Հավաքածու / Եվրոպական

Գրաֆիկա

Եվրոպական գծանկարն ունի ավելի քան 600 տարվա պատմություն և իր կայացման ընթացքում ենթարկվել է բազում փոփոխությունների: Ցավոք, 16-17-րդ դդ. արևմտաեվրոպական գծանկարի համեստ հավաքածուն, որ ներառում է հիմնականում քիչ հայտնի նկարիչների ավելի քան 180 թերթ, մի շարք երկեր, որոնց հեղինակները տակավին ճշտված չեն, նաև գերմանացի նկարիչ Ֆրիդրիխ Ֆրիշի (1813-1886) 92 ճեպանկարներից կազմված ալբոմը, հազիվ թե տա գծանկարի զարգացման ամբողջական պատկերը:

Այդուհանդերձ, հավաքածուն ընդգրկում է թե գեղարվեստական, թե´ գիտական տեսանկյունից հետաքրքիր մի շարք գործեր: Որակի և քանակի առումով առաջին հերթին կարելի է առանձնացնել իտալական, հոլանդական, ֆլամանդական և ֆրանսիական դպրոցների գծանկարները: Մեկ կամ մեկից ավելի նմուշներով ներկայացված են Անգլիայի, Գերմանիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Ռումինիայի վարպետները:

Ընդունված է համարել, որ Վերածննդի դարաշրջանում գծանկարը, ձեռք բերելով իր լիարժեք դրսևորումն ու ձևերի ողջ բազմազանությունը, դառնում է արվեստի յուրահատուկ և ուրույն երևույթ: Իտալական Վերածննդի առանձնահատկություններն իրենց արտացոլումն են գտել վերոնացի նկարիչ Պաոլո Ֆարինատիի (1524-1606) ստեղծագործության մեջ: «Ալեքսանդր Մեծի ճակատամարտը Դարեհի դեմ» ծոփորանկարի նրա էսքիզը մեր հավաքածուի զարդն է: Նույն ժամանակաշրջանում է աշխատել վենետիկցի նկարիչ Լուդովիկո Պոցցոսերրատոն (մոտ. 1550-1603/5), որը նկարազարդել է շենքերի ճակատներն ու ինտերիերները: Նրան է վերագրվում հոյակապ «Որմնանկարի նախագիծը»` վարպետի ստեղծագործության պահպանված հազվագյուտ նմուշը: Իտալական հավաքածուն ընդգրկում է նաև Լուկա Կամբիազոյի (1527-1585), Պիետրո Դանդինիի (1646-1712), Յակոպո Վինյալիի (1592-1664), Բեռնարդո Բելլոտտոյի (1721-1780), Դոմենիկո Տիեպոլոյի (1727-1804) և ուրիշների գործերը:

17-րդ դարը հոլանդական և ֆլամանդական արվեստի ծաղկման ժամանակաշրջանն է: Հոլանդական գծանկարներից կարելի է առանձնացնել բնանկարի ականավոր վարպետ Յան վան Գոյենի (1596-1656) աշխատանքները, Ռեմբրանդտի դպրոցի նկարչի «Երկու նստած կանայք» հորինվածք-ճեպանկարը, Վիլլեմ դե Հեերի (1637-1681) «Գեղջուկները ճաշելիս» գործը: Վերջինիս պահպանված հազվագյուտ գծանկարները` արված մագաղաթի վրա, խիստ սակավաթիվ են թանգարանային հավաքածուներում:
17-րդ դարի ֆլամանդական գծանկարը ներկայացված է «ամենաֆլամանդացի» նկարիչ Յակոբ Յորդանսին (1539-1678) հարցականով վերագրվող «Գեղջուկի գլխանկարի էտյուդով», նատյուրմորտի վարպետ, անիմալիստ Յան Ֆեյտի (1611-1661) «Շան գլուխը» արտահայտիչ ճեպանկարով, Բոնավենտուրա Պետերսի (1614-1652) «Ծովամարտով»:

Ֆրանսիական դպրոցն ընդգրկում է 17-20-րդ դարերի հրաշալի գծանկարների մի ամբողջ շարք: Դրանց թվում են մանիերիստ Ժակ Բելլանժի (մոտ. 1575-1616 ) «Կանգնած տղան» բարձրարժեք գծանկարը, Էդմ Բուշարդոնի (1698-1762), Ժան Բատիստ Գրյոզի (1725-1805) և Հյուբեր Ռոբերի (1733-1808) սանգինայով արված ճեպանկարները, Լուի Անկետենի (1861-1932) «Կապույտ զգեստով կինը», Ժյուլ Պասկինի (1885-1930) «Փողոցի տեսարանը»:
Գերմանացի հայտնի հեղինակներից թանգարանում պահպանվում են Յուրգեն Օվենսի (1632-1678), Դանիել Խոդովեցկու (1726-1801) և Ֆրանց ֆոն Շտուկի (1863-1929) գրաֆիկական թերթերը, շվեյցարացի Ալեքսանդր Կալամի (1810-1864), անգլիացի Վիլլեմ Ժ. Ֆերգյուսսոնի (1632/33-1695-ից հետո), բելգիացի Լեոն Ֆրեդերիկի (1856-1940) բնանկարները: