Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

21.12.2013 - 21.12.2013

Հենրիկ Սիրավյանի ծննդյան 85- ամյա հոբելյանին նվիրված հուշ- ցերեկույթ և ցուցահանդեսի բացում:

2013թ. դեկտեմբերի 21-ին, ժ. 14.00 Հայաստանի ազգային պատկերասրահում  տեղի կունենա գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանի ծննդյան 85- ամյա հոբելյանին նվիրված հուշ- ցերեկույթը և ցուցահանդեսի բացումը:  Հուշ – ցերեկույթի շրջանակներում կկայանա նաև  “Սիրավ. Դու հավերժող իմ Հայաստան” տեսաֆիլմի ցուցադրությունը: 
Գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանը ծնվել է 1928 թ. Երևանում: 1943-1948 թթ. ուսանել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, հետագայում` 1948-1954 թթ., ուսումը շարունակել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժնում: 1954 թ. - ից մասնակցել է ցուցահանդեսների, 1956 թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է եղել: 
Նկարիչը ստեղծագործել է ամենատարբեր ժանրերում` տուրք տալով առավելապես հայրենի եզերքի բնապատկերներին: 1950-ական թթ.  2-րդ կեսին ձևավորվում էր խորհրդահայ մոնումենտալ–դեկորատիվ գեղանկարչությունը, որի վառ ներկայացուցիչներից էին ժամանակի երիտասարդ նկարիչներ Հ. Զարդարյանը, Վան Խաչատուրը և Հ. Սիրավյանը: 1958-1968 թթ. Մ. Սարյանի ղեկավարությամբ նկարիչն իրականացնում է “Հայաստան” (1966) եռապատկեր որմնանկարը Սունդուկյանի անվան պետական թատրոնի ճեմասրահում: 1962 թ. Սիրավյանը մասնակցում է  պատմական  “Հինգի ցուցահանդեսին”. 
 (Ա. Ղափանցյան, Լ. Բաժբեուկ-Մելիքյան, Ալ. Գրիգորյան, Մ. Ավետիսյան, Հ. Սիրավյան): Նույն` 1962 թ. մրցանակի է արժանացել Մոսկվայում անցկացվող համամիութենական երիտասարդական ցուցահանդեսում  “Լ. Բաժբեուկ-Մելիքյանի”  դիմանկարի համար: Այս տարիներին ստեղծած որմնանկարներն ու ապակու վրա կատարված նկարները (վիտրաժները) զարդարում են Հայաստանի գրողների միության նախագահության ճեմասրահը, Էջմիածնի Գևորգյան ճեմարանի Կոմիտասի թանգարանի գմբեթը (Հ. Հակոբյանի, Ա. Մելքոնյանի հետ) և այլն:  1977 թ. գեղանկարիչը ստանում է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչում: 
Սիրավյանի հաստոցային աշխատանքների ճնշող մեծամասնությունը կազմում են գյուղական, ճարտարապետական լիրիկական, մոնումենտալ հնչողությամբ զուսպ բնանկարները, այլաբանորեն իմաստավորված թեմատիկ հորինվածքները: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Մշտական
ցուցադրություն

Շուբին Ֆեդոտ Իվանովիչ

Եկատերինա II (1792)

բրոնզ, ձուլում, բրոնզափառ
60x35x34 սմ