Հավաքածու / Շտեմարան



Ադամյան Կարապետ (Շառլ) Մկրտչի

(1872 - 1947)

(1872, Կ. Պոլիս – 1947, Փարիզ
Սփյուռքահայ գեղանկարիչ Կարապետ Ադամյանը ծնվել է Կ. Պոլսում, ոսկերչի ընտանիքում: Նկարչական հմտություններ է ձեռք բերել Պոլսում` Մելքոն Տիրացույանի մոտ: Որպես օժտված ուսանողª 15 տարեկանում Պոլսո Պանկալտիի Մխիթարյան դպրոցի կողմից ուղարկվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆաելյան վարժարան (1887-1893), միաժամանակ հաճախում է իտալացի պրոֆեսորներ Ա. Պաոլետտիի և Տ. Տալյիպիետրայի կերպարվեստի մասնավոր դասընթացները: Սակայն Ադամյանը չավարտած ակադեմիական կրթության լրիվ շրջանը վերադառնում է ծննդավայր: Պոլսի Բերա թաղամասում 1895 թ. բացում է իր առաջին ցուցահանդեսը` բաղկացած Իտալիայից բերված և տեղում ստեղծած գործերից: Միառժամանակ աշխատում է սուլթանական պալատի խեցեգործական արվեստանոցում:
1897 թ. Կ. Ադամյանը հեռանում է հայրենիքից և մշտական բնակություն հաստատում Փարիզում: Ծանոթանալով Փարիզի ծավալած լայն գործունեությանը հայտնի հրատարակչությունների` <<Աշեթ>>-ի, <<Պիեռ Լաֆիթ>>-ի հետ` կանոնավոր աշխատանքի է անցնում նրանց մոտ: Մինչև համաշխարհային առաջին համաշխարհային պատերազմի ավարտը արդեն Ադամյանը պատկերազարդում է շուրջ 150 գիրք` Ռ. Բազենի, Ա. Ֆրանսի, Գ.դը Մոպասանի և այլոց երկերը, զբաղվում է նաև պլակատային արվեստով: 1903 թ. Ադամյանը կանոնավոր մասնակցել է Նասիոնալ ընկերության <<Սալոնններին>>, իսկ 1927 թ. դարձել է նրա անդամ: Ունեցել է անհատական ցուցահանդեսներ` <<Ալլար>> (1921), Ժորժ Պըտի (1923, 1935), Սիմոնսոն (1928, 1930), Ռոզենտալ (1936) սրահներում, ինչպես նաև Բրյուսելում (1925), Ստրասբուրգում (1926): Մասնակցել է <<Անի>> և <<Հայ ազատ արվեստագետների>> ընկերությունների ցուցահանդեսներին: Կ. Ադամյանը ստեղծել է բազմաթիվ դիմանկարներ և հատկապես մեծ հաջողությունների է հասել բնանկարի ժանրերում` պատկերելով առավելապես ծովափնյա տեսարաններ (<<Ալիք>>, <<Օվկիանոսի առջև>>, <<Լողափի տեսարան>>): Դիմանկարի ժանրի լավագույն աշխատանքներից են Ժան Ռամոյի, Ռ. Շիշմանյանի, Տ. Եսայանի և այլոց դիմանկարները: