Հավաքածու / Ռուսական

Գեղանկար

Ռուսական գեղանկարի հավաքածուն Հայաստանի ազգային պատկերասրահի բնահատուկ և ամբողջական մասն է կազմում: Սկսել է ձևավորվել թանգարանի կյանքի առաջին իսկ տարիներից: Բացի Լազարյան ճեմարանից և ԽՍՀՄ Պետական թանգարանային ֆոնդերից ստացված ցուցանմուշներից, հատկապես 19-20-րդ դարերի սահմանագլխի հավաքածուի ամենափայլուն մասի ձևավորման գործում կարևորվում են նաև պատկերասրահի 1950-80-ական թվականներին իրականացված սեփական ձեռքբերումները մասնավոր հավաքածուներից և արվեստագետների ընտանիքներից: Պատկերասրահում ներկայացված  են 18-20-րդ դարերի ռուս վարպետների փայլուն համաստեղության` Ֆյոդոր Ռոկոտովի (1730-1808), Օրեստ Կիպրենսկու (1782-1836), Կարլ Բրյուլլովի (1799-1852), Իլյա Ռեպինի (1844-1930), Վասիլի Սուրիկովի (1848-1916), Վալենտին Սերովի (1865-1911), Վասիլի Կանդինսկու (1866-1944), Մարկ Շագալի (1887-1985) և այլոց ստեղծագործությունները` լուսաբանելով ռուսական մշակույթի զարգացման ու կայացման կարևորագույն փուլերը, հաղորդակից է դարձնում մեզ նրա գեղարվեստական նվաճումների բարձունքներին:

16-17-րդ դարերի սրբապատկերների ոչ մեծ հավաքածուն, վերադարձնելով ազգային ավանդույթների ակունքներին, ընդգծում և առավել տեսանելի է դարձնում 17 և 18-րդ դարերի սահմանագծին տեղի ունեցած շրջադարձը դեպի աշխարհիկ արվեստը, որը հիմնականում արտահայտվել է 18-րդ դարում դիմանկարի հանդեպ հետաքրքրությամբ: Ֆյոդոր Ռոկոտովի (1835?-1808) նրբագեղ կանացի դիմանկարները, Դմիտրի Լևիցկու (1735-1822) արտահայտիչ հանդիսավոր կոմպոզիցիաները, Վլադիմիր Բորովիկովսկու (1754-1825) աշխատանքների հոգեբանական խորությունն ու զգացմունքայնությունը, արտասահմանցի նկարիչներ Լուի Տոկեի (1696-1772), Վիգիլիաս Էրիկսենի (1722-1782), Պյետրո Ռոտարիի (1707-1762) վարպետորեն արված գործերը, - բոլորին միավորում են իդեալները, սոցիալական դիրքի հետ սերտորեն կապված մարդկային անձի մասին պատկերացումը, նրա անհատականության և ներաշխարհի հանդեպ հետաքրքրությունը:

19-րդ դարն ավելի հարուստ և բազմազան է ներկայացված թանգարանում, ժանրերի ու ոճային ուղղությունների և վարպետների գեղարվեստական անհատականությունների ավելի լայն ընդգրկումով: Կլասիցիզմն ու ռոմանտիզմը, որ 19-րդ դարի առաջին կեսի հիմնական ուղղություններն են, ներկայացված են Օրեստ Կիպրենսկու (1782-1836)` Դմիտրի Ֆիլոսոֆովի (1872-1940) դիմանկարով, Կարլ Բրյուլլովի (1799-1852) վրձնին պատկանող` Պ. Կամենսկու և Մ. Բեկի դիմանկարներով և թանգարանում պահվող այլ աշխատանքներով: Կրելով նոր ժամանակների կնիքը` դրանք կերտում են կերպարների մի նոր աշխարհ` վեհ, ազնիվ ու նուրբ զգացումներով լեցուն: Այնպիսի հայտնի նկարիչների արվեստը, ինչպիսին Բրյուլլովն է, մեծ ազդեցություն գործեց ակադեմիական ոճի նկարիչներ Պյոտոր Բասինի (1793-1877), Պիմեն Օռլովի (1818-1863), Իվան Խրուցկու (1810-1885), Վլադիմիր Սվերչկովի (1821-1888) և այլոց վրա: Կերպարների պատկերման մեջ առավել մեծ կենսականության և ռեալիզմի հանդեպ ձգտումը հատկանշական է Ալեքսեյ Վենեցիանովի (1780-1847), Վասիլի Տրոպինինի (1776-1857) համար. բացի կենցաղային թեմաներով գործերից, նրանք ստեղծել են իրենց ժամանակակիցների արտահայտիչ դիմանկարների շարք: Տրոպինինի` Լազարյանների դիմանկարներն ունեն ոչ միայն գեղարվեստական, այլև պատմական արժեք: Լինելով Ռուսաստանի ամենից բարեկեցիկ ընտանիքներից մեկը` Լազարյանները հայտնի էին իրենց բարեսիրական գործունեությամբ: Ընտանիքի միջոցներով 1815 թ. Մոսկվայում հիմնադրվեց Արևելյան լեզուների ինստիտուտը (ճեմարանը), որը թարգմանիչներ էր պատրաստում Կովկասի համար` կրթություն ստանալու հնարավորություն տալով նաև չունևոր հայրենակիցներին:

Լազարյաններին, որոնք սերտ կապեր ունեին ռուս մտավորականության առաջավոր շրջանակների հետ, - այդ է վկայում և նրանց հավաքածուն, - պատկերել են ռուս նշանավոր վարպետներ Իվան Արգունովը (1723-1802), Վասիլի Տրոպինինը (1776-1857), Սերգեյ Զարյանկոն (1818-1870) և ուրիշներ. այդ նկարիչների գործերը պահվում են պատկերասրահում: Տրոպինինի` Հ.Ա. Լազարևի դիմանկարը իր լավագույն աշխատանքներից մեկն է. նկարված լինելով հանդիսավոր դիմանկարի ավանդական ոճով`այն  տոգորված է նկարչին հատուկ անկեղծ ու սրտառուչ ոգով, ստացել է մտերմիկ և կամերային հնչողություն:

Ժանրային նկարչության ռեալիստական նվաճումները բուռն զարգացում ապրեցին 19-րդ դարի երկրորդ կեսին պերեդվիժնիկների աշխատանքներում. առավել վառ դրանք արտահայտվել են այդ ուղղության ամենանշանավոր ներկայացուցիչներ Իլյա Ռեպինի (1844-1930) և Վասիլի Սուրիկովի (1848-1916) մոտ: Թանգարանի հավաքածուում պահվող նրանց գործերը լուսաբանում են վարպետների նորարարական նվաճումները պատմական և դիմանկարային ժանրերի բնագավառում: «Բուրլակ», «Մ. Կլիմենտովայի դիմանկարը», «Շիկահեր կինը», «Դ. Սոլսկու դիմանկարը» և «Մենամարտ» գործերը վկայում են Ռեպինի բացառիկ տաղանդի, պատկերվողին համապատասխանող գեղարվեստական ձևեր գտնելու կարողության, կատարման ոճի թարմության և ազատության մասին, որոնք արտահայտչականություն են հաղորդում նկարչի պատկերավոր աշխարհին:

Պերեդվիժնիկների անունների հետ է կապվում նաև բնանկարի ժանրի նորացումը: Հայրենի բնության մոտիվներին դիմելը ստեղծում էր բնապատկերների բազմազանություն ու հարստություն: Ցուցադրությունը թույլ է տալիս հետևել ժանրի զարգացման ընթացքին 19-20-րդ դարերի ժամանակահատվածում: 19-րդ դարի առաջին կեսի նկարիչներ Սիլվեստր Շչեդրինին (1791-1830) և Միխայիլ Լեբեդևին (1811-1837) հատուկ քնարական տարրը զարգացում ապրեց հետագայի վարպետների արվեստում` ազգային բնապատկերի հիմնադիր Ալեքսեյ Սավրասովի (1830-1897) նրբին զգացումներով լեցուն գործերում, Ֆյոդոր Վասիլևի (1850-1873) էտյուդներում, Վասիլի Պոլենովի (1844-1927)` լույսով ու օդով հագեցած աշխատանքներում, Իսահակ Լևիտանի (1860-1900) երաժշտական հնչողությամբ օժտված բնապատկերներում, Վալենտին Սերովի (1865-1911) ընդհանրացված բնույթի կոմպոզիցիաներում, Կոնստանտին Կորովինի (1861-1939) իմպրեսիոնիստական բնապատկերներում: Ռեալիստական բնանկարի մեկ այլ օրինակ են Իվան Շիշկինի (1832-1898) և Արխիպ Կուինջիի (1814/42-1910) գործերը, որոնց հատուկ է մոնումենտալության ձգտումը, կերպարների մասշտաբային պատկերումը. այդ հատկանիշները բնորոշ են նաև թանգարանում պահվող էպիկական շնչով տոգորված կոմպոզիցիաներին:

19-րդ և 20-րդ դարերի սահմանագծի վարպետների աշխատանքները թանգարանում  ներկայացված են առավել ամբողջական կերպով. դրանց թվում շատ գլուխգործոցներ կան: Վալենտին Սերովը (1865-1911) Մ. Ակիմովայի դիմանկարը հիշատակում է իր լավագույն հինգ դիմանկարների շարքում. այն առանձնանում է նկարչի ստեղծագործության մեջ պատկերավոր միջոցների բացառիկ համարձակությամբ և գունային լուծման գեղեցկությամբ: Նրա հարուստ ներկապնակը, որ կառուցված է հագեցած, հյութեղ կարմիր ու կապույտ գույների, սպիտակ, սև ու ոսկեգույն նրբաճաշակ տոների համադրումով, ընդգծում է արևելցի բնորդուհու կանացի գեղեցկությունը, փխրունությունն ու նուրբ հմայքը: Ալեքսանդր Բենուայի (1870-1960), Ալեքսանդր Գոլովինի (1863-1930) թատերական-դեկորացիոն նկարչությունն ու կոմպոզիցիաները, Կոնստանտին Սոմովի (1869-1939)` անցած դարաշրջանների շունչը ոգեկոչող ստեղծագործությունները, Զինաիդա Սերեբրյակովայի (1906-1991) ինքնադիմանկարը, Աննա Օստրոումովա-Լեբեդևայի (1871-1955) պետերբուրգյան մոտիվները, Նիկոլայ Ռերիխի (1874-1947) թատերական աշխատանքները, - սրանք լոկ մի մասն են կազմում թանգարանում ցուցադրվող «Միր իսկուստվա» միավորման անդամների բազմազան ստեղծագործությունների, միավորում, որին հատուկ են արվեստների սինթեզի ձգտումը, անցյալի մշակութային ժառանգության հանդեպ չմարող հետաքրքրությունը: Այդ տենդենցներն արտահայտող նույնանուն պարբերականն իր շուրջն էր համախմբել Ռուսաստանի լավագույն արվեստագետներին` կանխորոշելով դարաշրջանի հիմնական գեղարվեստական ուղղությունները. դրանք էին՝ ռուսական իմպրեսիոնիզմի ամենավառ ներկայացուցիչ Կոնստանտին Կորովինը (1861-1939), սիմվոլիստ Միխայիլ Վրուբելը (1856-1910), «Գոլուբայա ռոզա» միավորման ապագա անդամներ Նիկոլայ Սապունովը (1880-1912), Սերգեյ Սուդեյկինը (1882-1946). Պավել Կուզնեցովի (1878-1965), Պյոտր Ուտկինի (1877-1934), Մարտիրոս Սարյանի (1880-1972), Կուզմա Պետրով-Վոդկինի (1878-1939) հետ համատեղ նրանք զարգացրին ռուսական գեղանկարում նշանակալից ուղղություններից մեկի` սիմվոլիզմի գեղագիտական սկզբունքները: Սիմվոլիստների կրտսեր սերունդը, չնայած ստեղծագործական կարողությունների ու տաղանդի բնույթի տարբերությանը, միասնական է արվեստում սուբյեկտիվ ապրումների, տեսանելիից անդին ներթափանցել ձգտող հոգու զգացումների արտահայտմամբ. նրանք կարողացան հարստացնել սիմվոլիզմն իրենց ստեղծած նոր գեղանկարչական կերպարների համակարգով:

Իբրև ամբողջական ուղղություն իրեն սպառած լինելով 1910-ականների սկզբում` սիմվոլիզմն, այդուհանդերձ, մեծ ազդեցություն գործեց ռուսական ավանգարդի նկարիչների առաջին քայլերի վրա: Վերջինս միավորում էր տարբեր գեղարվեստական կողմնորոշումների վարպետների` Նատալյա Գոնչարովային (1881-1962), Միխայիլ Լարիոնովին (1881-1964), Պավել Ֆիլոնովին (1883-1941), ռուսական մշակույթի հետ սերտորեն կապված Վասիլի Կանդինսկուն (1866-1944), Մարկ Շագալին (1887-1985), «Բուբնովի վալետ» միավորման անդամներ Պյոտր Կոնչալովսկուն (1876-1956), Ալեքսանդր Կուպրինին (1880-1960), Ռոբերտ Ֆալկին (1886-1958) և ուրիշներին: Նրանք իրենց ստեղծագործության մեջ զուգակցում էին ազգային գեղանկարի, սրբանկարչության, պրիմիտիվ նկարչության, քաղաքային արվեստի ավանդույթները և արևմտաեվրոպական արվեստի` պոստիմպրեսիոնիզմի, կուբիզմի և այլ ուղղությունների նվաճումները:

Միջազգային ցուցահանդեսներին մշտական մասնակցություն բերած ավանգարդիստ նկարիչների` պատկերասրահում պահվող ստեղծագործություններն էլ հենց կանխորոշում են այսօր հավաքածուի համբավը: Թանգարանի հավաքածուի գլուխգործոցներից է Վասիլի Կանդինսկու (1866-1944) «Արևելյան սյուիտ. Արաբներ III» գործը. նկարիչն այն ստեղծել է 1911 թվականին` իր համար շրջադարձային ժամանակահատվածում, երբ նրա արվեստում ի հայտ էին գալիս նոր` աբստրակտ նկարչության ձևեր: Կտավի հորինվածքի դինամիկան պայմանավորված է թռչող հեծյալների, կուժի և կանացի ֆիգուրի ուրվագծերի վերածվող գծերով, ձևերով և բծերով: Այս բոլոր պատկերները ճանաչելի են և միևնույն ժամանակ դրանք ավանդաբար Արևելքի հետ կապված նշաններ ու սիմվոլներ են: Համաձույլ, միասնական և կարծես տաք ու սառը գույների հակադրությունից ծնված` դրանք պայմանավորում են կտավի տրամադրությունը` վերարտադրելով Արևելքի կոլորիտը, ոգին, մթնոլորտը, կերտելով ուրույն` նրան համահունչ գունային սիմֆոնիա:

Հավաքածուի մեկ այլ գլուխգործոց է Մարկ Շագալի (1887-1985) «Ամառանոցը»: Ստեղծված լինելով 1917 թվականին` վարպետի կյանքի մի երջանիկ ժամանակաշրջանում, կոմպոզիցիան գրավիչ է անկեղծությամբ և Շագալի տաղանդին հատուկ բանաստեղծական ոգու շնորհիվ:

Պոլ Սեզանի ռուս հետևորդներ` «Բուբնովի վալետ» միավորման նկարիչներ Իլյա Մաշկովի (1881-1944), Ալեքսանդր Կուպրինի (1880-1960) և նրանց հարող Միխայիլ Լարիոնովի (1881-1964), Նատալյա Գոնչարովայի (1881-1962) աշխատանքները ռուսական հավաքածուի զարդն են: Թանգարանում պահվում է Ռոբերտ Ֆալկի (1886-1958) ավելի քան տասնհինգ կտավ, որոնք նրա գլուխգործոցներն են և վկան են մեծ վարպետության ու գույնի հազվագյուտ զգացողության, որ արտահայտվել են նաև նրա լավագույն աշխատանքներից մեկում` «Վարդագույն շալով կինը»` նկարչի կնոջ` Ա. Շչեկին-Կրոտովայի դիմանկարում: Վարդագույն և մոխրագույն տոներով մշակված կոլորիտը հաղորդում է բնորդուհու նրբագեղությունն ու կանացիությունը` կերպարն օժտելով առանձնահատուկ ոգեղնությամբ ու քնարական հնչողությամբ:

Թանգարանում ցուցադրված են նաև սովետական դպրոցի վարպետների աշխատանքները: Չնայած ցուցանմուշները բազմաթիվ չեն, այնուամենայնիվ դրանք ընդգրկում են այդ շրջանի կարևորագույն փուլեր. սովետական առաջատար նկարիչներ Պյոտր Կոնչալովսկու (1876-1956), Արկադի Պլաստովի (1893-1972), Պավել Կորինի (1892-1967), Սերգեյ Գերասիմովի (1885-1964), Ալեքսանդր Դեյնեկայի (1899-1928), Տատյանա Յաբլոնսկայայի (1917-2005), «խիստ ոճի» ներկայացուցիչներ Անատոլի Նիկիչի (1918), Վիկտոր Պոպկովի (1932-1974), այլ ժամանակակից վարպետների` Ալեքսանդր Սուխանովի (1945), Նատալյա Նեստերովայի (1944), Յուրի Ժարկիխի (1938), Պավել Կոնդրատևի (1902-1985) ստեղծագործությունները, որոնք հնարավորություն են ընձեռում բացահայտելու ինչպես վարպետների ստեղծագործական ձգտումները, այնպես էլ մի ողջ դարաշրջանի աշխարհայացքը: