23.04.2012 - 21.09.2012
<<Գրի հավերժություն>> խորագրով ցուցահանդեսում առաջին անգամ հանդես են գալիս մեկ ընդհանուր միասնական ցուցադրությամբ Հայաստանյան 4 խոշոր թանգարաններ ` Հայաստանի պատմության թանգարանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի թանգարանը, Մաշտոցի անվան Մատենադարանը և Հայաստանի ազգային գրադարանն ` ըստ էության ներկայացնելով մեր գրավոր մշակույթի հարուստ կենսագրությունը:Հայատառ տպագրության 500-ամյակին նվիրված այս ցուցահանդեսը եզակի մի հնարավորություն է մեկ ցուցադրական տարածքում ներկայացնել տարբեր թանգարանային կենտրոնների լավագույն ու ամենաարժեքավոր ցուցանմուշները: Հայերեն առաջին գիրքը լույս է տեսել Գուտենբերգի գյուտից 60 տարի անց:Սակայն Հակոբ Մեղապարտի վենետիկյան տպագիր շարքին ` Ուրբաթագրքին, Պատարագատետրին, Աղթարքին, Պարզատումարին ու Տաղարանին նախորդել են մեր ձեռագիր մատյաններն ու նախամաշտոցյան գրերը: <<Գրի հավերժություն>> ցուցահանդեսը ներկայացնում է հայկական գրավոր ժառանգության համապատկերը` սկսած ժայռապատկերներից մինչև վիրտուալ գրադարան.սա ցուցադրության ժամանակային ահռելի ընդգրկումն է:Ցուցահանդեսում հնագիտական, մատենագրական, վիմագրական և վավերագրական նմուշներով կներկայացվի հայ գրքի պատմությունը`
1. Հայաստանում հայերեն գրին նախորդած ուրարտերեն արամեերեն, հունարեն և լատիներեն գրի` բացառապես Հայաստանի տարածքից գտնված նմուշներ
/Քա. IX դարից մինչև Քհ. 405թ./.
- արձանագիր սալիկներ, վիմագիր արձանագրություններ
2. Մեսրոպ Մաշտոցի` 405թ. հայ գրերի գյուտից ի վեր ստեղծված վիմագիր և ձեռագրական արվեստի նմուշներ
- վաղագույն վիմագիր և ձեռագիր նմուշներ /V- VIIդդ. / խաչքարեր / X –XIIIդդ ./
3. Հայկական տպագրության սկիզբը` 1512 – 1850 թթ.
- հայերեն I տպագիր գրքերը` Ուրբաթագիրք,Պարզատումար, Տաղարան, տպագիր Աստվածաշունչը
- առաջին հարյուրամյակներում հայկական տպագրության արտասահմանում գործած կենտրոններում /Իտալիա, Հոլանդիա, Նոր Ջուղա, Կ-Պոլիս, Զմյուռնիա XVIII դար, Հնդկաստան, Ֆրանսիա, Ռուսաստան/ տպագրված գրքերի նմուշներ` կրոնական ,գիտական, գրական, փիլիսոփայական և տպագիր պարբերականների նմուշներ:
4. Հայկական տպագրությունը հենց Հայաստանի տարածքում սկզբից առ այսօր, երբ 1771 թ. Սիմոն Երևանցի կաթողիկոսը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում հիմնեց տպարան և հայկական տպագրությունը` իր սկզբնավորումից 260 տարի անց, հաստատվեց բուն հայրենիքում:
Ցուցադրության 103 նմուշները ներկայացնում են`
Գրի ակունքները /նախագրային շրջան - Ք. ա. 3-րդ հազարամյակից 9-րդ դար/
Ուրարտական գիրը /ուրարտական շրջան – Ք. ա. 9-րդ դարից 6-րդ դար/
Նախամաշտոցյան գիրը`շրջանառված գրատեսակներ- Ք. ա. 6-րդ դար- 301 թիվ` քրիստոնեության ընդունումը
Գրերի գյուտը `405 թ. - 8-րդ դար` վաղ հայերեն գրի նմուշներ
Գրչության տեսակները`վաղագույն գրի նմուշներ
Ձեռագիր մատյաններ և մանրանկարչություն `ձեռագիր մատյաններ 9-15-րդ դդ.
Գրատպության սկիզբը `հայ տպագրության սկիզբ, առաջին տպագիր գրքեր, համաժամանակյա ձեռագրեր և գրքերի մետաղական կրկնակազմեր 1512-1699-ական թթ.
Հայերեն հնատիպ գրքեր`գրքերի մետաղական կրկնակազմեր, 1700- 1799 թթ. և 1800-1899 թթ.
Ձեռագրից մինչ վիրտուալ գրադարան `Հեթումի ճաշոցի ձեռագիր ու դրա թվայնացրած տարբերակի ցուցադրում
Մատենադարնի և ազգային գրադարանի հավաքածուներից այստեղ տեղ են գտել հազվագյուտ ձեռագրեր ու մատյաններ: Մեծադիր ու փոքրադիր հայերեն ձեռագիր մատյանները տարբեր տվյալներով հաշվվում են մինչև 30.000 միավոր ամբողջ աշխարհում,իսկ հնատիպ գրքերն աշխարհում հաշվվում են 1000-ից ավելի, Հայաստանի ազգային գրադարանում կա 500-ից ավելի անուն հնատիպ գիրք, որոնք պահվում են գրադարանի հնատիպ, հազվագյուտ և արխիվային գրականության բաժնում:Մեկտեղելով թանգարանային հարուստ ցուցանմուշները` 17արժեքավոր նմուշներ `Մայր Աթոռ սբ. Էջմիածնի թանգարաններից, 15-ը `Հայաստանի պատմության թանգարանից, 37 ձեռագրեր `Մատենադարանից և 34 հնատիպ գրքեր Ազգային գրադարանից,ցուցահանդեսի կազմակերպիչները համակողմանիորեն ներկայացնում են ազգային գրավոր մշակույթի բազմաթիվ շերտերն ու դրանց առանձնահատկությունները `եզակի ցուցադրական նյութի հիմքի վրա: