Մամուլ

24.09.2015 - 03.11.2015

«Մեկ երկրի պատկերներ. Արևելյան Գերմանիայի գեղարվեստական լուսանկարչությունը 1945-1995 թթ.»

Սեպտեմբերի 23-ին Հայաստանի Ազգային Պատկերասրահում տեղի ունեցավ «Մեկ երկրի պատկերներ. Արևելյան Գերմանիայի գեղարվեստական լուսանկարչությունը 1945-1995 թթ.» ցուցահանդեսի բացումը։ Ներկաներին ողջունեց և բացման խոսքով հանդես եկավ տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Արման Ծատուրյանը։ Կարևորելով նման ցուցահանդեսների տեղը և դերը մեր երկրի մշակութային կյանքում՝ նա կարևորեց նաև «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի ունեցած դերը ցուցահանդեսի կազմակերպման գործում։ Ինչպես նշեց Արման Ծատուրյանը. «Դեռևս մի քանի տարի առաջ Մորիցբուրգի թանգարանում տեղի էր ունեցել Մինաս և Նարեկ Ավետիսյանների նկարների ցուցադրությունը։ Սա մեր պատասխան ցուցահանդեսն է նրանց»։ Ցուցահանդեսին ներկա էր և ողջույնի խոսք ասաց ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը. «Հայաստանը երկու օր առաջ նշում էր Անկախության տոնը։ Մեր անկախությունը մի նոր կյանք էր, երբ մենք սկսեցինք հարաբերվել աշխարհի հետ։ Այդտեղ առանձնահատուկ տեղ ուներ Գերմանիան, իսկ արդեն 1998 թվականից հաստատվեց մեր բարեկամությունը Սաքսոնիա –Անհալթ երկրամասի հետ»,-մասնավորապես նշեց տիկին Պողոսյանը։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Մորիցբուրգ թանգարան-հիմնադրամի տնօրեն Թոմաս Բաուեր Ֆրիդրիխը։ Նա շնորհակալություն հայտնեց հյուրընկալ կողմին՝ ի դեմս պարոն Ծատուրյանի, և ավելացրեց, որ Հայաստանը և Գերմանիայի Սաքսոնիա Անհալթ երկրամասը վաղեմի գործընկերներ են։
Ցուցահանդեսի բացման առիթով Հայաստան էր ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոնը։ Նա ևս շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, հնագետներին, մշակութային գործիչներին, ովքեր ներգրավված են եղել ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքներում։ Նա իր խոսքում նշեց, որ կա գերմանական մի ասացվածք. «Առաջին հանդիպումը պրեմիերա է, իսկ երկրորդը ձևավորում է ավանդույթ»։
Ցուցահանդեսում ներկայացված է 21 լուսանկարչի շուրջ 80 աշխատանք, այն բաղկացած է 4 մասից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խորագիրն ու գաղափարը։
Նշենք, որ ցուցադրությունը կտևի մինչև նոյեմբերի 3-ը։


 

Մշտական
ցուցադրություն

Շահին Էդգար Պետրոսի

Ժիգոլետ (1924)

թուղթ, օֆորտ, չոր ասեղ
32x22/50x33 սմ