դարձնել չորս վառ անհատականությունների արվեստը:
Ցուցահանդեսն ընդգրկում է ստեղծագործություններ ոչ միայն ՀԱՊ-ի մշտական ցուցադրությունից և ֆոնդերից, այլև ընտանիքից և մասնավոր հավաքածուներից:

20-րդ դարի առաջին կեսի հայ կերպարվեստում իր ուրույն տեղն է զբաղեցնում թիֆլիսահայ գեղանկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի (1981-1966) արվեստը:
Նկարիչը ծնվել է Թբիլիսիում, սովորել է տեղի Գեղարվեստական դպրոցում, 1910 թ. ավարտել է Արվեստները խրախուսող կովկասյան ընկերության նկարչական դպրոցը, ապա կրթությունը շարունակել է Ի. Մեշկովի արվեստանոցում (Մոսկվա) և մինչև 1917 թ. հաճախել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան:
Կյանքի ողջ ընթացքում վարպետն իր ստեղծագործությունները նվիրել է կնոջ պատկերմանն ու գովերգմանը: Նրան իրավամբ կարելի է համարել կանանց դիմանկարների անգերազանցելի վարպետ:

60-ական թթ. չափազանց խայտաբղետ հայկական գեղանկարչության մեջ իր հաստատուն դիրքն է գրավում Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի (1922-2005) արվեստը: Նրա ստեղծագործությունները արտացոլում են սարյանական կոլորիտն ու ռուսական «խստաշունչ» արվեստի ավանդույթները` յուրովի մեկնաբանությամբ: Նկարչուհու արվեստում գերակշռում են դիմանկարներն ու նատյուրմորտները, որոնք աչքի են ընկնում իրենց գունագեղությամբ, եռանդուն և ամփոփ ձևով, հորինվածքի պարզ դասավորությամբ և այլն:

Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանի (ծնվ. 1939) արվեստը թարմ շունչ էր 70-ական թթ. հայ կերպարվեստում: Նրա բազմաշերտ, պուանտիլիստական մեթոդը, գույների հրավառությունը, թատերային և ռոմանտիկ շնչով կերպավորված երկերը լույս են ճառագում, չափազանց զգացմունքային են ու երաժշտական: Հաճախ նրան անվանում են «Երաժիշտ` վրձինը ձեռքին»:

Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանը (1941-2004) ժամանակակից հայ գեղանկարչության ամենաինքնատիպ նորարար նկարիչներից մեկն է: Վաղ շրջանում նա ստեղծում էր գեղանկարներ, իսկ ավելի ուշ` ասամբլյաժներ, կոլաժներ` մի մակերեսին համադրելով տարբեր նյութեր (ժանգոտված մեխեր, կոտրված խեցեղեն, ճենապակի, փայտ, կարպետի կտորներ): Նկարիչը երկխոսության մեջ է մտնում նյութի հետ, փորձում հաղորդել այն դիտողին,մղում խորհելու, նոր զգացողություններ ապրելու, ճշմարտությունը բացահայտելու: Ի դեպ այս տարի լրանում է նաև նկարիչի ծննդյան 75-ամյակը:

Հետագայում նախատեսվում է դասախոսություն` նվիրված Բաժբեուկների ընտանիքի կյանքին ու գործունեությանը, հուշ-ցերեկույթ, համերգային ծրագիր, ինտերակտիվ խաղ-էքսկուրսիա:

Ցուցահանդեսի համակարգող՝ Մարգարիտա Խաչատրյան:
 

Մշտական
ցուցադրություն

Սարյան Մարտիրոս Սերգեյի

Ակադեմիկոս Ս. Մալխասյանի դիմանկարը (1943)

կտավ, յուղաներկ
60x80 սմ