Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

27.09.2013 - 05.10.2013

ՍՏԵՓԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ 150-ամյակ

 Սեպտեմբերի 27-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի ականավոր արվեստագետ Ստեփան Աղաջանյանի (1863-1940) 150-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդես:

 Այս տարի լրանում է ականավոր արվեստագետ,  դիմանկարչության մեծ վարպետ գեղանկարիչ Ստեփան Աղաջանյանի 150-ամյա հոբելյանը: Մեծ է Ս. Աղաջանյանի ավանդը հայ արվեստի պատմության մեջ, հատկապես` ռեալիստական գեղանկարչության ձևավորման գործընթացում:

  Ս. Աղաջանյանը ծնվել է Ղարաբաղի Շուշի քաղաքում: Մասնագիտական կրթությունը ստացել է Մարսելի գեղարվեստական ստուդիայում, ապա` Փարիզում Ժուլիենի ակադեմիայում: Եվրոպայում ամենահայտնի ակադեմիաներից մեկը, որտեղ կրթություն են ստացել նաև հայ անվանի նկարիչներ` Փ. Թերլեմեզյանը, Է. Շահինը, Ա. Շաբանյանը, Ս. Երկանյանը, Ռ. Շիշմանյանը, Տ. Կարապետյանը, Տ. Փոլադը և ուրիշներ:

  Շարունակելով Հակոբ Հովնաթանյանի և Ստեփանոս Ներսիսյանի արվեստի ուղղությունը, Ս. Աղաջանյանը զարգացրեց դիմանկարչության ժանրը և նշանավորեց այն նոր ձեռքբերումներով:

   Նրա դիմանկարներն առանձնանում են հոգեբանական սուր բնութագրումներով, անհատական կերպարների ռեալիստական արտահայտմամբ: Իր ստեղծագործության մեջ նկարիչն անդրադարձել է հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների կերպարներին` բանվորների, արհեստավորների, մտավորականների, ինչպես նաև` երեխաների: Նաև առաջինն է եղել, ով առաջ է մղել մանկական դիմանկարի թեման հայ գեղանկարչության մեջ: Նա կերտել է կերպարի արտաքին տեսքի նմանության և ներքին աշխարհի, բնավորության ու խառնվածքի սերտ միասնությամբ ռեալիստական դիմանկարներ:

Ցուցահանդեսն ընդգրկում է նկարչի ստեղծագործական ընթացքի տարբեր շրջանների ստեղծագործություններ` ուսանողական աշխատանքներ, տարբեր տարիների ստեղծած դիմանկարներ, այդ թվում մանկական դիմանկարներ և որոշ բնանկարներ:

 

Մշտական
ցուցադրություն

Մուշերոն Ֆրեդերիկ դե

Բնանկար ֆիգուրներով

փայտ, յուղաներկ
26,4x24,4 սմ