Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

07.04.2016 - 18.04.2016

«Ստեղծագործ ձեռքեր»

Ապրիլի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ստեղծագործ ձեռքեր» ցուցահանդեսի բացման արարողությունը, որը նվիրված է Մարիամ Աստվածածնի Ավետման տոնին և հայոց մայրերի գեղեցկության օրվան:
Միջոցառմանը ներկա գտնվող վայոցձորցիները մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին օրերին Արցախում զոհված հերոս հայորդիների հիշատակը:  Ցուցահանդեսի մեկնարկը տրվեց Տերունական աղոթքով:
Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը,Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի, հասարակական կազմակերպությունների, մարզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ վայոցձորցիներ:
Մ. Հարությունյանը և Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, շնորհավորելով հայոց մայրերին և քույրերին տոնի կապակցությամբ, մաղթեցին խաղաղություն, համբերություն և ոգու արիություն:
«Ստեղծագործ ձեռքեր» խորագրով ցուցահանդեսին ներկայացված էին Վայոց ձորի թեմի դեկորատիվ արվեստի կենտրոնի, ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնի, «Սյունիք զարգացում» ՀԿ-ի Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Չիվայի համայնքային կենտրոնների, ինչպես նաև Եղեգնաձորի մանկական ստեղծագործության կենտրոնի, Եղեգնաձորի և Վայքի նկարչական դպրոցների սաների, կամավորների, վայոցձորցի ստեղծագործող անհատների աշխատանքները:
Եղեգնաձորի պատկերասրահի տնօրեն Քնարիկ Բաբախանյանը շնորհավորեց միջոցառմանը ներկա մայրերին և քույրերին ապրիլի 7-ի կապակցությամբ՝ նշելով, որ ցուցահանդեսը նվիրվում է Արցախի և մեր հայրենիքի սահմանները պաշտպանող քաջարի զինվորների մայրերին:
Տեղեկացնենք, որ ցուցահանդեսը գործելու է մինչև ապրիլի 18-ը:
 

Մշտական
ցուցադրություն

Թադևոսյան Եղիշե Մարտիրոսի

Պուլդյու. Բրետան (1903)

կտավ, յուղաներկ
27x40 սմ