Հավաքածու / Շտեմարան



Ճիվանյան Մկրտիչ Հովհաննեսի

(1848 - 1906)

(1848, Կ. Պոլիս -1906, Կ. Պոլիս)
Արևմտահայ ծովանկարիչ Մկրտիչ Ճիվանյանը ծնվել է 1848 թ. Կ. Պոլսի արվարձաններից մեկում` Բոսֆորի ափին բարձրացող Պեշիկթաշ հայաշատ գյուղում, արքունական երաժշտի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում` նկարչության ուսուցիչ Ա. Սարգսյանի դասարանում, միաժամանակ ծնողների ցանկությամբ այցելել է տարբեր արհեստավորական և առևտրական ընկերություններ: Արդեն 1860-ական թթ. պատանի Ճիվանյանը հաճախում է Պոլսի Հովհ. Գասպարյանի թատրոն-կրկեսը` <<Ամառային թատրոնը>>, շուտով դառնում թատրոնի նկարիչ-ձևավորող Հարություն Հեքիմյանի օգնականը, մասնակցում բեմադրությունների ձևավորումների: Փորձի ձեռքբերման առումով բեղուն էին 1860-1870-ական թթ., երբ նա աշխատեց սուլթանական պալատում` մասնակցելով որմնանկարչական աշխատանքների: Շփումը ժամանակի անվանի հայ արվեստագետներ Պալյանների, եվրոպացի արվեստագետների հետ դրական ազդեցություն ունեցավ ապագա գեղանկարչի արվեստի ձևավորման վրա: Ճիվանյանը սկսեց աշխատել թե’ որպես թատերական ձևավորող, թե’ որպես զարդանկարիչ: Այս ամենի հետ մեկտեղ նա ժամանակ էր գտնում այցելելու Պոլսի գեղատեսիլ վայրերը և պատկերելու գողտրիկ բնանկարներ: Հատկապես Ճիվանյանին հոգեհարազատ էին Բոսֆորի ծովահայաց տեսարանները` իրենց կանաչազարդ բնությամբ և գունագեղ, պայծառ մթնոլորտով: Նրա ստեղծագործությունների շարքում զգալի թիվ են կազմում Այվազովսկու արվեստից ներշնչված երկերը: Վերջինիս հետ Ճիվանյանը բախտ էր ունեցել անձնապես ծանոթանալու մեծ ծովանկարչի Կ. Պոլիս այցելության ժամանակ: Ճիվանյանի մասնակցությամբ առայժմ հայտնի է մեկ ցուցահանդես` լուսաբանված ժամանակի մամուլում: Խոսքը 1882 թ. Պիրեայում կազմակերպված ցուցահանդեսի մասին է. 15 հայ արվեստագետներից մեկն էր Ճիվանյանը, որը ներկայացել էր 4 աշխատանքով` <<Լորդ Բայրոնի երազը>>, <<Գարուն>>, <<Առավոտ ծովի վրա>>, <<Հրդեհ Ստամբուլում>>:
Համիդյան հայաջինջ քաղաքականությունը ստիպում է Ճիվանյանին հեռանալ Կ. Պոլսից և հաստատվել Օդեսայում, որտեղ նա ապրում է շուրջ յոթ տարի, այնուհետև չորս տարի Պետերբուրգում և միայն 1905 թ. վերադառնում է ծննդավայր և մեկ տարի անց կնքում է իր մահկանացուն: