Հավաքածու / Շտեմարան



Գյուրջյան Գաբրիել Միքայելի

(1892 - 1987)

Գաբրիել Գյուրջյան

Խորհրդային շրջանի հայ գեղանկարչության նշանավոր ներկայացուցիչներից է Հայաստանի ժողովրդական նկարիչ (1945) Գաբրիել Գյուրջյանը (1892թ., Արդվին-1987 թ. Երևան): Նա սովորել է Պենզայի Գեղարվեստական բարձրագույն գեղարվեստական արվեստանոցներում, որն ավարտել է 1920-ին: Ուսանողական տարիներից սկսած Գ.Գյուջյանը մասնակցել է ռուս առաջադեմ նկարիչների` <<Բելի մեդվեդ>>, <<Վոլժսկի սոյուզ>> խմբակցությունների ցուցահանդեսներին:
Գ.Գյուրջյանը 1922-ին եկել է Հայաստան , մշտական բնակություն հաստատել Երևանում: Այս շրջանից սկսվում նրա ակտիվ ստեղծագործական, մանկավարժական, գիտական և հասարակական գործունեությունը: Շուրջ 35 տարի դասավանդել է նորաբաց մասնագիտական ուսումնական հաստատություններում` Երևանի Գեղարդ տեխնիկումում (1923-1935). Երևանի Պոլիտեխնիկական (1929-1935) և Գեղարվեստաթատերական (1945-1958) ինստիտուտներում, գրել 20-րդ դարի հայ նկարիչներին նվիրված մենագրություններ և պարբերական մամուլում հրատարակել բազմաթիվ հոդվածներ:Նրա նախաձեռնությամբ 1939թ. ստեղծվել է և որոշ ընդհատումներով առ այսօր գործում է <<Նկարիչների շրջիկ արվեստանոցը>>: Տարբեր նախասիրությունների տեր արվեստագետներին հնարավորություն է տրվել միասին այցելելու հանրապետության տարբեր շրջաններ, ստեղծագործելու բնության գրկում, շփվելու իրար հետ, կազմակերպելու ցուցահանդեսներ:
Գյուրջյանը հիմանականում աշխատել է բնանկարի ժանրում, որը հարստացրել է նոր թեմաներով: Նկարչի գեղարվեստականլեզվի ձևավորման հարցում նշանակալից դեր են խաղացել ինչպես 20-րդ դարի ռուս ռեալիստական գեղանկարչության ավանդույթը, այնպես էլ եվրոպական արվեստում մշակված պլեներային նկարչության սկզբունքները: Հատկապես մեծ է նկարչի հետաքրքրությունը իմպրեսիոնիստների արվեստի նկատմամբ, որից քաղած դասերն առավել ցայտուն դրսևորվել են 1920-1950-ական թվականների գործերում: Աշխատանքների գերակշռող մասը հայրենի Արդվինի, հետագայում Սևանի, Արագածի, Զանգեզուրի, Գառնի գեղատեսիլ վայրերից արված <<մաքուր>> բնապատկերներ են` տոգորված հայրենիքի նկատմամբ սիրո, հիացմունքի ու ներքին հպարտության զգացումով: Նկարիչն աշխատել է շարքերով և նույն տեղանքի պատկերման համար ամեն անգամ կարողացել է գտնել կոմպոզիցիոն հետաքրքիր կառուցված, տարվա եղանակի, օրվա պահի և տրամադրության համապատասխան երանգավորում :
Ամուր գծանկարով, կոմպոզիցիոն ավարտավածությամբ, միաժամանակ օդալուսային միջավայրի անմիջական տպավորության վերարտադրումով են առանձնանում թանգարանի մշտական ցուցադրությունում ընդգրկված <<Հրազդան գետի կամուրջը>> (1923), <<Ղարաքիլիսայի լեռները. Մայրամուտ>> (1923), << Չըռ-չըռ գյուղը . Էտյուդ>> (1926), << Ծաղկաձորի բնանակար>> (1928) << Հին Երևանն իմ պատուհանից>> (1944) բնանկարները: 1940-50-ական թվականների գործերում նկարիչը ձգտում է մարմանվորել հայրենի երկրի մոնումենտալ, ընդհանրացված կերպարը, որն ամբողջական լուծում է ստանում լայն, ընդգրկուն տարածության հետաքրքիր դիտակետի, առանձին պլանների մանրակրկիտ մշակման ու մաքուր, հնչեղ գուներանգի միջոցով (<< Ազատ գետը Գառնիի ձորում>>, << Առավոտը Հին Գորիսում>> (1954), << Այղր լիճն աշնանը>> (1957):
Գ. Գյուջյանն առաջին հայ նկարիչներից է, որ ստեղծել է արդյունաբերական բնանկարներ ու գյուղի աշխատանքին նվիրված մեծակտավ գործեր (<< Շիր ջրանցքը>> (1926), << Ինդուստրիալ բնանկար. Ալավերդի>>, (1947), <<Կալը Կոլխոզում>>(1949), որոնցում զգացվում է ժամանակաշրջանի կյանքի ռիթմը, գեղարվեստական մարմանվորում է ստացել վերակառուցվող երկրի իրական պատկերը:Ստեղծագործական կայնքի վերջին շրջանում Գ.Գյուրջյանը ստեղծել է մի շարք պատմական բնանկարներ <<Դվին>>, << Գառնի տաճար>> <<Էրեբունիի շինարարությունը>>, որոնք ուշագրավ են հայ ժողովրդի պատմական անցյալի ու միջավայրի խորը զգացողությամբ: