ՀԱՊ-ի «Սիսիանի պատկերասրահ» մասնաճյուղը գործում է 1996 թվականից: Ցուցադրությունում ներկայացված են 19-րդ դարավերջից մինչև մեր ժամանակների հայ նշանավոր նկարիչների ստեղծագործությունները: Դրանց միջոցով այցելուն հնարավորություն ունի ծանոթանալու հայ գեղանկարչության անցած ճանապարհին:
Ազգային կերպարվեստի ուրույն գծերը դրսևորվում են բնանկարի, թեմատիկ նկարի, դիմանկարի, նատյուրմորտի ավանդական ժանրերում, որոնք ներառում են ժողովրդի պատմական անցյալի ու ներկա կյանքի, կենցաղի ընդգրկուն պատկերը:
Բնանկարի ժանրը այստեղ ներկայացված է Եղիշե Թադևոսյանի, Փանոս Թերլեմեզյանի, Ռաֆայել Շիշմանյանի, Սեդրակ Առաքելյանի, Գաբրիել Գյուրջյանի, Խաչատուր Եսայանի, Զաքար Խաչատրյանի և այլոց ստեղծագործություններով:
Տարբեր ժամանակաշրջանների ներկայացուցիչ ու ստեղծագործական նախասիրությունների տեր նկարիչների դիմանկարներն առանձնանում են հոգեբանական ճշգրիտ ու դիպուկ բնութագրումով, մարդկային խառնվածքի ու նկարագրի ցայտուն գծերի հայտնաբերումով:
Նրանց հերոսները պատմական անցյալի ու մեր մշակույթի երախտավորներն են, ժամանակակից մարդիկ իրենց բազմազան խոհերով ու ապրումներով: Դիմանկարներով են ներկայացված նաև Ստեփան Աղաջանյանը, Հենրիկ Սիրավյանը, Ռաֆայել Աթոյանը, Աշոտ Մելքոնյանը։ Հատուկ հետաքրքրություն է առաջացնում Փարավոն Միրզոյանի վրձնած բանաստեղծ Համո Սահյանի դիմանկարը:
Ստեղծագործական լայն դիապազոնով ուշագրավ են Էդվարդ Իսաբեկյանի էքսպրեսիվ, Մկրտիչ Քամալյանի գունագեղ ստեղծագործությունները, ինչպես նաև Ռուբեն Շահվերդյանի դեկորատիվ աշխատանքները:
Մասնաճյուղի ցուցադրությունում կարևոր տեղ են զբաղեցնում նատյուրմորտները. հենց այս ժանրով են ներկայացված Մարտիրոս Սարյանը, նրա գեղարվեստական սկզբունքների հետնորդներ Մհեր Աբեղյանը, Մարիամ Ասլամազյանը, Հարություն Կալենցը ու նաև միանգամայն այլ ուղիներով ընթացող Գոհար Ֆերմանյանը, Գրիգոր Խանջյանը, Հակոբ Հակոբյանը:
Հասցե` Սիսական 39, ք. Սիսիան, Սյունիքի մարզ
Հեռ.` (+374 283) 0-28-14