15-րդ դարի կեսին ֆլորենտական քանդակում, ինչպես և գեղանկարչության մեջ, լայն տարածում են գտնում աշխարհիկ միտումները, որոնց համակվում են նաև կրոնական թեմաները: Դա լավագույնս արտահայտված է Լուկա դելլա Ռոբբիայի արվեստանոցի անհայտ վարպետի` մայոլիկայի տեխնիկայով կատարված «Հովիվների երկրպագությունը» կամերային բնույթի բարձրաքանդակում:
Իտալական Բարձր Վերածննդի շրջանը թանգարանում ներկայացված է ամենախոշոր վարպետներից մեկի` Միքելանջելոյի (1475-1564) «Տիրամայրը մանկան հետ» գործի բրոնզե կրկնությամբ, որը պատկերացում է տալիս նրա արվեստի ճշմարտության և համոզչության մասին:
Ժամանակագրական մեծ հատված է բաժանում վերը նշված իտալական կերտվածքները ցուցադրված այլ ստեղծագործություններից: 19-րդ դարի առաջին կեսում Իտալիան դասական արվեստի կենտրոնն էր: Անցյալի ժառանգությունը ուսումնասիրելու, յուրացնելու նպատակով բոլոր երկրներից այստեղ էին գալիս արվեստագետներ, որոնք իրենց պրոֆեսիոնալ վարպետությունը կատարելագործում էին իտալացի ուսուցիչների օգնությամբ: Այս դարի առաջին տասնամյակների ընթացքում Եվրոպայում առավել փառաբանված քանդակագործներից էր Անտոնիո Կանովան (1757-1822), որի արվեստը ներառում էր նախորդ դարի բարոկկոյի ոճի պլաստիկայի ավանդույթները` հետզհետե փոխարինելով դրանք կլասիցիզմի սկզբունքներով: «Ապաշխարող Մարիամ Մագդաղենացի» աստվածաշնչային հայտնի թեմայով մարմարե հորինվածքը կառուցման ներդաշնակությամբ և նյութի մշակման բարձր վարպետությամբ խիստ բնորոշ է հեղինակի ստեղծագործությանը: Մոնումենտալ տրամադրություններով համակված կլասիցիզմի գիծը շարունակվում է 19-րդ դարի երկրորդ կեսի քանդակագործներ Լուիջի Բյենեմեի (1795-1878), Վինչենցո Լուկկարդիի (1808-1876), Ջիովանի Դյուպրեի (1817-1882) մարմարե հորինվածքներում:
Եվրոպական այլ երկրների քանդակագործական երկերից հիշատակման է արժանի 17-րդ դարի ֆլամանդացի անհայտ վարպետի «Ողբ» փայտե փոքրաչափ աշխատանքը, որի դրամատիկ բովանդակությունը հաղորդված է պլաստիկայի արտահայտիչ, անհանգիստ ձևերի միջոցով:
Դանիացի քանդակագործ Ալբերտ Բերտել Տորվալդսենը (1786/1770-1844), ավարտելով Կոպենհագենի ակադեմիան, մեկնում է Հռոմ և այստեղ ձեռք բերում Ա.Կանովային չզիջող հռչակ: Նրա «Ալեքսանդր I» դիմաքանդակը երևան է բերում խոր բովանդակություն և արտահայտչաձևերի զսպվածություն:
19-րդ դարի երկրորդ կեսի գերմանացի քանդակագործ Ալբերտ Վոլֆի (1814-1892) «Ժամանակ» այլաբանական արձանն արված է նույնպես կլասիցիստական դպրոցի սկզբունքներով: Պլաստիկ ձևի հմուտ տիրապետումը, կոմպոզիցիոն վարպետությունը թույլ են տալիս այս աշխատանքը դասել տվյալ ժամանակի ուշագրավ կերտվածքների շարքը:
Ֆրանսիական քանդակագործությունը պատկերասրահում ներկայացված է առավել հարուստ ու ամբողջական` 17-րդ դարի երկրորդ կեսի - 20-րդ դարի սկզբի խոշոր անուններով:
Ֆրանսուա Ժիրարդոնը (1628-1715) երկար տարիներ մասնակցել է Լյուդովիկոս XIV-ի գլխավոր ոստան Վերսալի անսամբլի կառուցման աշխատանքներին` ի թիվս այլ արձանների ստեղծելով նաև «Պրոզերպինեի առևանգումը» մարմարե խումբը: Դրա փոքրացված բրոնզե տարբերակը պահպանվում է պատկերասրահում: Արտաքին պաթոսի հատկանիշներով օժտված այս արձանախումբը կլասիցիզմի շատ բնորոշ նմուշ է:
18-րդ դարի ֆրանսիական քանդակագործության մեջ և մանր պլաստիկայում լայն տարածում են գտնում դիցաբանական և այլաբանական սյուժեները: Գեղարվեստական լուծումները ձեռք են բերում նրբագեղություն, ձևերի թեթևություն` դրանով իսկ ստեղծագործություններին հաղորդելով կամերային բնույթ:
Գիյոմ Կուստուն (1677-1746) դարաշրջանի առաջին կեսի ճանաչված խոշոր վարպետներից է: Նրա հայտնի աշխատանքների թվին են պատկանում Մառլիի համար մարմարից կերտված և դեկորատիվորեն մեկնաբանված ձիերի սանձահարողների երկու խմբերը (հետագայում տեղադրվել է Փարիզի Համաձայնության հրապարակում): Դրանց բրոնզաձույլ մանրակերտներն ընդգրկված են ցուցադրությունում:
18-րդ դարի փայլուն ներկայացուցիչներից Է նաև Էտիեն Մորիս Ֆալկոնեն (1716-1791): Նրա ճանաչված և իր հայրենիքում առավել հանրածանոթ գործերի շարքին է պատկանում «Ամուր» քանդակը, որի հեղինակային տարբերակը ցուցադրվում է պատկերասրահում: Դիցաբանական հայտնի պերսոնաժը մեկնաբանված է չարաճճի մանչուկի կերպարով, որի ֆիգուրը լուծված է սահուն, հոսուն ուրվագծերով, փափուկ մոդելավորված ձևերով: Ռուսաստանում ապրելով 12 տարի` Ֆալկոնեն կերտել է Պետրոս I-ի ձիարձանը` հայտնի «Պղնձե հեծյալը»:
Ֆալկոնեի ժամանակակից Ժան Ժակ Կաֆֆիերին (1725-1792) հավաքածուում ներկայացված է թրծակավե «Կնոջ կիսանդրիով»: Հարազատ մնալով նյութի առանձնահատկություններին, տեխնիկական բարձր հմտությամբ և պլաստիկ ձևի լավ զգացումով հեղինակը ստեղծել է գեղեցկատես մոդելի զարմանալիորեն կենդանի կերպարը:
Մանր պլաստիկայի ասպարեզում էր ստեղծագործում էր Կլոդ Միշելը` Կլոդիոն մականունով (1738-1814): Նրա սիրված պերսոնաժներն էին դիցաբանական ջրահարսերը, բաքոսուհիները, սիրված նյութը` կավը: Կլոդիոնի կենցաղային բնույթի ստեղծագործություններին, ինչպես և պատկերասրահի «Այծամարդը և հավերժահարսը» արձանախմբին հատուկ են անմիջականություն ու նրբինությունը:
18-րդ դարի ֆրանսիական քանդակագործների այս փայլուն համաստեղությունը ավարտուն է ռեալիստական ուղղության խոշորագույն վարպետ Ժան Անտուան Հուդոնը (1714-1828), որը մեծ բարձունքների է հասել դիմաքանդակի ժանրում: Նրա մոնումենտալ և դեկորատիվ աշխատանքներից Դիանայի մարմարե արձանը (1780), որի փոքրացված մոդելի բրոնզե ձուլվածքը գտնվում է թանգարանի հավաքածուում: Վայելուչ ուրվագծով մերկ կնոջ ֆիգուրը լի է կենդանությամբ և բացարձակապես զուրկ է ակադեմիական սառնությունից և չորությունից:
19-րդ դարի վերջում ֆրանսիական գեղարվեստական մշակույթը ներկայացնում էր բազմապիսի միտումների բարդ համաձուլվածք: Պատմության նոր շրջանի այս փուլում իր վառ անհատականությամբ հանդես եկավ քանդակի մեծ վարպետ Օգյուստ Ռոդենը (1840-1917), որի արվեստը նշանակալից ազդեցություն ունեցավ համաշխարհային քանդակագործության հետագա զարգացման վրա: Պատկերասրահի հավաքածուում նա ներկայացված է վաղ շրջանի «Սյուզոն» բրոնզե դիմաքանդակով, որի տարբերակը գտնվում է Փարիզում՝ Ռոդենի թանգարանում: