Հավաքածու / Շտեմարան



Բուդեն Էժեն

(1824 - 1898)

Ֆրանսիացի գեղանկարիչ Էժեն Բուդենը (1824-1898) պլեներային բնանկարի հիմնադիրներից է: Նրա արվեստը հարում է Բարբիզոնյան դպրոցին և իմպրեսիոնիզմին: Բուդենն իր արվեստով ազդել է իմպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ Կլոդ Մոնեի վրա, եղել է նրա առաջին ուսուցիչը:
Գեղանկարչություն սովորել է Հավրում, այնուհետև Փարիզում` ծովանկարիչ Էժեն Իզաբեի մոտ, հետևել է Ժ. Միլլեի, Կ. Տրուայոնի, Տ. Կուտյուրի, Ի. Յոնկինդի խորհուրդներին: Իր կյանքի մեծ մասը Բուդենն անցկացրել է Ֆրանսիայի հյուսիսում, այցելել է Բելգիա, Հոլանդիա, Իտալիա:
Նկարչի վաղ աշխատանքները վառ դրվագներ են առօրյա կյանքց` կատարված իմպրեսիոնիստական մաներայով: Ավելի ուշ ստեղծված գործերը հիմանակնում ծովանկարներ են: Դրանցում նկարչին հաջողվել է փոխանցել բնության վաղանցիկ իրավիճակները, հիմնականում փոթորկից առաջ կամ հետո: Իրականում Բուդենն իրեն չի համարում իմպրեսիոնիստ, սակայն 1874 թ. մասնակցել է իմպրեսիոնիստների առաջին ցուցահանդեսին: Նկարչի թեթև, լույսով ողողված օդային բնանկարները լի են խոնավ, արծաթավուն, թափանցիկ մթնոլորտով ու ծովափերի անկրկնելի գեղեցկութամբ: