Հավաքածու / Շտեմարան



Մախոխյան Վարդան Արիստակեսի

(1869 - 1937)

(1869, Տրապիզոն (Թուրքիա) - 1937, Նիցցա (Ֆրանսիա)
Ծովանկարիչ Վարդան Մախոխյանը ծնվել է Սև ծովի ափին` Տրապիզոն քաղաքում 1869 թ.: Սկզբնական կրթությունը ստացել է Կարնո Սանասարյան վարժարանում, հետագայում` 1891 թ., մեկնելով Գերմանիա, ընդունվել է Բեռլինի Գեղարվեստից ակադեմիա, որտեղ և աշակերտել է գերմանացի բնանկարիչ Օյգեն Բրախտին, նորվեգացի հայտնի ծովանկարիչ Հանս Գուդեին: Ուսումնառության երեք տարիների ընթացքում Մախոխյանը մասնագիտացել է որպես ծովանկարիչ, 1894 թ. եղել Ղրիմում, ծանոթացել Հովհ. Այվազովսկու հետ: Հանճարեղ ծովանկարչի հետ անձնական ծանոթությունն ու բարեկամությունը մեծ ազդեցություն և նշանակություն ունեցան երիտասարդ նկարչի հետագա ստեղծագործական կյանքի և գործունեության վրա: Ռուսաստանում եղած ժամանակահատվածում Մախոխյանը վրձնեց մի շարք ծովանկարներ`<<Փոթորիկ Սև ծովում>>, <<Ավերակ Սև ծովի ափին>>, ինչպես նաև ցամաքային բնանկարներ` <<Ռուսական գյուղը ձմռանը>>, <<Գյուղական տնակներ>> և այլն: Վերադառնալով Բեռլին` նա առաջին անգամ ցուցադրում է իր աշխատանքները 1900 թ., արդեն 1904թ-ին ընդունվում է Բեռլինի Նկարիչների Միության անդամ: Մեկնելով Եգիպտոս` նույն թվականին անհատական ցուցահանդեսներ է ունենում նախ Կահիրեում, ապա Ալեքսանդրիայում` ներկայացնելով 150-ից ավելի աշխատանք: Շարունակելով ստեղծագործական եռանդուն գործունեությունը` Մախոխյանը մեկնում է Դանիա, Իտալիա` Նեապոլի շրջան` Կապրի կղզի, Ներվի: 1907թ. իր ստեղծագործություններով մասնակցում է Բեռլինում կայացած <<Գաղութային>> մեծ ցուցահանդեսին, նույն տարում Մախոխյանը մասնակցում է նաև Մյունխենում և Դյուսելդորֆում կայացած ցուցահանդեսներին: Մինչև 1918 թ. նկարիչը բնակվել և ստեղծագործել է Բեռլինում: Ժամանակ առ ժամանակ Մախոխյանն ուղևորվել է Մերձավոր Արևելք, այցելել Տրապիզոն, շրջագայել Եվրոպայի ծովափնյա եզրերում: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում Գերմանիայում տիրող անհանգիստ ու խառնաշփոթ մթնոլորտում այլևս չկարողանալով աշխատել` արվեստագետը տեղափոխվում է նախ Լոնդոն (այնտեղ ունենում է անհատական ցուցահանդես), ապա Ֆրանսիա: Պատերազմի դժվար տարիները նկարիչն անցկացնում է Ֆրանսիայում: Շրջելով նրա գեղատեսիլ ծովափնյա բնակավայրերում` Մախոխյանն ի վերջո հաստատում է Ֆրանսիայի հարավում, Միջերկրականի ափին` Նիցցայում: Ֆրանսիայի հարավում արձանագրած առաջին հաջողությունը 1923 թ. Մարսելի <<Լամբեր>> պատկերասրահում բացված ցուցահանդեսն էր, որտեղ ներկայացվեցին <<Փոթորիկ Ներվիի մոտ>>, <<Նավաբեկության մնացորդները>> և այլ աշխատանքներ: Նկարչի առաջին մասնակցությունը Փարիզի <<Սալոնին>> տեղի է ունեցել 1921 թ.` <<Ռուսական տափաստաններ>>, <<Քատեկատ>> գործերով (վերջինս գնվել է Նիցցայի Գեղարվեստից թանգարանի համար): 1922, 1927 թթ. ևս Մախոխյանը մասնակցել է <<Սալոնի>> ցուցահանդեսներին, իսկ 1925-ին անհատական ցուցահանդես է բացել Փարիզի <<Ալլար>> պատկերասրահում, որը մեծ արձագանք գտավ Փարիզի մամուլի էջերում: Նույն թվականին էլ գեղանկարիչն արժանանում է ֆրանսիական կառավարության հատուկ գնահատականի`<<ՙՊատվո լեգեոնի>> շքանշանի: Փարիզում Մախոխյանը մասնակցել է նաև իր հայրենակից ընկերների կազմակերպած <<Անի>> միության 1927, 1930 թթ. ցուցահանդեսներին: Հետագայում անհատական ցուցահանդեսներ են բացվել 1931, 1932 թթ. Նիցցայում` Պալե դը լա Մեդիտերանեի սրահներում` շուրջ 50 գործով: Ցուցահանդեսներն ունեցան մեծ հաջողություն, նման հաջողության արժանացավ նաև նկարչի 1936 թ. նույն վայրում կայացած վերջին ցուցահանդեսը:
Վ. Մախոխյանը մահացել է 1937 թ. Նիցցայում: Հայրենասեր նկարիչը մեկն էր սփյուռքահայ այն արվեստագետներից, որոնք առաջինը մեծ խանդավառությամբ արձագանքեցին 1923 թ. Խորհրդային Հայաստանի լուսժողկոմ Ա. Մռավյանի խնդրանքին` օգնել նորաստեղծ Պետական թանգարանին, և հայրենիք ուղարկեց մի շարք աշխատանքներ: