Հավաքածու / Դեկորատիվ-կիրառական

Հայաստանի ազգային պատկերասրահի դեկորատիվ-կիրառական արվեստի հավաքածուները և առարկաների առանձին խմբերը ներառում են Հին Եգիպտոսի և Հին Հունաստանի, Իրանի, Չինաստանի և Ճապոնիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Հոլանդիայի, Ֆլանդրիայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Հայաստանի անցյալի և ժամանակակից վարպետների ստեղծագործությունները:

Ողջ հավաքածուի կազմավորման պատմությունը հիմնականում չի տարբերվում պատկերասրահի գեղանկարի, քանդակի, գրաֆիկայի ֆոնդերի ձևավորման պատմությունից: Առարկաների ձեռքբերման աղբյուրները, որոշ բացառությամբ, գրեթե նույնն են` Հայաստանի Լուսժողկոմ, Էջմիածնի թանգարան, Պետական Էրմիտաժ, Ռուսաստանի պետական թանգարանային ֆոնդ, Հայաստանի մշակույթի նախարարություն, նվիրատվություններ, գնումներ անհատներից և Անդրկովկասյան պետառի Թբիլիսիի հնաոճ իրերի խանութից:

Պետական Էրմիտաժից են փոխանցվել Հին Եգիպտոսում մ.թ.ա. 1-ին – 2-րդ հազարամյակներում ստեղծված դիմակներ, ուշեբտիներ, հախճապակյա, փայտե, բրոնզե արձանիկներ, մ.թ. 2-7-րդ դդ. ղպտական գործվածքներ: (Այս հավաքածուի մասն են կազմում նաև Մարտիրոս Սարյանի նվիրատվությունները:) 1937 թ. Էրմիտաժից Հայաստանի պետական թանգարանին են փոխանցվել մ.թ.ա. 8-րդ – մ.թ. առաջին դարերի ժամանակահատվածում ստեղծված, Հին Հունաստանի արվեստը ներկայացնող դիցաբանական և կենցաղային թեմաներով նկարազարդված հանրաճանաչ սևաֆիգուր և կարմրաֆիգուր կավե ամֆորաներ, կրատերներ, լեկիթոսներ և այլ անոթներ, ինչպես նաև հունական աստվածներին և հերոսներին պատկերող բրոնզե արձանիկներ:

Տարբեր տարիներին Էրմիտաժը տրամադրել է ռուսական, եվրոպական և արևելյան ճենապակյա սպասք, արձանիկներ, մոմակալներ, ապակյա իրեր, կահույք և այլն: Առավել ուշագրավ են Սանկտ-Պետերբուրգի Կայսերական ճենապակու գործարանի, Գարդների, Պոպովի, Միկլաշևսկու և այլոց մասնավոր գործարանների գեղարվեստական իրերը: Եվրոպական ճենապակին ներկայացված է Մայսենի, Բեռլինի, Սևրի, Վիեննայի, Կոպենհագենի գործարանների արտադրանքով: Կահույքի փոքրաքանակ ֆոնդում առանձնանում են 16-րդ դ. սկզբի ֆրանսիական հարուստ փորագրազարդ, եզակի նշանակություն ունեցող եկեղեցական պահարան-կրեդենսը, 16-րդ դարի իտալական հարսանեկան սնդուկը` կասսոնեն, 17-րդ դարի հոլանդական աթոռները:

Արևելյան ճենապակու հավաքածուում պահպանվում են 17-19-րդ դարերի չինական «կանաչ» և «վարդագույն» ընտանիքների` ծաղիկների, պտուղների, թռչունների և միջատների պատկերներով, բազմաֆիգուր կենցաղային և առասպելական տեսարաններով, ենթաջնարակյա կապույտ գույնով (կոբալտ) արված նրբագեղ և բարձրարժեք սկահակներ, ափսեներ, սկուտեղներ, թեյի բաժակներ և այլն: Այստեղ են հավաքված նաև 1931 թ. Էջմիածնի թանգարանից փոխանցված, 18-19-րդ դդ. հայ եկեղեցու պատվերով Չինաստանում ստեղծված, սպասքի մասեր կազմող, հայերեն արձանագրություններով, կցագրերով և հոգևորականների դրոշմանշաններով ճենապակյա իրերը: Աշխատանքների այս խումբը վկայում է Հայաստանի և Չինաստանի միջև եղած դարավոր առևտրական կապերի մասին, ու թեև աշխատանքների գեղարվեստական որակը զգալիորեն զիջում է չինական շուկայի համար արտադրվող ճենապակուն, փաստն ինքը պատմական հետաքրքրություն է ներկայացնում:

Արևելքի երկրների հավաքածուն ընդգրկում է նաև 16-19-րդ դարերի իրանական նկարազարդ հախճապակյա ամանեղենի և սալիկների, գործվածքի, մետաղի հետաքրքիր նմուշներ, ճապոնական ճենապակի և հախճապակի, 19-րդ դ. ոսկրե նեցկեներ:

1976 թ. թանգարան մուտք է գործել Գարեն Սողոմոնյանի (Երևան) հավաքածուն, որի կազմում ընդգրկված ավելի քան 500 ստեղծագործություն համալրեցին հատկապես ռուսական և եվրոպական կահույքի, հայելիների, ճենապակու և ժամացույցների ֆոնդերը:

Նվիրատուների շարքում առանձնակի հիշատակման են արժանի Վարդան Բարաքյանը (Ռումինիա) և Վահան Վահանյանը (Թբիլիսի), որոնք պատկերասրահին ընծայելով իրենց մեծաքանակ և տարատեսակ կոլեկցիաները` զգալիորեն հարստացրել են կիրառական արվեստի արտասահմանյան ֆոնդը:

Թուրքիայից Հայաստան ներգաղթած Սաթենիկ Պեզիկյանը 1958 թ. պատկերասրահին նվիրել է Ուրհայի դպրոցի գեղարվեստական ձեռագործների 73 նմուշ, դպրոց, որը հայկական ասեղնագործության մի քանի խոշոր կենտրոնների մեջ առանձնանում է ընդգծված անհատականությամբ ու ինքնատիպությամբ: Ավելի ուշ պատկերասրահը գնեց Ս. Պեզիկյանի մոտ պահպանված, Առաջին համաշխարհային պատերազմի արհավիրքներից հրաշքով փրկված, Ուրհայում կալկայի վրա արված (1914-1915), այստեղից Եվրոպական երկրներ և Ամերիկա արտահանվող ասեղնագործ սրբիչների, ծածկոցների, հագուստի զարդանախշի հատվածների շուրջ 200 վավերագրական ընդօրինակություններ:
1968 թ., երբ բացվեց դեկորատիվ-կիրառական արվեստի գիտական բաժինը և ի մի բերվեցին ֆոնդերում զետեղված նյութերը, պարզ դարձավ, որ առավել նպատակամետ լրացման կարիք ունի հայկական հավաքածուն: Երևանում և Հայաստանի շրջաններում ձեռնարկվեցին հավաքչական աշխատանքներ: Ի թիվս առանձին գնումների, 1976 թ. պատկերասրահը ձեռք բերեց Երևանում հայտնի կոլեկցիոներ, ռեժիսոր Գևորգ Ալագյոզյանի հավաքածուն: Այն կազմված է 18-20-րդ դդ. հայկական կարպետագործության, խեցեգործության, արծաթագործության և փայտի գեղարվեստական մշակման բնագավառների աշխատանքներից և խիստ նշանակալից է ազգային կիրառական արվեստի ուսումնասիրության համար:

Հավաքածուի ժամանակակից բաժնի լիարժեքությունն ապահովելու նպատակով թանգարանը պարբերաբար, իր ընտրությամբ, ստացել է տարբեր տարիներին կազմակերպված հանրապետական և անհատական ցուցահանդեսներից Մշակույթի նախարարության կողմից գնվող և առանձին ֆոնդերում պահպանվող հեղինակային աշխատանքներ: Այս ճանապարհով կոլեկցիայի կազմի մեջ են մտել անվանի խեցեգործներ Հռիփսիմե Սիմոնյանի (1916-1998), Ռուբեն Շահվերդյանի (1900-1971), Դերենիկ Դանիելյանի (1912-1994), Հմայակ Բդեյանի (1925), Նորայր Աղաջանյանի (1927), Վան Սողոմոնյանի (1937), Նոնա Գաբրիելյանի (1944), արծաթագործ վարպետներ Ժիրայր Չուլոյանի (1918-1992), Վահան Հացագործյանի (1880-1967), ապակեգործներ Ազատ Լեյլոյանի (1926), Հենրիկ Նիկոյանի (1936), Սերգեյ Գասպարյանի (1937) և շատ ուրիշների ստեղծագործություններ:
1990 թ. ձեռք բերվեցին ազգային խեցեգործության ասպարեզում ուրույն ձեռագրով առանձնացող, վառ անհատականությամբ օժտված Ռուբեն Շահվերդյանի (1900-1977) 50-ից ավելի կավե ֆիգուրներ և արձանախմբեր, նկարազարդ դեկորատիվ սկուտեղներ, որոնց կարևոր հատկանիշներն են ժողովրդական ավանդույթների արդիական մեկնաբանությունը և կատարման բարձր վարպետությունը:

Ամբողջական մի հավաքածու` 750 բյուրեղապակյա իր, մուտք գործեց պատկերասրահ 2002 թ.: Այն ներկայացնում է խորհրդային տարիներին մեծ համբավ վայելած Արզնիի բյուրեղապակու գործարանի ապակեգործ վարպետների հեղինակային ստեղծագործություններ: Այս հավաքածուն, անկասկած, կարևոր նշանակություն ունի 20-րդ դ. երկրորդ կեսի ապակեգործության պատմության հետազոտման համար:
Ազգային պատկերասրահի այցելուները մշտապես հնարավորություն ունեն հիմնական ցուցադրության և առանձին թեմատիկ ցուցահանդեսների միջոցով ծանոթանալու բոլոր ժամանակներում իր կենցաղային ուղղվածությամբ առավել մատչելի և հասկանալի դեկորատիվ-կիրառական արվեստի ամենատարբեր ոլորտներին:

Մշտական
ցուցադրություն

Հունանյան Արտաշես Արմենակի

Եկեղեցի. Անի (1984)

ստվարաթուղթ, թուղթ, տեմպերա
92x62 սմ