Թանգարան / Պատմություն

1921-1935 Պետական թանգարանի արվեստի բաժին

Հայաստանի ազգային պատկերասրահը ծնունդ է առել 1921 թվականին` Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ, որպես Պետական թանգարանի հինգ բաժիններից մեկը` արվեստի բաժինը: Այդ ժամանակ թանգարանի տնօրեն է նշանակվում Մարտիրոս Սարյանը, իսկ գեղարվեստի բաժնի վարիչ` նկարիչ Վրթանես Ախիկյանը: Պետական թանգարանը գտնվում էր Աստաֆյան (Աբովյան) փողոցում, արական գիմնազիայի համար նախատեսված երկհարկանի տուֆակերտ շենքում (ճարտարապետ Վ. Օ. Սիմոնսոն):

Թանգարանի շենքում գործում էին նաև հանրային գրադարանը և համերգասրահը: Բացի այդ, այստեղ ապաստան էին գտել Արևմտյան Հայաստանից գաղթած որբ երեխաները, և դա էր պատճառը, որ առաջին չորս տարիներին թանգարանը չուներ ցուցադրատարածքներ: Պատահական չէր 1924 թ. Հայաստան այցելած Ա. Լունաչարսկու դժգոհությունը, որ թանգարանը նման է մեծ ու խայտաբղետ մի պահեստարանի:

Պահպանվել է 1921 թ. օգոստոսի 14-ի Հայաստանի «Արվեստից թանգարանի» բացման արարողության այցելուների ցուցակը, համաձայն որի մասնակցել է 130 մարդ՝ նկարիչներ, դերասաններ և երաժիշտներ, պաշտոնյաներ, բանվորներ և զինվորներ, աշակերտներ և ուսանողներ: Այցելուների թվում էին ճանաչված արվեստագետներ Կարո Հալաբյանը, Սարգիս Խաչատրյանը, Տարագրոսը, Ռոմանոս Մելիքյանը և այլք:

Թանգարանի գեղարվեստական բաժնի ցուցանմուշների առաջին խումբը` մի քանի տասնյակ աշխատանքներ, գնվել է կառավարության կողմից 1921 թ. հուլիսին Ստ. Շահումյանի անվան կենտրոնական բանվորական ակումբում կազմակերպված «Հայ նկարիչների միության» 5-րդ ցուցահանդեսից: Դրանց հեղինակներն էին անվանի գեղանկարիչներ Ե. Թադևոսյանը, Ս. Առաքելյանը, Հմ. Հակոբյանը, Վ. Ախիկյանը, Գ. Շարբաբչյանը, գրաֆիկ Է. Շահինը և ուրիշներ:

Նույն թվականի սեպտեմբերին Մոսկվայում Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեի դեկրետով նախկին Լազարյան ինստիտուտը վերանվանվում է Խորհրդային Հայաստանի կուլտուրայի տուն, իսկ նրա նյութական և մշակութային բոլոր արժեքները անցնում են Հայաստանի տնօրինմանը: Այս որոշումը վճռորոշ նշանակություն ունեցավ, քանզի ռուսական և եվրոպական արվեստի ստեղծագործությունների առկայությունն այս հավաքածուում, որը փոխանցվեց Հայաստանի թանգարանին, թելադրում էր նրա հավաքչական քաղաքականությունը` ձևավորել ազգայինից զատ համաշխարհային կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի հավաքածուներ:

1925 թ. Երևանում հրատարակված Պետական թանգարանի գեղարվեստական բաժնի «Համառոտ ցուցակում» արդեն վավերացված էին հայկական, ռուսական, եվրոպական հեղինակների 400 ստեղծագործություններ, որոնք ցուցադրվում էին վեց դահլիճներում: Ըստ էության, այդ գրքույկը թանգարանի առաջին, խիստ համառոտ ուղեցույցն է, որի հեղինակները կարևոր են համարել այլ տվյալների հետ նշել նվիրատուների անունները, որոնց թվում է մոսկվաբնակ ճարտարապետ-ինժեներ Հակոբ Էքիզլերը (Էքիզյան): Կոլեկցիոների ընծայած Հ. Այվազովսկու, Վ. Սուրենյանցի, Ս. Շչեդրինի, Ի. Շիշկինի, Վ. Պոլենովի, Վ. Մակովսկու և այլ հեղինակների կտավները պատկերասրահի գոլուխգործոցների շարքին են դասվում:

Ընդհանրապես յուրաքանչյուր թանգարան իր կազմավորման ընթացքում անցնում է ուրույն ճանապարհ: Մեր թանգարանի դեպքում առանձնահատուկ դրսևորում է գտել նվիրաբերումների գործոնը, որն անտարակույս ունի իր պատմական նախադրյալները: Եղեռնից մազապուրծ հայ ժողովուրդը հարկադրված էր հեռանալ իր նախնիների երկրից և ապաստանել Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Ամերիկայում: Ընդունելով այդ երկրները որպես երկրորդ հայրենիք, հայերը, կազմելով ազգային համայնքներ, ակտիվորեն ներգրավվում էին դրանց քաղաքական, տնտեսական և հասարակական կյանքին, ծավալում մշակութային գործունեություն, որն ընդգրկում էր հոգևոր կյանքի բոլոր ոլորտները` գրականություն, երաժշտություն, կերպարվեստ: Այնուհանդերձ, նրանք ապրում էին մայր հայրենիքի կարոտով, նրա հոգսերով և նվաճումներով: Միանգամայն հասկանալի է հայ արվեստագետների և հավաքչական գործունեությամբ զբաղվող անձանց մասնակցությունը վերածնվող Հայաստանի մշակութային կյանքին, հատկապես գեղարվեստական թանգարանի կազմավորմանը:

Երբ 1923-ին լուսավորության ժողկոմ Ասքանազ Մռավյանը դիմում է Ֆրանսիայի հայ նկարիչներին, խնդրելով ուժերի ներածին չափ օգնել թանգարանին, նրա կոչին խանդավառությամբ արձագանքում են Վ. Մախոխյանը, Զ. Զարդարյանը, Տ. Եսայանը, Ս. Խաչատրյանը, Ռ. Շիշմանյանը և ուրիշներ, պարբերաբար, մինչև 1935 թ. նվիրելով շուրջ 40 ստեղծագործություն: Առաջին տասնամյակների նվիրատու-բարերարներից են նաև նկարիչներ Մ. Սարյանը, Ե. Թադևոսյանը, Փ. Թերլեմեզյանը, Վ. Գայֆեճյանը, կոլեկցիոներներ Վ. Վահանյանը, Տ. Խան-Քելեքյանը, Վ. Քանանյանը: Թանգարանին իրենց աշխատանքներն են նվիրել անվանի ռուս նկարիչներ Ա. Բենուան, Ա. Օստոումովա-Լեբեդևան, Ե. Լանսերեն, իսկ Իսահակ Բրոդսկու շնորհիվ ռուսական արվեստի հավաքածուն հարստացել է 20-րդ դարի մեծանուն նկարիչներ Կ. Յուոնի, Բ. Գրիգորևի, Բ. Անիսֆելդի, Ի. Մալյավինի գործերով:

Հասմիկ Հարությունյան, "Հայ արվեստ" մշակութային հանդես # 1(11) 2005, էջ 16-18 / հրատարակիչ՝ Հայաստանի ազգային պատկերասրահ: