Մամուլ

04.12.2015 - 04.12.2015

«Եղիշե Թադևոսյան. Ռետրոսպեկտիվ. Հայաստանի ազգային պատկերասրահի և Վահագն Գրիգորյանի հավաքածուներ»

Դեկտեմբերի 4-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց նկարիչ Եղիշե Թադևոսյանի 145 ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը։ Բացմանը ներկաներին ողջունեց տնօրեն պարոն Արման Ծատուրյանը. «Հետաքրքիր է, որ մենք առաջին անգամ ներկայացնում ենք Պատկերասրահի արխիվային նյութերը, որոնք մինչ այս չեն ցուցադրվել։ Հաջորդ տարվա անելիքների մեջ փորձելու ենք ավելի ամրապնդել մեր համագործակցությունը մասանավոր կոլեկցիոներների հետ, աշխատանքներ տանել մասնավորի և պետականի միջև»։
Ինչպես նշեց պարոն Ծատուրյանը, շատ շատերի հավաքածուներում կան հրաշալի աշխատանքներ, որոնց արվեստասեր հասարակությունը, և առհասարակ մեր ժողովուրդը ծանոթ չէ։ Հյուրերին ողջունեց, ապա ցուցահանդեսն ամփոփ ներկայացրեց ՀԱՊ-ի գրաֆիկայի բաժնի վարիչ, ցուցահանդեսի համակարգող Մարինա Հակոբյանը։ Նա նկարչին բնութագրեց որպես առաջին պլեներիստ հայ կերպարվեստում և առհասարակ, յուրաքանչյուր մշակութային միջոցառում ունի իր կարևորությունը, իսկ մասնավոր հավաքածուները ավելի են նպաստում նկարչի արված գործերի ամփոփ պատկերացմանը-, նշեց Մարինա Հակոբյանը։
Ելույթ ունեցան նաև Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը, Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, անձամբ կոլեկցիոներ Վահագն Գրիգորյանը և Մայր Աթոռ թանգարանների և արխիվների տնօրեն Տեր Ասողիկ քահանան։
Միջոցառման ավարտին ՀԱՊ-ի տնօրինության ուղեկցությամբ ՀՀ մշակույթի նախարար տիկին Պողոսյանը, մշակույթի և արվեստի տարբեր գործիչներ և մնացյալ բոլոր հյուրերը շրջեցին ցուցասրահում՝ ծանոթանալու մեծանուն նկարչի աշխատանքներին։
Հիշեցնենք, որ «Եղիշե Թադևոսյան. Ռետրոսպեկտիվ» ցուցահանդեսը կշարունակվի մինչև 2016 թվական, մարտի 4։
 



Մշտական
ցուցադրություն

Մնացականյան Գևորգ Արշակի

Սայաթ Նովա (1962)

կտավ, յուղաներկ
150x155 սմ