Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

24.09.2013 - 24.10.2013

<<Հույսի, պայքարի և աշխատանքի ժամանակաշրջան>>

     

Հայաստանի ազգային պատկերասրահում սեպտեմբերի 24-ին, ժ.15-ին կբացվի <<Հույսի, պայքարի և աշխատանքի ժամանակաշրջան>> գեղանկարչական ստեղծագործությունների ցուցահանդես, որը կանդրադառնա սոցռեալիզմի արվեստին:

20-րդ դարի  առաջին  կեսում Ռուսաստանի, ինչպես նաև Հայաստանի սոցիալ-քաղաքական և մշակութային կյանքը կտրուկ շրջադարձ է ապրել: Դեռևս  19-րդ դարում սկսված պատկերային լուծումների, նոր սյուժեների  գեղարվեստական որոնումները նպաստում էին ոճային բազմազանությանը, ստեղծագործական նոր խմբավորումների կազմավորմանը: 1917 թ. հեղափոխությունը արագացրեց այդ ընթացքը, բայց արդեն նոր` պրոլետարական արվեստի կարգախոսի տակ: 1930-ական թթ. սկզբում հռչակվեց խորհրդային արվեստի միասնական  գեղարվեստական ոճը` <<սոցիալիստական ռեալիզմը>>:

Ցուցահանդեսում ներկայացված նմուշները պատկերացում են տալիս այն մասին, թե 1920-1930-ական թվականների ընթացքում ինչպես են ձևավորվել խորհրդային գեղանկարչության հիմնական ժանրերը` պատմահեղափոխական ժանրը, դիմանկարը, ինչպես նաև այդ ժամանակի նկարիչների համար նորույթ հանդիսացող <<արդյունաբերական>> բնանկարը: Վերջինիս վառ ներկայացուցիչներից են Ի. Մաշկովը և Վ. Ռոժդեստվենսկին:

Ցուցահանդեսում ներկայացված աշհատանքները արտացոլում են ոճական ուղղությունների բազմազանությունը` հռչակված միասնական պաշտոնական արվեստի սահմաններում: Զգացմունքային և արտահայտիչ են կոլտնտեսականները Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի (ՀՌՆԱ) հիմնադիրներից մեկի` Ի. Վլադիմիրովի նկարներում: <<Հաստոցային նկարիչների միության>> հիմնադիր Պ. Վիլյամսի կտավում խորհրդային հանրապետությունների պարող ներկայացուցիչները արտիստիկ, ուրախ ու պայծառ են պատկերված:

1920-ական թվականների գեղարվեստական տարաձայնությունների արձագանքներն են նկատվում ցուցահանդեսում ներկայացված նկարիչների հաջորդ սերնդի  /Ա.Մաքսիմենկո և այլք/ գործերում: Դիմանկարների շարքում առանձնանում են Ֆ. Մոդորովի ստեղծագործությունները: Նա պետության այն եզակի արվեստագետներից էր, որոնք իրավունք ունեին պատկերելու Խորհրդային Միության առաջնորդներին, անձնապես Ի. Ստալինին:

Խորհրդային արվեստը մշտապես հանդես է եկել որպես բազմազգ արվեստ: Խորհրդային հանրապետությունների գեղարվեստական դպրոցները կազմավորվել են XIX դարում և  XX դարի սկզբին համառուսաստանյան միտումների ազդեցության տակ` հիմնվելով տեղի ավանդույթների վրա:

Տեղի ունեցող սոցիալ-քաղաքական, մշակութային զարգացումներից և տենդենցներից անմասն չէր նաև Խորհրդային Հայաստանը: Ձևավորվող արվեստի նոր ուղղությունը՝ սոցռեալիզմը, որ թելադրվում էր սոցիալիստական բազմազգ հասարակությանը, պետք է հասկանալ պատմության կոնտեքստում որպես փոփոխվող և միաժամանակ ներքին ստեղծագործական միասնական գործընթաց: Ամենուրեք սոցիալիզմ կառուցող շարքային մարդու, երանելի ապագայի, գաղափարական և քաղաքական առաջնորդի  պրոպագանդան էր, որն իր արտացոլանքն էր գտնում մասսայականության ձգտող արվեստում: Երբևէ արվեստն ու մշակութային կյանքն, առհասարակ, պետական նման ուշադրության և վերահսկողության չէր արժանացել: Ուստի արվեստագետների մի մասը, կուրորեն հավատալով սպասվող երջանիկ ապագայի կառուցման գաղափարին, պատկերում էր իրականության իդեալականացված և ընդունելի տարբերակը: Մյուս մասը, համառորեն պահպանելով հոգևոր անկախությունը, ճշմարիտ արվեստի  դրսևորում էր տեսնում բնանկարի  ժանրում, այլաբանական թեմատիկ պատկերներում և արտաքուստ խաղաղ, կամային ամուր կերպարների դիմանկարներում: Վերը նշված արվեստագետների թվին է պատկանում նկարիչների այն խումբը, որի աշխատնքները ներկայացնում է Հայաստանի ազգային պատկերասրահը սույն ցուցահանդեսին: Մ. Սարյան (1880-1972), Ս. Առաքելյան (1884-1942), Գ. Գյուրջյան (1892 – 1987), Ա. Բեքարյան (1913-1986). ականավոր գեղանկարիչների այս խումբը կանգնած է 20-րդ դարի  հայ կերպարվեստի ձևավորման ակունքներում,  միևնույն ժամանակ նրանք սոցռեալիզմի ինքնատիպ ներկայացուցիչներ են: Ինդուստրիալիզացիայի և ուրբանիզացիայի, կոլեկտիվիզացիայի  թեման չշրջանցելով, բայց և բնանկարի, կերպարային հետաքրքիր նյուանսներով են առանձնանում Ս.  Ռաշմաճյանի 1907-1978, Ա. Նալբանդյանի 1916-1964, թեմատիկ աշխատանքները: Փարիզի սալոններում ներկայացած և 1947 թ. հայրենադարձված Պ. Կոնտուրաջյանի 1905-1956, բնանկարներն առանձնանում են գունային նուրբ հարաբերակցությամբ: Կառուցողական և կատարողական յուրահատուկ տեխնիկայով է առանձնանում Կ. Պետրով-Վոդկինի աշակերտուհու՝ Գ. Ֆերմանյանի 1899-1958 թեմատիկ ստեղծագործությունը, Մ. Ասլամազյանի 1907-2006, Զ. Խաչատրյանի 1924,  նատյուրմորտները: Է. Իսաբեկյանի 1914-2007, Մ. Քամալյանի 1915-1971,  Հ. Զարդարյանի 1918-1992 դիմանկարներում հարուստ ներաշխարհով, կամային ամուր բնութագրումով են հառնում ժամանակի հայ մտավորականության ներկայացուցիչները: Գեղարվեստական հզոր դպրոցը, հեղինակների բարձր պրոֆեսիոնալիզմը 1920-1950-ականների արվեստը դարձնում են ռուսաստանյան և համաշխարհային գեղարվեստական մշակույթի պատմության նշանակալի մաս:

Մշտական
ցուցադրություն

Մուրադյան Հովհաննես Ավետիքի

Մոնթե Մելքոնյանի դիմաքանդակ (1998)

մարմար, հղկում / ողորկում, տաշում
45x30x30 սմ