Հավաքածու / Շտեմարան



Գրիգորյան Գևորգ Ստեփանի

(1897 - 1976)

Գևորգ Գրիգորյան
(Ջոտտո, 1897, Թիֆլիս-1976, Երևան)

Գևորգ Գրիգորյանը (Ջոտտո, 1897, Թիֆլիս-1976, Երևան) մեկն է 20-րդ դ. առաջին կեսի այն սակավաթիվ արվեստագետներից, որի ստեղծագործական աշխարհի հերոսը կյանքի դժվարին ճանապարհ անցած, աննկուն կամքի տեր, համամարդկային արժեքներն ու մշակույթը կրող անհատն է: Եվ դա մի ժամանակաշրջանում, երբ առավել ընդունելի ու տարածված էր խորհրդային երկրի կյանքի վառ ու գունագեղ, էպիկական ու կենսախինդ շեշտադրումով պատկերումը:
Գ. Գրիգորյանը մասնագիտական կրթություն է ստացել Թիֆլիսի` Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության և քանդակագործության դպրոցում (1916-1919, դասատուներ` Ե. Թադևոսյան, Գ. Գրինևսկի), ապա Մոսկվայի` Բարձրագույն գեղարվեստատեխնիկական արվեստանոցներում (1921-1923, դասատուներ` Լ. Պոպովա, Ա. Վեսնին): Մինչև 1962 թվականը նա ապրել ու ստեղծագործել է իր ծննդավայրում, հետագայում` Երևանում:
Արվեստագետի կայացման և ինքնատիպ ձեռագրի ձևավորման համար կարևոր նշանակություն են ունեցել ինչպես ազգային դարավոր մշակույթը, այնպես էլ եվրոպական դասականների ու 20-րդ դ. նոր ուղղությունների ներկայացուցիչների (սեզանիստներ, կուբիստներ) մշակած պլաստիկական սկզբունքները: Նկարչի արվեստին հատուկ են կոթողայնությունը, խստաշունչ նկարագիրը, դրամատիզմը, որի արտահայտմանը նա հասնում է կոմպոզիցիոն կուռ կառուցվածքի, լակոնիկ ու խստապարզ գծանկարի, մթին ու թանձր տոների միջոցով:
Գ. Գրիգորյանը թողել է բավականին հարուստ ստեղծագործական ժառանգություն, որի գերարակշիռ մասը պահվում է ՀԱՊ-ում և պատկերասրահի մասնաճյուղ` Գ. Գրիգորյանի արվեստանոց-թանգարանում£ Բազմազան են նկարիչին հետաքրքրող թեմաներն ու սյուժեները, որոնք նա հավասարապես արածարծել է գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներում: Նկարիչը հիմնականում աշխատել է շարքերով: Օրինակ <<Հին Թիֆլիսը>> նկարաշարը կազմված է մանկության հիշողություններն անթեղող թիֆլիսյան բնապատկերներից ու նատյուրմորտներից, նշանավոր քաղաքացիների դիմանկարից, ծննդավայի ինքնատիպ կոլորիտն ամբողջացնող սյուժետային աշախատանքներից: Առանձնակի ուշադրության է արժանի մեծն Կոմիտասին նվիրված, հայ ու համաշխարհային նշանավոր գրողների, նկարչի հարազատների ու մտերիմների դիմանկարների շարքերը:
1920-ակաների վերջը և 1930-ականների սկիզբը նկարչի ստեղծագործական վերելքի տարիներն են, երբ նա ակտիվորեն մասնակցում էր Թիֆլիսի մշակութային կյանքին, հայ և վրացի նկարիչների ցուցահանդեսներին: Այդ շրջանում են ստեղծվել <<Ստեփան Շահումյան>>, 1926, <<Հովհարով կինը>>, 1926, <<Ռեքվիեմ Առաջնորդի մահը>>, 1927, <<Մանուշակի դիմանկարը>>, 1929,<< ՙՆատյուրմորտ>>, 1929, որոնցում վառ կերպով դրսևորվել է երիտասարդ արվեստագետի ստեղծագործական անհատականությունը£ Ստեղծագործական այդ փուլին հաջորդում են արվեստի աշխարհում մերժված լինելու ու մեկուսացման երկու տասնամյակ ձգվող տարիները, որոնց ընթացքում նկարիչն անկոտրում կամքով շարունակում է ստեղծագործել: Դրամատիկ ապրումներով են հագեցած այդ շրջանի նկարները (<<Մայրություն>>,1936, <<Գեղջկուհին երեխայի հետ>>, <<Հավլաբարցի կինը>>, 1936, <<Նատյուրմորտ>> 1944):
1950-ական թվականներին ձևապաշտության և արևմուտքի գեղարվեստական այլ ուղղություններին հարելու մեջ մեղադրվող նկարչի արվեստն սկսվում է նորովի ընկալվել ու վերարժևորվել: Հատկանշական է, որ 1950-60-ական թվականների աշխատանքներում (<<Պարող կինտոն>>, 1971, <<Խաղաթղթեր`կլոր սեղանին>>, 1965, <<Ստեղնաշար և ծիծեռնակ>>, 1965, <<Մարինայի դիմանկարը>>, 1969) գերիշխում է կենսախինդ, ներքին հավասարակռշության զգացումը, որն արտահայտվում է լուսավոր ու բազմերանգ գունաշարով:
Նկարչի ստեղծագործության մեջ կան թեմաներ, որոնց նա պարբերաբար անդրադարձել է, դրանցից է մարդկային մեծագույն ողբերգությունը` եղեռնը: Այս շարքի աշխատանքներից են <<Մանուշակը>>, <<Էրզրումցի կինը>>, <<Ողբ առ Կոմիտաս>>, 1974, <<Չարենցն ու Կոմիտասը>>, 1974, <<Հրաժեշտ>> <<Կոմիտասի դիմանկարը>>, 1965, որոնք արտահայտում են վիշտ, տագնապ, ներքին խռովք ու ցասում: Հոգեկան ծանր ապրումների ու մտորումների թեման յուրովի արտահայտություն է գտել նկարչական պարագաներից ու գրքերից, երկրաչափական ընդգծված ֆորմաներով կենցաղային հնամաշ իրերից ու առարկաներից կազմված մուգ ու հագեցած գույներով լուծված նատյուրմորտներում:
Արվեստագետի նախասիրած ժանրերից է դիմանկարը: Անմիջապես բնորդից, հիշողությամբ կամ երևակայությամբ կատարված աշխատանքներում նրա մտերիմ ու սիրելի մարդիկ են, այդ թվում նկարչի կինը` Դիանա Ուկլեբա-Գրիգորյանը: Գ. Գրիգորյանի հերոսներն առանձնանում են ազգային նկարագրով, մարդկային ներքին արժանապատվությամբ ու հոգևոր գեղեցկությամբ (Քացախյանի,1922, Եղիշե Չարենցի, 1926, Սամիկոյի, 1936, Մարջանյանի,1965, Մարինայի, 1969, Դիանայի, 1925, 1944 դիմանկարները): Կյանքի վերջին շրջանում նկարիչը ստեղծել է հայ և համաշխարհային մշակույթի նշանավոր ներկայացուցիչների դիմանկարների շարք (Մեծարենց, Դուրյան, Սայաթ Նովան, Թումանյան, Փիրոսմանի, Բալզակ, Դանտե, 1960-1975), որն ասես արվեստագետի ներքին զրույցն է նախորդ սերունդների մտավորականների հետ կյանքի մնայուն, համամարդկային արժեքների մասին£
Նկարչի մահից հետո նրա բնակարանը վերափոխվեց Գ. Գրիգորյանի արվեստանոց-թանգարանի, որը 1979 թվականից գործում է որպես Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ: Թանգարանի գողտրիկ սրահներում ցուցադրավում են նկարչի 100 աշխատանքները, որոնք ընդգրկուն պատկերացում են ստեղծում մեր ժամանակների նշանավոր արվեստագետներից մեկի մասին: