Դեկտեմբերի 14-ին` ժամը 15:30-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի 9-րդ հարկում տեղի կունենա «Մոնմարտրի կանայք նրանց արվեստում» թեմայով դասախոսություն:
Դասախոսությունը նվիրվում է 19-րդ դարի փարիզյան բոհեմական միջավայրի կանանց կերպարներին, ովքեր հասարակ բնորդ լինելուց զատ, ներշնչանքի աղբյուր են հանդիսացել ժամանակի հայտնի արվեստագետների`Էդգար Դեգայի, Օգյուստ Ռենուարի, Անրի դը Թուլուզ-Լոտրեկի, Էդգար Շահինի ստեղծագործությունների համար: Ապրելով և արարելով նույն ժամանակաշրջանում և նույն միջավայրում՝ նկարիչներն անդրադարձել են հայտնի և անհայտ կանանց բարդ հոգեբանական վերլուծությանը՝ հաճախ նույն անձին ներկայացնելով բոլորովին տարբեր տեսանկյունից: Ավելին, այդ կանանց այսօր հիշում են միայն շնորհիվ իրենց դիմանկարների հեղինակների: Ովք՞եր էին այդ բնորդուհիները և ի՞նչ դեր են ունեցել մեծանուն արվեստագետների կյանքում, այս և այլ պարզաբանումներին էլ կանդրադառնանք վերոհիշյալ դասախոսության ժամանակ:
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ին, Ազգային պատկերասրահի 9-րդ հարկում տեղի կունենա Վարդան Մախոխյան թեմայով դասախոսություն:
1869 թվականը հայկական իրականության մեջ նշանավորվեց անվանի մշակութային գործիչների ծնունդով: 2019 թվականն արդեն հոբելյանական է այդ մտավորականների՝ գրող Հովհաննես Թումանյանի, երգահան Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան), երգիծաբան Երվանդ Օտյանի և գեղանկարիչ Վարդան Մախոխյանի համար. լրանում է նրանց 150-ամյակը:
«Դասախոսարան»-ի հերթական թեման նվիրվում է վերոհիշյալ հոբելյարներից մեկին`արվեստասերների շրջանում հայտնի ծովանկարիչ Վարդան Մախոխյանին: Օվկիանոսներից և ծովերից հեռու հայկական լեռնային բնաշխարհը ծնունդ է տվել ազգությամբ հայ մի շարք հայտնի և անհայտ ծովանկարիչների՝ Արսեն Շաբանյան, Կարապետ Ադամյան, Մկրտիչ Ճիվանյան և այլք: Ծնունդով տրապիզոնցի նկարիչը մասնագիտական կրթություն էր ստացել Բեռլինի Գեղարվեստի ակադեմիայում, անձամբ ծանոթ էր հայտնի հայ ծովանկարչին`Հովհաննես Այվազովսկուն: Մախոխյանը անհատական ցուցահանդեսներով ներկայացել է Գերմանիայում, Ֆրանսիայում և Եգիպտոսում: Արվեստագետը լավատեղյակ էր ժամանակի մշակութային նոր տենդենցներին: Վարպետորեն տիրապետում էր տեխնիկական հնարքներին, ներկայանում էր ճանաչելի գեղանկարչական արտահայտիչ ձեռագրով: Նույն տեսարանի պարբերաբար անդրադարձների դեպքում անգամ ներկայանում էր դիտակետային և թեմատիկ նոր մեկնաբանությամբ՝ պատկերելով բնության զգայական, մեղեդային հնչողությամբ ազդեցիկ, կենդանի կերպար:
Նրա ստեղծագործության հիմքում անսահման սերն է բնության նկատմամբ և չնայած հեղինակն առավել հայտնի է որպես ծովանկարիչ, սակայն պակաս արժեքավոր չեն նաև նրա վրձնին պատկանող ցամաքային բնանկարները: Ազգային պատկերասրահում պահպանվում են հեղինակի 21 գեղանկար, որից 14-ը ներկայացվում են մշտական ցուցադրության: Վարդան Մախոխյանի կյանքի վերջին տարիներն անցել են Ֆրանսիայում՝ Նիցցայում, որտեղ էլ նկարիչը կնքել է իր մահկանացուն:
Նոյեմբերի 30-ին` ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի 9-րդ հարկում տեղի կունենա «Երփնագիր վերապրումներ» թեմայով դասախոսություն:
20-21-րդ դարերը բազմաթիվ ձեքբերումներով հանդերձ, հայտնի են նաև համաշխարհային պատմության արյունալի էջերով: Անցյալ դարասկիզբն ազդարարվեց Առաջին աշխարհամարտով ու մարդկության պատմության առաջին ցեղասպանության իրականացմաբ, իսկ հետո Երկրորդ աշխարհամարտ և նրան ուղեկցող հոլոքոստ: Արդեն 21-րդ դարն իր հետ բերեց Մերձավոր Արևելքի բախումներ ու կրկին զոհեր:
Օտար ափերում ապաստան գտած, ցեղասպանություն վերապրած, հայության մի ստվար զանգված ժամանակի ընթացքում համաշխարհային արվեստի և մշակութային զարկերակի մի կարևոր մասը դարձավ: Պատմական անցյալ և ներկա իրադարձություններն ու սոցիալ քաղաքական զարգացումներն իրենց կնիքն են դրել նրանց ստեղծագործությունների վրա: Պատահական չէ, որ ազգությամբ հայ հայտնի նկարիչները`Ժանսեմը (Հովհաննես Սեմիրջյան), Գառզուն (Գառնիկ Զուլումյան), Ժիրայր Օրագյանը, Հակոբ Հակոբյանը, Խորեն Տեր-Հարությանը, Արմիսը (Արմենակ Միսիրյան) և այլք, ազգային թեմայից զատ ժամանակ առ ժամանակ էմոցիոնալ շեշտադրությամբ անդրադարձել են հասարակության անտեսված ու մերժված ներկացուցիչներին և երևույթներին:
Դասախոսությունն առիթ է ներկայացնել օտարության մեջ, համաշխարհային մշակութային հոսքում ապրող և արարող հայ արվեստագետներին, որոնց երկերում ինքնատիպ արտացոլք են գտել ազգային դիմագիծ ձեռքբերած սիմվոլիզմը, միզերաբելիզմը, տաշիզմը: Նրանց կտավներն ազգություն չճանաչող կարիքավորների թշվառ կեցության դիմապատկերներ են, որ ներանձնականից համամարդկային հնչողություն են ստացել:
Նոյեմբերի 23-ին` ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի 9-րդ հարկում տեղի կունենա «Պետրոս Կոնտրաջյան» թեմայով դասախոսություն:
Աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցները, բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով, դարձել են համաշխարհային մշակութային կյանքի անբաժանելի մաս: Նրանցից շատերը սովետական վաղ շրջանում բռնել էին հայրենադարձության ուղին: Արտերկրում արդեն հայտնի հայ արվեստագետներ, ինչպիսիք էին Երվանդ Քոչարը, Հակոբ Հակոբյանը, Հարություն Կալենցը և Պետրոս Կոնտրաջյանը, վերոհիշյալ ներգաղթյալների թվում էին: Վերջինս արդեն հասցրել էր ճանաչվել Փարիզում և համատեղ ցուցահանդեսով ներկայանալ այնպիսի մեծությունների հետ, ինչպիսիք էին Պաբլո Պիկասոն, Անրի Մատիսը, Մարսել Գրոմերը: Վերադառնալով հայրենիք` Կոնտրաջյանը բախվեց սոցիալիստական գաղափարախոսության քաղաքական, հոգեբանական ու գեղագիտական պատկերացումների անհամատեղելիության խնդիրներին: Եվ որքան էլ գեղանկարիչը փորձում էր ինտեգրվել տեղական մշակութային կյանք, այն այդպես էլ չհաջողվեց նրան: Սեզանիզմի և կուբիզմի ինքնատիպ ներկայացուցիչն այդպես էլ չգնահատվեց երազած հայրենիքում: Ողբերգական, անժամանակ մահը և ժառանգների բացակայությունը նպաստեցին շնորհալի նկարչի արվեստի մոռացությանը:
Դասախոսությունը ևս մեկ առիթ է նորովի բացահայտել Պետրոս Կոնտրաջյանի ստեղծագործական կյանքը, ներկայացնել ոչ միայն իր կրած, այլև թողած ազդեցությունը հայկական կերպարվեստում:
Մայիսի 25-ին` ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի 9-րդ հարկում տեղի կունենա թեմայով «Ձև և կերպարանք. Հարություն Կալենց» դասախոսություն:
Հետպատերազմյան Սովետական Հայաստանի կյանքին աշխուժություն և նոր շունչ հաղորդեցին 1930-60-ական թթ. աշխարհի տարբեր երկրներից հայրենադարձված սփյուռքահայերը: Ներգաղթյալների մեջ զգալի թիվ էին կազմում արվեստագետները: 1947-ին երազած հայրենիք վերադարձան նաև Հարություն և Արմինե (Պարոնյան) Կալենց ամուսինները Բեյրութից:
Արտերկրում արդեն հայտնի արվեստագետների համար հայրենակիցների շրջանում ամեն ինչ սկսվելու էր զրոյից: Երիտասարդ զույգն անմիջապես ընդգրկվել էր երկրի մշակութային կյանք՝ սերտ կապեր հաստատելով ժամանակի ոչ միայն արվեստի ոլորտի, այլև գիտության ամենատարբեր բնագավառների հայտնի ներկայացուցիչների հետ: Հեշտ չէին հայաստանյան տարիները Կալենցների համար: Օտարամոլության, ձևապաշտության մեջ մեղադրվող նկարիչ ամուսինները յուրայինների մեջ արհեստականորեն կղզիացվել էին: Հոգևոր մաքառումների, ստեղծագործական համարձակ դրսևորումների, հաստատուն կամքի արտահայտման համառ տարիներ, որ ի վերջո պսակվեցին հայկական կերպարվեստում կալենցյան ճանաչելի ձեռագրի ամրագրմամբ:
Ո՞րտեղից է սկսվել Հարություն Կալենցի ուղին, ի՞նչը կամ ո՞վ է ոգեշնչել, ձև և կերպարանք, գունային անսպառ երանգներ հաղորդել նրա երևակայական աշխարհին: Այս և Կալենցների արվեստի հետ կապված այլ հարցերի շուրջ կզրուցենք առաջիկա դասախոսության ժամանակ:
Բանախոս` արվեստաբան Հասմիկ Բադալյան
Մայիսի 18-ին` ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի 9-րդ հարկում տեղի կունենա «Արվեստագետի մտերիմը» թեմայով դասախոսություն:
Հայկական կերպարվեստում հաշվելի են կին արվետագետները: Նրանցից շատերի անունները ժամանակի ընթացքում անարդարացիորեն մոռացության են մատնվել և ոչ միայն այն պատճառով, որ նրանք պակաս շնորհալի են եղել: Կնոջ դերն ու նշանակությունը մշակութային կյանքում, անգամ համաշխարհային մասշտաբով դեռևս տեսաբանների արժանի գնահատականին է սպասում:
Խորհրդային տարիներին Հայաստանի մշակութային կյանքը զգալիորեն աշխուժացավ, ինչին նպաստում էին նաև մասնագիտական հաստատությունների հիմնադրումը: Կանայք հնարավորություն ստացան տղամարդկանց հետ հավասար կրթություն ստանալ: Մեծ էր նրանց դերը հատկապես մանկավարժության բնագավառում: Հետպատերազմյան տարիներին մեծ թիվ էին կազմում երիտասարդ ընտանիքները, որտեղ ամուսնական զույգերը արվեստագետներ էին: Ո՞վքեր էին հայ հայտնի արվետագետների կանայք: Ի՞նչ դեր էին խաղում իրենց ամուսինների կյանքում` որպես բնորդ, մուսա, հավատարիմ ընկեր և իհարկե որպես ստեղծագործող: Արփենիկ Ղափանցյան, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, Գայանե Մամաջանյան, Արփենիկ Նալբանդյան, Արմինե Կալենց ... Արարմանը զուգահեռ` նրանք սոցիալ- քաղաքական բարդ տարներին անգամ նեցուկ էին իրենց ամուսիններին` համեստորեն ստանձնելով հոգատար մոր և կնոջ դերը:
Բանախոս` արվեստաբան Հասմիկ Բադալյան
Մայիսի 4-ին` ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի 9-րդ հարկում տեղի կունենա «Կուբիզմ–սոցռեալիզմ բախում.Պետրոս Կոնտրաջյան» թեմայով դասախոսություն:
Ողբերգական և անժամանակ մահը, ժառանգների բացակայությունը նպաստեցին շնորհալի նկարչի արվեստի մոռացությանը: Դասախոսությունը ևս մեկ առիթ է նորովի բացահայտել Պետրոս Կոնտրաջյանի ստեղծագործական կյանքը, ներկայացնել ոչ միայն իր կրած, այլև թողած ազդեցությունը սովետահայ կերպարվեստում:
Նախկին ԽՍՀՄ կազմում ընդգրկված Հայաստանի արվեստը էականորեն տարբերվում էր միության մյուս երկրներից: Տարբերությունը ոչ միայն ազգային դիմագծային բնորոշ հատկանիշներն էին, այլև հայրենադարձ արվեստագետների բերած նորամուծություններն ու անհատական ձեռագրի ներմուծումը հայկական կերպարվեստ: 20-րդ դարասկզբի հայտնի ողբերգության հետևանքով աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցները, բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով, դարձել էին համաշխարհային մշակութային կյանքի անբաժանելի և ազդեցիկ մաս: Նրանցից շատերը սովետական վաղ շրջանում բռնեցին հայրենադարձության ուղին: Արտերկրում արդեն հայտնի հայ արվեստագետներ, ինչպիսիք էին Երվանդ Քոչարը, Հակոբ Հակոբյանը, Հարություն Կալենցը և Պետրոս Կոնտրաջյանը վերոհիշյալ ներգաղթյալների թվում էին: Վերջինս կարճ ժամանակահատվածում հասցրել էր արդեն ոչ միայն ճանաչվել Փարիզում, այլև համատեղ ցուցահանդեսով ներկայանալ համաշխարհային արվեստի այնպիսի մեծությունների հետ, ինչպիսիք էին Պաբլո Պիկասոն, Անրի Մատիսը, Գրոմերը: Վերադառնալով հայրենիք` Կոնտրաջյանը բախվեց սոցիալիստական գաղափարախոսական, քաղաքական, հոգեբանական, գեղագիտական, աշխարհայացքային պատկերացումների անհամատեղելիության խնդիրների: Եվ որքան էլ շնորհալի և չափազանց նրբազգաց գեղանկարիչը փորձում էր ինտեգրվել տեղական մշակութային կյանքին, այն այդպես էլ չհաջողվեց նրան: Սեզանիզմի և կուբիզմի ինքնատիպ ներկայացուցիչն այդպես էլ չգնահատվեց երազած հայրենիքում:
Բանախոս` արվեստաբան Հասմիկ Բադալյան:
Ապրիլի 27-ին` ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում տեղի կունենա «Դրվագներ Հայ-իտալական գեղարվեստական հարաբերությունների պատմությունից» թեմայով դասախոսություն:
Հայ-իտալական հարաբերությունները սկիզբ են առել միջնադարում: Դրանք հատկապես աշխուժացել են 13-14-րդ դարերում՝ Կիլիկիայի հայոց թագավորության շրջանում: Այդ աղերսների արտացոլումը տեսնում ենք կիլիկյան նշանավոր մանրանկարիչ Թորոս Ռոսլինի ու նրա հաջորդների արվեստում:Հայ-իտալական հարաբերությունների ուշագրավ դրսևորումն ենք տեսնում այն հայկական նկարազարդ ձեռագրերում, որոնք ընդօրինակվել և նկարազարդվել են Հռոմում, Պերուջայում, Բոլոնիայում, Ճենովայում և Իտալիայի այլ կենտրոններում:Հայ եկեղեցական ճարտարապետության իմացության մասին են վկայում Լեոնարդո դա Վինչիի ձեռագրերում ներկայացված կառույցների գծագրերը:
Բանախոս՝ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Չուգասզյան
Ապրիլի 20-ին` ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում տեղի կունենա «12-ի խորհուրդը» թեմայով դասախոսություն: Դասախոսությունը նվիրված է գեղանկարիչ, գրաֆիկ Աշոտ Բայանդուրին:
20-րդ դարի 80-90-ականները Հայաստանում շրջադարձային էին ոչ միայն երկրի սոցիալ-քաղաքական, այլև մշակութային կյանքում: Գաղափարական և գեղագիտական նոր տենդենցների, ազգային արժեքների վերաիմաստավորման պատմական այս փուլում ստեղծագործող արվեստագետներին սպասվում էին նոր փորձություններ: Այդ ժամանակշրջանի արվեստագետներից մեկն էլ գեղանկարիչ, գրաֆիկ Աշոտ Բայանդուրն էր:
Նկարիչն ապրել և ստեղծագործել է նախ խորհրդային, այնուհետև անկախ Հայաստանում, ապա հեռավոր Սլովենիայում: Նրա արվեստն առանձնանում է մոգական և իռեալ աշխարհի խորհրդանշական ֆանտաստիկ գունագծային պատկերներով՝ ֆիգուրատիվ կոմպոզիցիաներից մինչև ինքնատիպ լուծուներով աբստրակտ հորինվածքներ: Բայանդուրը հավասարապես ստեղծագործել է թե´ գեղանկարի, թե´ գրաֆիկայի ասպարեզում: Իր ճանաչելի ձեռագրային ներդրումն է ունեցել ինչպես գրքի (50-ից ավել գրքեր), թատերական ձևավումների (Երևան, Գյումրի), այնպես էլ անիմացիոն ֆիլմերի («Կախարդական ծիածան», «Ձախորդ Փանոս») բնագավառում: Արտերկրում մեծ ճանաչում վայելող նկարիչը, հայրենիքում արվեստասեր լայն շրջանակներում դեռևս լուսաբանման կարիք ունի: Անգամ դրսում վրձնած նրա երկերն առանձնանում են ազգաին մշակութային ժառանգության պոետիկ մեկնաբանությամբ, ինչը մատնանշում են նաև օտարերկրյա տեսաբանները: Նրա աշխատանքները պահպանվում են ոչ միայն Հայաստանի թանգարաններում, այլև, ԱՄՆ-ում, ՌԴ -ում, Սլովենիայում, Հորդանանում և այլն:
Դասախոսությունը ևս մեկ առիթ է տաղանդավոր և նույնքան համեստ նկարչի կյանքի և ստեղծագործության հայտնի և անհայտ էջերի, մտորումների, սիմվոլիկ երկխոսության տանող «գիր-պատկերի» միջոցով ամբողջացնել հավերժ երազող արվեստագետ Աշոտ Բայանդուրի կերպարը:
Բանախոս` արվեստաբան Հասմիկ Բադալյան
Ապրիլի 13-ին` ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի 9-րդ հարկում տեղի կունենա «Գթության և թշվառության դիմանկար» թեմայով դասախոսություն:
20-21-րդ դարերը բազմաթիվ ձեքբերումներով հանդերձ, հայտնի են նաև համաշխարհային պատմության արյունալի էջերով: 20-րդ դարասկիզբը ազդարարվեց Առաջին աշխարհամարտով ու մարդկության պատմության առաջին ցեղասպանության իրականացմաբ, իսկ հետո նաև Երկրորդ աշխարհամարտ և նրան ուղեկցող հոլոքոստ: Արդեն 21-րդ դարն է իր հետ բերեց Մերձավոր Արևելքի կոնֆլիկտ ու կրկին անթիվ զոհեր: Յուրաքանչյուր սոցիալ-քաղաքական տատանում ու աղետ իր պատկերավոր արտացոլքն է գտել արվեստում, որը գերզգայուն դաշտ է ինքնատիպ արտահայտչամիջոցներով և իր մարդասիրական ձայնն է բարձրացնում չարիքի դեմ:
Ցեղասպանություն վերապրած հայության մի ստվար զանգվածը, այդ թվում և արվեստագետներ, ապաստան գտան օտար ափերում: Ժամանակի ընթացքում նրանք համաշխարհային արվեստի և մշակութային զարկերակի մի կարևոր հատվածն են կազմում: Պատմական հետագա իրադարձություններն ու սոցիալ քաղաքական տենդենցները իրենց կնիքն են դրել նրանց ստեղծագործության վրա: Պատահական չէ, որ ազգությամբ հայ հայտնի նկարիչները`Ժանսեմ, Գառզու, Ժ. Օրագյան, Հ. Հակոբյան, Խ. Տեր-Հարության, Արմիս և այլք ժամանակ առ ժամանակ էմոցիոնալ և թեմատիկ անդրադարձներ են կատարել ոչ միայն հայրենակիցների և ազգային, այլ ընհանրապես հասարակության անտեսված ու մերժված ներկացուցիչների, անարդարացի երևույթների շուրջ: Դասախոսությունը ևս մեկ առիթ է ներկայացնել օտարության մեջ համաշխարհային մշակութային հոսքում ապրող և արարող հայ արվեստագետներին, որոնց երկերում ինքնատիպ արտացոլք են գտել ազգային դիմագիծ ձեռք բերած սիմվոլիզմը, միզերաբելիզմը, տաշիզմը: Նրանց կտավները ազգություն չճանաչող կարիքավորների թշվառ կեցության դիմապատկերներ են, որ ներանձնականից համամարդկային և մարդասիրական խոսքի արժեք, հնչեղություն են ստացել:
Բանախոս` արվեստաբան Հասմիկ Բադալյան
Ապրիլի 6-ին` ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի 9-րդ հարկում տեղի կունենա «Կինը` գույնի, գծի և ուրվապատկերի տիրույթում» թեմայով դասախոսություն: Դասախոսությունը նվիրված է բեյրութահայ գեղանկարիչ Պոլ Կիրակոսյանի (1926-1993) ստեղծագործությանը:
Ծնվելով Երուսաղեմում, ապրելով Լիբանանում, սովորելով Իտալիայում և Փարիզում՝ նկարիչը ստեղծագործական բուռն կյանք է վարել՝ ցուցադրվել ժամանակի լավագույն թանգարաններում, բարձր գնահատվել և լուսաբանվել տեսաբանների կողմից, արժանացել բարձրագույն կոչումների՝ այսպիսով դառնալով 20-րդ դարի արաբական աշխարհի ամենաազդեցիկ արվեստագետներից մեկը և բացահայտումներից մեկը հայրենիքում ։
Պոլ Կիրակոսյանի ստեղծագործության հիմքում ընկած է կնոջ՝ մայրության, ընտանիքի պաշտամունքը։ Ներշնչվելով 19-րդ դարավերջի /Վան Գոգ, Գոգեն/ և 20-րդ դարասկզբի/Պիկասսո, Շագալ, Յավլենսկի/ արևմտյան մի շարք իզմերով, իր մեջ կրելով հայկական մանրանկարչության և որմնանկարչության խորհուրդը, դարձավ այն երևելի ստեղծագործողներից մեկը, որը իր յուրահատուկ ձեռագրի՝ գույնի, գծի և ուրվապատկերի միջոցով կարողացավ ճանաչելի դարձնել իր արվեստը։
Բանախոս՝ արվեստաբան Մարգարիտա Խաչատրյան
Մարտի 30-ին ժամը 14:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահի 9-րդ հարկում տեղի կունենա «Ներամփոփ նկարիչը. Արձագանք անցյալից» թեմայով դասախոսություն:
Դասախոսությունը նվիրված է իտալահայ գեղանկարիչ, գրաֆիկ Ժիրայր Օրագյանի 1902-1962 (Ժերարդո Օրաք) ստեղծագործությանը:
Իտալիայում օտարությանը և հայրենիքի կարոտին չհամակերպվող, մեկուսի արարող արվեստագետը բարձր գնահատականների է արժանացել ժամանակի իտալացի տեսաբանների կողմից: Զգայական հարուստ էքսպրեսիվ ներաշխարհով առանձնացող կտավները հաճախ համեմատվել են Պիկասսոյի ստեղծագործությունների հետ: Անձնական և ազգային խորը դրամա ապրող նկարիչն ապրում էր ներամփոփ կյանքով, նյութական զրկանքների մեջ: Մեծագույն երազանքը Հայաստան վերադառնալն էր, որն այդպես էլ չիրականացավ: Օրագյանի մահից հետո հայրենիքում`Հայաստանի ազգային պատկերասրահում, վերջին հանգրվանը գտան 600-ից ավել գեղանկարներն ու գրաֆիկական թերթերը:
Մինչ օրս նկարչի կյանքն ու գործունեությունը ըստ արժանվույն չի լուսաբանվել, առաջին և միակ ցուցահանդեսը հայրենիքում 1966 թ-ին էր: 53 տարի անց այս դասախոսությունը ևս մեկ հնարավորություն է մեկնաբանել նրա անցած ուղին, վերլուծական զուգահեռներ անցկացնել այնպիսի հեղինակավոր արվեստագետների հետ, ինչպիսիք են Ա. Մոդիլիանին, Է. Շիլեն:
Բանախոս՝ արվեստաբան Հասմիկ Բադալյան
Մարտի 23-ին` ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի 9-րդ հարկում տեղի կունենա «Փառքի ստվերում. Ինքնուս նկարիչներ» թեմայով դասախոսություն:
Հայկական հաստոցային աշխարհիկ գեղանկարչության պատմությունը սկսվում է 19-րդ դարի կեսերից՝ ի դեմս Հակոբ Հովնաթանյանի։ Մասնագիտական կրթության բացակայությունը չխանգարեց տարածաշրջանում նրա փառքի ծաղկմանը, իսկ այսօր արդեն արտերկրում նրա անվան շուրջ հետաքրքրության աճին։
Հայ ինքնուս նկարիչների շարքը հետագայում համալրվեց ոչ պակաս տաղանդավոր արվեստագետների անուններով` Վանո Խոջաբեկյան, Զաքար Զաքարյան, Կարապետ Գրիգորյանց, Գայանե Խաչատուրյան և այլք։
Բանախոս` արվեստաբան Հասմիկ Բադալյան
Մարտի 16-ին` ժամը 14:00-ին, Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում տեղի կունենա «Մարիամ Աստվածածնի պատկերագրությունը» թեմայով դասախոսություն: Դասախոսության ժամանակ կներկայացվի հայկական արվեստում Մարիամ Աստվածածնի պատկերագրության ձևավորման և զարգացման ճանապարհը՝ սկսած վաղ միջնադարից մինչև 19-րդ դարի առաջին կես։ Մեր նպատակն է հանրությանը ծանոթացնել Մարիամ Աստվածածնի՝ հայկական միջնադարյան արվեստում ստեղծված լավագույն պատկերների հետ, ինչպիսիք են՝ «Ավետում», «Ծնունդ», «Տյառնընդառաջ», «Խաչելություն», «Համբարձում» և այլն։ Ստեղծվել են նաև Աստվածածնին նվիրված սրբապատկերներ՝ «Աստվածածինը մանկան հետ», «Աստվածածնի նինջը», «Աստվածածնի վերափոխումը», «Աստվածածնի յոթ վերքը» և այլն։
Դասախոսությունը կկարդա` ՀԱՊ ավագ գիտաշխատող, ա.գ.թ. Քնարիկ Ավետիսյանը:
Մարտի 9-ին՝ ժ. 14:00, Ազգային պատկերասրահում՝ 1-ին դասախոսություն՝ «Մոնմարտրի կանայք նրանց արվեստում». այն նվիրվում է փարիզյան բոհեմական միջավայրի կանանց կերպարներին, ովքեր ներշնչանքի աղբյուր են հանդիսացել Էդգար Դեգայի, Օգյուստ Ռենուարի, Անրի դը Թուլուզ-Լոտրեկի, Էդգար Շահինի ստեղծագործությունների համար․․․ Ստեղծագործելով նույն ժամանակաշրջանում, նրանք անդրադարձել են հայտնի և անհայտ կանանց պատկերմանը: Ավելին, այդ կանանց այսօր հիշում են միայն շնորհիվ իրենց դիմանկարների հեղինակների: Ովք՞եր էին և ի՞նչ դեր են ունեցել մեծանուն արվեստագետների կյանքում:
Բանախոս` արվեստաբան Հասմիկ Բադալյան
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +(374)96869944 հեռախոսահամարով, կամ գրել էլ.հասցեին` galleryarmenia@gmail.com, educationaldepartmentnga@mail.ru