Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

19.05.2012 - 21.09.2012

«ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ԵՎ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑՆԵՐԸ» գրաֆիկական ստեղծագործությունների ցուցահանդես

ՀԱՅ ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ 500-ամյակին նվիրված միջոցառումների շարքից է Հայաստանի ազգային պատկերասրահում բացված այս ցուցահանդեսը, որն ընդգրկում է Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Միքայել Խունունցիի և Գեորգի Յակուլովի` Ազգային պատկերասրահում պահվող գրքային ձևավորումները:

Վարդգես Սուրենյանցը (1860-1921) իր տաղանդով, ստեղծարար երևակայությամբ ընդլայնել է հայ գեղանկարչության ու գրաֆիկայի թեմատիկ սահմանները և իրավամբ համարվում է հայ կերպարվեստում պատմական ժանրի հիմնադիրն ու ազգային ժամանակակից գրքարվեստի կերտողը: Սուրենյանցը երկար է ուսումնասիրել ու ընդօրինակել հայ մանրանկարչությունը, զարդանախշերը, ժողովրդական կիրառական արվեստը, ճարտարապետությունը: Եվ այդ ամենը գեղավեստական բարձր ճաշակով, կուլտուրայով ու գիտությամբ կիրառել է գրքերի ձևավորման մեջ: Նկարիչը դիմել է Ալեքսանդր Պուշկինի «Բախչիսարայի շատրվանը» և Ֆիրդուսու «Շահ- Նամե» պոեմներին, ձևավորել է Օսկար Ուայլդի հեքիաթները, Մորիս Մետեռլինկի պիեսները, նկարազարդել Ժորժ Ռոդենբախի, Սմբատ Շահազիզի, Ալեքսանդր Ծատուրյանի և շատ ուրիշների երկերը£ Նա առաջինն էր, ով անդրադարձավ հայ կոմպոզիտորների երաժշտական ստեղծագործությունների նոտաների ժողովածուների կամ առանձին գործերի ձևավորմանը:

Եղիշե Թադևոսյանից (1870-1936) մեզ հասած գրաֆիկական գործերը հիմնականում նկարչի հայտնի կտավների էսքիզներ կամ բազմաթիվ ծոցատետրերում տեղ գտած ճեպանկարներ են: Իսկ նրա գրքարվեստը ներկայացված է հայկական առասպելների և հեքիաթների թեմաներով արված մի քանի հազվագյուտ նմուշներով: Հայտնի է նաև, որ նկարիչը ձևավորել է Կոմիտասի առանձին երգերի նոտաների շապիկներ:

Արվեստագետների գերդաստանից է սերում, ժամանակին գրքարվեստի ասպարեզում հայտնի, սակայն մեր օրերում գրեթե մոռացության մատնված գրաֆիկ Միքայել Խունունցը (1883-1931): Հայկական հեքիաթների վեց նկարազարդումները նրա արվեստի մեզ հասած հազվագյուտ նմուշներն են: Այդ մանրադիր պատկերազարդումները մեծ մասամբ ոճավորված, մոդեռնիզմի ակնհայտ ազդեցությամբ տակ արված սև-սպիտակ կամ երփներանգ ինքնատիպ գործեր են:

Գեորգի Յակուլովի (1884-1928) նկարազարդման առաջին փորձը եղել է Մարիետտա Շահինյանի «ORIENTALIA» գրքի շապիկը, որում նա յուրատիպորեն է օգտագործել հայկական մանրանկարչությանը բնորոշ ձևավորման եղանակը: ՈՒշագրավ է Ա. Մարիենգոֆի «Մագդալինա» գրքի շապիկի անավարտ էսքիզը, որն արտացոլում է 20-րդ դարասկզբի արվեստին բնորոշ ոճային ուղղությունները: 



Մշտական
ցուցադրություն

Բաշինջաղյան Գևորգ Զաքարի

Կազբեկ (1895)

կտավ, յուղաներկ
65x83 սմ