Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

01.06.2024 - 01.03.2025

Իտալական արվեստի դրվագները Հայաստանում

Հայաստանի ազգային պատկերասրահը և Հայաստանում Իտալիայի դեսպանությունը ներկայացնում են «Իտալական արվեստի դրվագները Հայաստանում» ցուցադրությունը` նվիրված Իտալիայի պատմության նշանավոր իրադարձությանը` Հանրապետության հռչակմանը:

Առաջին անգամ Հայաստանում իտալական մշակույթի տարբեր դարաշրջաններն ու գերիշխող տենդենցները, գեղարվեստական միտումներն ու այլազան շերտերը ներկայացնող այս ծավալուն ու բազմաթեմատիկ ցուցադրությունը շարունակում է իտալական հարուստ ժառանգությունն ու պատմությունը, արվեստն ու մշակույթը բացահայտող նախագծերի շարքը մեր թանգարանում և խորհրդանշում է երկու հնագույն քաղաքակրթությունների դարավոր բարեկամությունն ու խորագույն կապերը: Իտալական արվեստի առաջին նմուշները մուտք են գործել Թանգարան դեռևս 1920-ական թթ., հետագայում հավաքածուն ակտիվ կերպով և հետևողականորեն համալրվել է նվիրատվությունների, փոխանցումների ու ձեռքբերումների միջոցով:

Պատկերասրահի արտասահմանյան արվեստի հավաքածուի կարևոր մաս կազմող և 14–20-րդ դդ. թվագրվող շուրջ 100 գեղանկարչական երկերը, գծանկարն ու փորագրությունները, քանդակն ու դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշները ներկայացնում են իտալական արվեստի զարգացման ու կայացման 600-ամյա ժամանակաշրջանը և ի ցույց դնում մեր թանգարանային հավաքածուի իրական գլուխգործոցները:

Ֆլորենտական ու վենետիկյան, ճենովական ու ֆերրարյան, վերոնյան ու հռոմեական և գեղարվեստական այլ դպրոցների անվանի վարպետների առանձին ստեղծագործություններով ներկայացվող և տարբեր ժամանակների առաջադրած լուծումների ու պատկերագրական ավանդույթների համադրմամբ-հակադրմամբ, գեղանկարչական տարբեր հակումների, էսթետիկական խնդիրների, ստեղծագործական մեթոդների և ոճա-ձևաբանական հնարքների ողջ այլազանությամբ հատկանշվող հավաքածուն ունի պատմական և գեղարվեստական անգնահատելի արժեք:

Նշենք, որ Հայաստանի ազգային պատկերասրահում իտալական արվեստի հավաքածուի շուրջ վեցդարյան պատմությունն ամփոփող կատալոգն ընդգրկում է պատկերահանդեսում ցուցադրվող նմուշները, որոնց մի մասը ներկայացվում և տպագրվում է առաջին անգամ:

Ցուցահանդեսի համադրողներ՝ Մարինա Հակոբյան, Մարինա Եղիազարյան

Մշտական
ցուցադրություն

Եղիազարյան Ֆելիքս Եղիշի

Հուշեր (1980)

կտավ, յուղաներկ
96x78 սմ