Հավաքածու / Շտեմարան



Աբեղյան Մհեր Մանուկի

(1909 - 1994)

26.01.1909, Վաղարշապատ-20.11.1994, Երևան
Հայաստանի ժողովրդական նկարիչ Մհեր Աբեղյանը այն հայ արվեստագետներից է, որոնք ակտիվորեն նպաստել են խորհրդային շրջանի հայ կերպարվեստի զարգացմանը: Նկարիչը ծնվել է 1909թ. հունվարի 26-ին Վաղարշապատում: Նրա հայրն է անվանի գիտական, հայագետ Մանուկ Աբեղյանը: 1927-ին ավարտել է Երևանի Գեղարդ տեխնիկումը (դասատուներ` Ստ.Աղաջանյան, Ս.Առաքելյան), 1927-1930-ին սովորել է բարձրագույն գեղարվեստատեխնիկական ինստիտուտում (դաստուներ` Ս.Գերասիմով,Ա. Դրևնին, Ն. Ուդալցովա), 1931-ին ավարտել է Լենինգրադի պրոլետարական կերպարվեստի ինստիտուտը (դասատու` Ա.Օսմյորկին): Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է հայրենիք, ստեղծագործել և կազմակերպել է անհատական ցուցահանդեսներ Հայաստանում, ԽՍՀՄ-ում և աշխարհի մի շարք երկրներում, որոնց թիվն անցնում է երկու տասնյակից: Մասնակցել է արտասահմանյան և միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների: Մ.Աբեղյանը զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ` դասավանդել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվ. գեղարվեստական ուսումնարանում` 1937-1945թթ. Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում` 1954-1959թթ.: Հայրենի քաղաքին նվիրաբերած ստեղագործությունների հիման վրա նկարչի կենդանության օրոք`1990 -ին, Էջմիածնում բացվել է Մհեր Աբեղյանի թանգարանը, որը Հայաստանի Ազգային պատկերասրահի մասնաճյուղերից մեկն է:
Մհեր Աբեղյանի գլխավոր թեման Հայաստանն է, որի անցյալի և հատկապես ներկա կյանքի պատկերը արվեստագետը յուրովի է մարմնավորել բնանկարներում, և հողագործի աշխատանքի ու կենցաղի դվագներով ժանրային ու թեմատիկ-կոմպոզիցիոն աշխատանքներում, նատյուրմորտներում, իր ժամանակակիցների դիմանկարներում: Նկարիչը նախընտրում է լայն տարածական ընդգրկում ունեցող, արևի պայծառ լույսով ողողված բնանկարներ, որոնցում տիրում է ներքին հավասարակշռության, անդորրի զգացումը և կյանքի բանաստեղծական ընկալումը (<<Ջրաշատ գյուղը>>, <<Դլե յաման>>, <<Բյուրականի աշունը>>): Երբեմն բնանկարում ավելանում են առօրյա աշխատանքով զբաղվող մարդկանց ընդհանրացված պատկերներ` արտահայտելով կյանքի հարատևման, հայրենի հողի ու մարդու անքակտելի կապի մասին նկարչի խոհերն ու մտորումները: Երբեմն լեռնաշխարհի կերպավորման ձևերի ընդհանրացման ու վառ, դեկորատիվ հնչեղության շնորհիվ նկարիչը ստեղծում է հայրենի երկրի հավաքական պատկերը (<<Հայրենիք>>, <<Մայր Հայաստան>>, <<Հաց>> եռանկարներ): Այդ աշխատանքները գեղարվեստական լեզվով ու այլաբանական բովանդակությամբ աղերսվում են Հայրենիքի կերպարի սարյանական մեկնաբանմանը:
Նկարչին հարազատ է հայ կերպարվեստում լայն տարածում գտած նատյուրմորտի ժանրի հիմնական թեման ու կենսահաստատ պաթոսը: Մ.Աբեղյանը նկարում է հայակական արևահամ մրգեր ու պտուղներ, դաշտային ծաղիկներ, որոնք առանձնանում են պայծառ գույներով ու դեկորատիվությամբ (<<Աշնանային նատյուրմորտ>>, <<Երևանի պտուղներըն>>, <<Նատյուրմորտ հին հայկական խեցեղոնով>>): Ազգային կարպետի, խեցեղենի, կենցաղային իրերի միջոցով նա շնչավորում է միջավայրը` յուրատեսակ կապ ստեղծելով անցյալի ու ներկայի միջև:
Մ.Աբեղյանի արվեստում առանձնապես շատ չեն դիմանկարները: Նա նկարել է ծանոթ ու հարազատ մարդկանց` շեշտելով բնորդի խառնվածքի ու ներաշխահի բնորոշ գծերը:
Նկարիչն ամբողջ կյանքում զբաղվել է գրաֆիկայով, աշխատել տարբեր նյութերով ու տեխնիկաներով (մատիտ, ածուխ, սանգինա, կավճամատիտ, գծանկար, լինոփորագրություն, օֆորտ), ստեղծել հայրենի բնության, գյուղական կյանքին ու կենցաղին նվիրված քնարական պատկերներ ու դիմանկարներ:
Մ.Աբեղյանի կենսահաստատ ու լավատեսակ ոգեշնչումով արվեստն իր ուրույն տեղն է գրավում նորագույն շրջանի հայ արվեստում:
Մ.Աբեղյանը մահացել է 1994-ին Երևանում: