Հավաքածու / Շտեմարան



Թերլեմեզյան Փանոս Պողոսի

(1865 - 1941)

(1865, Վան - 1941, Երևան)
Գեղանկարիչ, հասարակական գործիչ Փանոս Թերլեմեզյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի պատմական Վասպուրական նահանգի Վան քաղաքում: Մասնագիտական կրթություն ստացել է նախ Վանի Փորթուգալյան վարժարանում, այնուհետև` 1895 թ., Պետերբուրգի Գեղարվեստից ակադեմիայում: 1987 թ. մեկնել է Էստոնիա` Տալլին, այդտեղ էտյուդներ կատարելու, սակայն ձերբակալվել է և երեք տարի անցկացրել Ռևելի բանտում, հետագայում տեղափոխվել Թիֆլիսի Մետեխի բանտ, այնտեղից էլ աքսորվել Պարսկաստան: Անգամ այս պայմաններում նկարիչը շարունակել է ստեղծագործել: 1899 թ. Թերլեմեզյանին հաջողվում է ձեռք բերել նոր անձնագիր և մեկնել Ֆրանսիա: Փարիզում չորս տարի նկարիչը հաճախում է Ժյուլիեն ակադեմիա` աշակերտելով Ժան-Պոլ Լորանսին, Բենժամեն Կոնստանին: Այս ընթացքում գեղանկարիչը կատարելագործվում է և ձեռք բերում մասնագիտական մեծ փորձ, Լուվրում ընդօրինակում է հին վարպետների գլուխգործոցներ: 1903 թ. Թերլեմեզյանը վերադառնում է Կովկաս, մասնակցում Գեղարվեստը խրախուսող ընկերության կազմակերպած ցուցահանդեսին` ներկայացնելով Փարիզից բերած մի շարք աշխատանքներ` «Տաճարը», «Մահարձանի մոտ»… Այս շրջանում` 1904-1905 թթ., արվեստագետը ստեղծում է հայրենի բնաշխարհը ներկայացնող մի շարք բնանկարներ` «Էջմիածնի վանքը», «Արարատի տեսարանը», «Սանահինի վանքը», «Լոռեցի հովիվը» և այլն: 1905-1906 թթ. նկարչության դասեր է տալիս Թիֆլիսի Ներսիսյան և Հովնանյան դպրոցներում: 1908 թ. Թերլեմեզյանը կրկին մեկնում է Փարիզ: Արդեն ձևավորված նկարիչը այնտեղ առկա գեղարվեստական որևիցե ուղղության չի հարում` պահպանելով ռեալիստական ուրույն ձեռագիրը: 1910 թ. արվեստագետը վերադառնում է Կ. Պոլիս, նկարիչ Լևոն Քյուրքչյանի հետ բացում ցուցահանդես, որտեղ ներկայացված 145 աշխատանքներից 90-ը պատկանում են նրա վրձնին: 1913 թ. Թերլեմեզյանը երեք աշխատանք է ուղարկում Մյունխենի ցուցահանդես և արժանանում ոսկե մեդալի: 1914 թ. գարնանը նկարիչը ուղևորվում է Վան, վրձնում տեղի բնանպատկերների մի շարք գործեր: Սկսվում է Առաջին աշխարհամարտը: Այդ օրհասական օրերին Թերլեմեզյանն իր ժողովրդի կողքին է, ակտիվորեն մասնակցում է Վան-Վասպուրականի ինքնապաշտպանությանը: 1918-1919 թթ. արվեստագետն անդրադառնում է բոսֆորյան ծովափնյա բնանկարներին, իսկ 1922 թ. վերջին անգամ այցելում է Կ. Պոլիս: Մինչև Հայաստան վերադառնալը շուրջ քսանհինգ տարի շրջագայում է տարբեր երկրներում (Եգիպտոս, Ալժիր, Ֆրանսիա, Ամերիկա և այլուր), ստեղծագործում անսպառ եռանդով, հասնում բարձր վարպետության: Աշխատում է թե՜ բնանկարի, թե՜ դիմանկարի և թե՜ նատյուրմորտի ժանրերում: Շատ անգամ հալածված և օտար ափերում դեգերած արվեստագետն ի վերջո հանգրվանում է Մայր հայրենիքում 1928 թ.: Երևանում 1929, 1941 թթ., Թիֆլիսում 1930, 1965 թթ. և 1949 թ. Մոսկվայում կազմակերպվում են նկարչի անհատական ցուցահանդեսները: 1935 թ. նրան շնորհվում է Խորհրդային Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչում, նրա անունով է կոչվում Երևանի գեղարվեստական ուսումնարանը: Փանոս Թերլեմեզյանը մահացել է 1941 թ. Երևանում` կտակի համաձայն Հայաստանի ազգային պատկերասրահին ավանդելով շուրջ 800 աշխատանք: