Հավաքածու / Հայկական

Գեղանկար

Էքսպոզիցիան ներկայացնում է 6-20-րդ դարերի հայկական գեղանկարի զարգացումը, նրա ոճական ողջ բազմազանությունը, ինչպես նաև առանձին վարպետների գործեր:

Հայկական դասական արվեստի ցուցադրումը սկսվում է միջնադարյան որմնանկարի և մանրանկարչության նմուշների վավերագրական պատճեններից, որ 1936-1951 թթ. կատարել են հայ արվեստի նշանավոր հետազոտող Լիդիա Դուռնովոյի (1885-1963) ղեկավարությամբ մի խումբ հայ նկարիչներ: Հայկական եկեղեցիները զարդարող որմնանկարների՝ ժամանակի ընթացքում կրած կորուստներն ու վնասները թանգարանում պահվող պատճեններին հաղորդում են բնօրինակի արժեք: Գեղանկարչական մեծ ավանդույթի վկայությունն են նաև ձեռագրերը, որոնց թվում` անցյալի մեծագույն մանրանկարիչներ Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի և այլոց գործերը:

18-20-րդ դարերի հայկական արվեստը դժվար է գնահատել Ռուսաստանի, Արևմտյան Եվրոպայի և արևելյան երկրների հետ մշակութային կապերի կոնտեքստից դուրս: Ժամանակի ընթացքում ընդհատվող թելը վերականգնվում է ոչ միայն կրոնական թեմաներով գործերի, այլև Հովնաթանյանների գեղարվեստական դինաստիայի թողած ժառանգության շնորհիվ: Ամենից ամբողջական է ներկայացված ընտանիքի ամենավառ ներկայացուցիչ Հակոբ Հովնաթանյանի (1806-1881) արվեստը, որն աշխատել է Թիֆլիսում 1830-1880 թվականներին: Նրա դիմանկարների շարքը իր ժամանակի ոգու և մթնոլորտի լավագույն վկայությունն է: Դրանք ընդգծում են պատկերվածների անհատականությունը, նրանց սոցիալական դիրքը. դրանցում արտահայտվել է նկարչի եզակի գեղանկարչական ձիրքը, դրանք աչքի են ընկնում դետալների մանրակրկիտ ու նրբաճաշակ մշակումով: Այդ ամենն ապահովել է հայկական գեղանկարի պատմության մեջ Հովնաթանյանի տեղը որպես դիմանկարի ժանրի հիմնադրի:

Թանգարանի էքսպոզիցիան լուսաբանում է թե´ արտասահմանում բնակվող, թե´ հայրենիք վերադարձած հայ վարպետների տարբեր սերունդների արվեստը, բացահայտելով նրանց համար ընդհանուր գծեր: Նրանում կարևոր տեղ են զբաղեցնում աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու (1817-1900) գործերը: Պատկերասրահում է պահվում Թեոդոսիայի թանգարանից հետո նրա աշխատանքների ամենապատկառելի հավաքածուն` 62 նկար, որոնց թվում են նաև Այվազովսկու հայկական թեմաներով կոմպոզիցիաները («Բայրոնը Սուրբ Ղազար կղզում», «Նոյն իջնում է Արարատից»): Դրանցում նրա նախասիրած ծովային տեսարանները ներդաշնակվում են հայկական մոտիվների հետ, ինչն ավելի հասկանալի է դարձնում Այվազովսկու հոգատարությունը կոտորածներ վերապրած հայրենակիցների հանդեպ, շատ հայ նկարիչների ստեղծագործական կայացման հանդեպ նրա հետաքրքրությունը:

Թանգարանի հայ գեղանկարչության ցուցադրության զգալի մասը նվիրված է հայկական արվեստի դասականներ Վարդգես Սուրենյանցի (1860-1921), Ստեփան Աղաջանյանի (1863-1940), Եղիշե Թադևոսյանի (1870-1936), Փանոս Թերլեմեզյանի (1865-1941), Գևորգ Բաշինջաղյանի (1857-1925), Մարտիրոս Սարյանի (1880-1972), Հակոբ Կոջոյանի (1883-1959) ստեղծագործությանը, որոնց դերն ազգային արվեստի կայացման գործում հսկայական է: Զուգակցելով ռեալիզմի և ռոմանտիզմի միտումները, իմպրեսիոնիզմի, պոստիմպրեսիոնիզմի և մոդեռն ոճի նվաճումները ազգային ավանդույթների հետ, նրանք կերտում էին հայկական մշակույթի ինքնատիպ հյուսվածքը:

Ժամանակի ընթացքը փոխում է հայկական արվեստը՝ բազմաթիվ տաղանդավոր ու ինքնատիպ նկարիչների ներգրավելով սովետական արվեստի ծիրի մեջ. դրանք էին Մարտիրոս Սարյանը (1880-1972), Հակոբ Կոջոյանը (1883-1959), Սեդրակ Առաքելյանը (1884-1942), Սեդրակ Ռաշմաճյանը (1907-1978), Արա Բեքարյանը (1913-1986), Էդվարդ Իսաբեկյանը (1914-2007), Հովհաննես Զարդարյանը (1918-1992), Հմայակ Ավետիսյանը (1912-1978), Եփրեմ Սավայանը (1909-1974): Այս արվեստագետների անունների հետ առնչվող թեմաների նոր շրջանակը նպաստեց ազգային մշակույթի նկարագրի կերտմանը:

Այս մշակույթի անկապտելի մասն է կազմում մի շարք նկարիչների, ի թիվս որոնց` Պետրոս Կոնտուրաջյանի (1905-1965), Բարթուղ Վարդանյանի (1897-1978), Արարատ Ղարիբյանի (1903-1952), Հարություն Կալենցի (1910-1966), Հովհաննես Ասատրյանի (1914-2007), Հակոբ Հակոբյանի (1923) արվեստը, որոնց գործունեությունը մասամբ ծավալվել է արտասահմանում և որոնք յուրացրել են ֆրանսիական դպրոցի գեղարվեստական փորձը: Չնայած նրանք ներկայացնում են տարբեր սերունդներ և ստեղծագործական ուղղություններ, նրանց միավորողը բարձր մասնագիտական չափանիշներն են: Փարիզը միշտ գրավել է շատ հայ վարպետների, ինչպես Գեորգի Յակուլովին (1884-1928), Մարտիրոս Սարյանին (1880-1972), Վահրամ Գայֆեճյանին (1899-1960), Երվանդ Քոչարին (1899-1979), որոնք կարողացան պահպանել իրենց անհատականությունը գեղարվեստական հոսանքների հորձանուտում: Լինելով 20-րդ դարի ավանգարդում, նրանք մեծապես կանխորոշեցին ժամանակակից հայկական գեղանկարչության զարգացումը:

Բացառիկ նշանակալից է հայկական գեղանկարչության ձևավորման մեջ Մարտիրոս Սարյանի (1880-1972) ազդեցությունն ու դերը: Նրա արվեստը դարձավ Հայաստանի խորհրդանիշը: Սարյանը ցայտուն ու պատկերավոր կերպով արտահայտեց մեր հոգևոր էությունն ու աշխարհընկալումը: Միևնույն ժամանակ նա նորարար է, 20-րդ դարի մի շարք խոշոր արվեստագետների թվում արվեստում նոր ուղիներ ու նոր գեղարվեստական արտահայտչամիջոցներ հայտնագործողներից մեկը: Սարյանն օժտված է գույնի, կոմպոզիցիայի և գծանկարի բնատուր վարպետությամբ: Նրա ընդհանրացման տաղանդը հնարավորություն է տալիս իր հայրենիքի պատկերները փոխակերպելու աշխարհի սինթետիկ պատկերի, աշխարհի արարչության, նրա փոփոխականության, նրա մեջ մարդու դերի մասին մտորումների: Միևնույն ժամանակ դա Հայաստանն է՝ իր բնությամբ ու մարդկանցով, լեռներով ու արևով: Սարյանի արվեստը նաև միավորում է հայկական աշխարհընկալման երկու հակադարձ բևեռները` Արևելքն ու Արևմուտքը: Հայերի համար Արևելքը ոչ միայն բնական միջավայր է, մտածելակերպ և ավանդական ապրելակերպ, այն մշակույթի մաս է, որ վառ արտահայտված է Սայաթ-Նովայի և Ավետիք Իսահակյանի պոեզիայում, Վարդգես Սուրենյանցի (1860-1921) նկարչության մեջ, Սերգեյ Փարաջանովի  ֆիլմերում:

Արևելքի ոգով ու շնչով է տոգորված Թիֆլիսի հայ նկարիչների խոհուն ու նրբագեղ աշխարհը: Այս քաղաքը հայկական մտավոր ու մշակութային կյանքի կենտրոնն է եղել 17-20-րդ դարերում: Հովնաթանյանների դինաստիա, Գևորգ Բաշինջաղյան (1857-1925), Գեորգի Յակուլով (1884-1928), Հովսեփ Կարալյան (1897-1981), Վանո Խոջաբեկյան (1875-1922), Գևորգ Գրիգորյան (Ջոտտո) (1897-1976), Հակոբջան Ղարիբջանյան (1902-1987), Վեհիկ Տեր- Գրիգորյան (1903-1965), Վաղարշակ Էլիբեկյան (1910-1994),- ահա Պատկերասրահում ցուցադրված նկարիչների այս ճյուղի ոչ լրիվ ցանկը: Ինքնատիպ արվեստագետներից մեկին` Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանին (1891-1966) հատուկ վառ երևակայությունը, գեղեցիկի սուր զգացումը արտահայտվել են կանացի կերպարների` նրբագեղ զգացմունքայնությամբ լի աշխարհում: Սա էքսպոզիցիայի ուշագրավ մասերից մեկն է:

Սարյանի գեղարվեստական հայտնագործությունները, նրա գեղանկարչական- պլաստիկական լեզվի թարմությունը տարբեր փոխակերպումների ենթարկվեցին վարպետների մի ողջ համաստեղության` Մարիամ (1907-2006) և Երանուհի (1909-1998) Ասլամազյանների, Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանի (1922-2005), Սարգիս Մուրադյանի (1927-2007), Նիկոլայ Քոթանջյանի (1928), Մինաս Ավետիսյանի (1928-1975), Աշոտ Հովհաննիսյանի (1929-1997), Հենրիկ Սիրավյանի (1928-2001), Ալեքսանդր Գրիգորյանի (1927-2008), Ռուբեն Ադալյանի (1929), Վարոս Շահմուրադյանի (1940-1977), Սեյրան Խաթլամաջյանի (1937-1994) արվեստում: Ստեղծագործական խառնվածքի բազմազանությամբ հանդերձ, նշված արվեստագետների համար ընդհանուր է ազգային ավանդույթների և ժամանակակից գեղանկարչության նվաճումների իմաստավորված յուրացումը. այս երևույթն ընդհանրապես  հատկանշական է հայկական արվեստի համար:

Հայ վարպետների (ընդհանրացումների և փոխաբերականության հանդեպ իրենց հակումներով հանդերձ) գեղարվեստական մտածելակերպը, գունանկարչական լեզուն շատ համահունչ են ժամանակակից արվեստին հատուկ գունային ու պլաստիկական սինթեզի որոնումներին: Դրա վառ օրինակն են Մինաս Ավետսիյանի (1928-1975) աշխատանքները: Օժտված լինելով գույնի զգացմունքային բնույթի ընկալումով՝ նա իր արվեստում միավորեց միջնադարյան հայկական նկարչության ավանդույթները և պոստիմպրեսիոնիստների ու ֆովիստների փորձը: Ձևի և գույնի սինթեզին ձգտելը հատուկ է այլ հայ նկարիչների` Աշոտ Հովհաննիսյանի (1929-1997), Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանի (1922-2005), Սարգիս Մուրադյանի (1927-2007), Գրիգոր Խանջյանի (1926-2000), Հրաչյա Հակոբյանի (1935-1982), Անատոլի Պապյանի (1924-2007) և ուրիշների գեղարվեստական մտածողությանը: Պատկերասրահի հավաքածուն ներառում է նաև մի շարք ժամանակակից նկարիչների՝ Էդուարդ Արծրունյանի (1929-2010), Ալեքսանդր Գրիգորյանի (1927-2008), Ալբերտ Պարսամյանի (1935-1995), Ռուբեն Ադալյանի (1929), Կարեն Սմբատյանի (1932-2008), Էդուարդ Խարազյանի (1939), Հենրի Էլիբեկյանի (1936), Վարուժան Վարդանյանի (1948-2010), Ռոբերտ Էլիբեկյանի (1941), Ռուբեն Աբովյանի (1948), Աշոտ Բայանդուրի (1947-2003), Փարավոն Միրզոյանի (1949), Կարո Մկրտչյանի (1951-2001), Արամ Իսաբեկյանի (1952) և այլոց գործերը: Ծանոթացնելով հայ գեղանկարիչների մի քանի սերունդների հոգևոր որոնումներին, թանգարանի էքսպոզիցիան բացահայտում է աշխարհընկալման այն նոր կողմերը, որոնք աստիճանաբար փոփոխվելով՝ ձևավորում են ժամանակակից գեղարվեստական մշակույթի պատկերը: