Թանգարան / Նորություններ

19.05.2017 - 18.05.2017

Փարավոն Միրզոյան. «Հայկական ուրվապատկեր» խորագիրը կրող ցուցահանդեսը Բելառուսի ազգային գեղարվեստի թանգարանում

 Բելառուսի ազգային գեղարվեստի թանգարանը և Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացնում են 20-րդ դարավերջի և 21-րդ դարասկզբի հայ ամենաինքնատիպ նկարիչներից մեկի՝ Փարավոն Միրզոյանի «Հայկական ուրվապատկեր» խորագիրը կրող մենագրական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը ներկայացնում է 1980-ականներից ցայսօր՝ Միրզոյանի ստեղծագործության մի ամբողջ շրջափուլ՝ ընդգրկելով 50-ից ավելի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանք: Էքսպոզիցիան առանձնանում է բազմաժանրությամբ և թեմատիկ ու տեխնիկական լայն ընդգրկմամբ. բուսական, առարկայական թեմատիկ նատյուրմորտներ, բնանկարներ, կանանց առինքնող պատկերումներ… Նկարչի արվեստում կինն ամենուր է՝ այգում, արվեստանոցում, հարդարվելիս, հանգստանալիս, երազող, մտածող, և միշտ անմիջական ու բնական զգացմունքային: Գծի և գույնի, գրաֆիկականի և գեղանկարչականի զուգակցումն ու ներդաշնակումը հատկապես վառ են արտացոլվում կատարման նոր հնարներով ու հարստությամբ առանձնացող պաստելային յուրատիպ ապշեցուցիչ թերթերում: Ցուցադրությունն ուղեկցվում է նկարչի ստեղծագործությունների ծավալուն ալբոմով, որն ընդգրկում է ներածական հոդված, կատալոգային մաս, ինչպես նաև 54 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների վերատպություն: Ցուցահանդեսը կգործի մայիսի 19-ից մինչև հունիսի 18-ը:

Մշտական
ցուցադրություն

Անհայտ վարպետ, 19-րդ դար

Հախճասալիկ

հախճապակի, վերջնարակյա նկարազարդում, կաղապարում, ռելիեֆ
33x38 սմ