10.06.2023 - 01.06.2024
«Ֆրանսիական ինտերիեր. նրբաճաշակության դարաշրջան» ցուցահանդեսը ներկայացնում է 18–19-րդ դարերի ֆրանսիական դեկորատիվ-կիրառական արվեստը: Ռոկոկո ոճի յուրօրինակ նմուշներն ի ցույց են դնում ֆրանսիական արքունիքի հարստությունն ու շքեղությունը։ Ռոկոկոյի գաղափարական հիմքն են հավերժ երիտասարդությունն ու գեղեցկությունը, փախուստն իրականությունից և հովվերգականությունը։ Ռոկոկոյին, կամ «Լյուդովիկոս XV-ի ոճին», բնորոշ են զարդերի մանրակրկիտ մշակվածությունը, ընդհանրացված ուրվագծերն ու շքեղությունը։
Վերսալյան պալատական կյանքն իր ընդունելություններով և պերճաշուք հանդիսություններով թելադրում էր ինտերիերի նմուշների բնույթը: Պալատական սրահներում տեղադրված կահույքը ստեղծում էր ջերմ միջավայր մտերմիկ զրույցների և երաժշտության ներքո թեյախմության համար։ Թեմատիկ առումով գերիշխում էին հովվերգական տեսարանները, ուր գեղեցիկ բնապատկերի ֆոնին կերպարները տրվում են սիրո վայելքներին։
Ցուցահանդեսում ներկայացված են 18–19-րդ դդ․ ֆրանսիական պահարաններ, կոմոդներ, բուխարու ժամացույցներ, ինչպես նաև Սևրի ճենապակու գործարանի ռոկոկո ոճի արտադրանքի նմուշներ:
Համադրողներ` Սաթենիկ Չուգասզյան, Լիլիթ Աղաբեկյան