Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

25.03.2017 - 04.06.2017

Հայկական իմպրեսիոնիզմ. Մոսկվայից մինչև Փարիզ

 Ս. թ. մարտի 25-ին Մոսկվայի Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում բացվելու է «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսը, որը մոսկովյան հանդիսատեսին կծանոթացնի «հայկական իմպրեսիոնիզմ» երևույթին:

Ինչպես նշում են ցուցահանդեսի կազմակերպիչները, Հայաստանը հայտնի է ամբողջ աշխարհին իր վեհասքանչ լեռներով, միջնադարյան փառահեղ տաճարներով, ավանդական հիանալի խոհանոցով, Արշիլ Գորկու սքանչելի կտավներով, Սերգեյ Փարաջանովի կինոպատկերներով:  Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանը այժմ ներկայացնում է հայ արվեստագետներին, որոնք յուրացրել են ֆրանսիական իմպրեսիոնիզմի լավագույն ավանդույթները և որոնց ստեղծագործություններն իրենց արժանիքներով չեն զիջում Էդուար Մանեի, Էդգար Դեգայի և Օգյուստ Ռենուարի կտավներին:

Հայկական իմրեսիոնիզմն իբրև ուրույն երևույթ ձևավորվել է  XIX դ. վերջին ու XX դ. սկզբին: Նոր քաղաքակրթության, լուսավորչական գաղափարների օրրան Ֆրանսիան հիմնարար դեր է խաղացել հայոց մշակութային կյանքում: Հայ գեղարվեստի զարգացման հարցում որոշակի նշանակություն է  ունեցել նաև ռուսական գեղանկարչական դպրոցը, քանի որ բազում հայ նկարիչներ սովորել են Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում ժամանակի ականավոր ռուս վարպետների մոտ (Վասիլի Պոլենով, Կոնստանտին Կորովին, Վալենտին Սերով):

«Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսը ներկայացնելու է 19 արվեստագետների 54 աշխատանքներ, որոնք տրամադրում են Հայաստանի Ազգային պատկերասրահը, Երևանի Ռուսական արվեստի թանգարանը և մասնավոր հավաքածուատերեր:

Հանդիսատեսը կարող է ծանոթանալ համաշխարհային համբավ վայելող նկարիչներ Վարդգես Սուրենյանցի, Մարտիրոս Սարյանի, հայ իմպրեսիոնիզմի կարևորագույն վարպետ Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեճյանի, Սեդրակ Առաքելյանի և այլ արվեստագետների երկերի հետ:

Կհրատարակվի պատկերազարդ կատալոգ, որը հայկական իմպրեսիոնիզմը որպես գեղարվեստական երևույթ լուսաբանող հոդվածներից բացի կներառի ցուցադրվող վարպետների կենսագրական ակնարկներ ու հետաքրքրաշարժ փաստեր նրանց նկարների մասին: Տեղի կունենան դասախոսություններ, թեմատիկ բանավեճեր, երաժշտական երեկոներ, էքսկուրսիաներ:

Ցուցահանդեսը կգործի մինչև ս.թ. հունիսի 4-ը:

Մշտական
ցուցադրություն

Շահին Էդգար Պետրոսի

Գիշերային զբոսանք (1904)

թուղթ, օֆորտ, ակվատինտ, փափուկ լաք
47x30/55x34,5 սմ