31.07.2024 - 08.09.2024
Ռեալիզմի գաղափարական ձևերին հաճախ կապակցվող խորհրդահայ արվեստը բարդ մշակութային երևույթ էր, որը ԽՍՀՄ-ի վերջին տասնամյակներին դարձել էր խիստ բազմազան: Այս փոփոխության ակնհայտ նշաններից էր ժամանակակից արվեստի ընդհատակյա դաշտի ձևավորումն ու աշխուժացումը 1980-ականների կեսերին և վերացական արվեստի առաջխաղացումը: Այդ զարգացումների արդյունքներն արտացոլվեցին 1987-1994 թվականներին «Սև քառակուսի», «Երրորդ հարկ» և «Բունկեր» խմբերի կազմակերպած ցուցահանդեսներում:
1980-ականների վերջին և 90-ականների սկզբին՝ ԽՍՀՄ-ի աստիճանական փլուզման և Հայաստանի անկախացման փոթորկոտ շրջանում, վեց արվեստագետ ընկերներ՝ Քիքին (Գրիգոր Միքայելյան), Սէվը (Հենրիկ Խաչատրյան), Արմեն Ռոչը (Հաջյան), Մարտին Պետրոսյանը, Օֆենբախը (Գրիգոր Գյուլեզյան) և Աշոտ Աշոտը (Աշոտ Ղազարյան), որոնք «Երրորդ հարկ» խմբի անդամներ էին, հավաքվում էին Օֆենբախի՝ Երևանի ծայրամասում գտնվող «Բունկեր» արվեստանոցում։ Նկարիչների այս ազատ միավորումն առաջին հերթին հետաքրքրված էր արվեստի ոչ պատմողական ու «իդեալիստական» ձևակերպումներով, որոնք մերժում էին քաղաքական կողմնորոշումը և դիտարկում էին արվեստաստեղծությունը՝ որպես գեղագիտական և մտավոր հետազոտության ինքնավար տիրույթ:
Նրանք առաջին հայ արվեստագետներից էին, որոնք առաջ մղեցին վերացականության հավատամքները և գեղագիտությունը՝ որպես իրենց ստեղծագործության գերիշխող ձև: Դիմելով արևմտյան վերացական արվեստի մոդեռնիստական և պոստմոդեռնիստական միտումներին՝ նրանցից յուրաքանչյուրը ձգտում էր զարգացնել առանձնակի ոճեր, որոնք ընդգրկում էին վերացականության ողջ սպեկտրը՝ Քիքիի ժեստային նկարչությունից մինչև Աշոտ Աշոտի լեզվի և պատկերների կոնցեպտուալ կազմաքանդումները: Այս տարամետ մոտեցումները միավորվում էին վերացական արվեստի ուժի նկատմամբ ընդհանուր հավատով՝ որպես օրվա հրատապ փիլիսոփայական հարցերը լուծելու արդյունավետ գեղագիտական մեխանիզմ:
Նույն համոզմունքն էր կիսում նաև գործարար և արվեստի գործերի հավաքորդ Սերգեյ Ջավադյանը: 1980-ականների վերջին ծանոթանալով հետպատերազմյան միջազգային վերացականությանը՝ Ջավադյանը մտերմացավ Օֆենբախի շրջապատի «ապաքաղաքական» աբստրակցիոնիստների և գաղափարական ազատության նրանց իդեալների հետ և որոշեց ֆինանսապես աջակցել խմբին ու հանրահռչակել նրանց ստեղծագործությունը: Ի պատասխան, արվեստագետները Ջավադյանին տրամադրեցին իրենց լավագույն գործերից շատերը՝ դրանով իսկ նպաստելով քսաներորդ դարի վերջի հայ ժամանակակից արվեստի ամենամեծ և կարևոր հավաքածուներից մեկի ձևավորմանը:
Այդուահանդերձ, Ջավադյանի և վերոնշյալ արվեստագետների՝ 1990-ականներին Հայաստանից գաղթելուց հետո, այս առաջադեմ ժառանգությունը հիմնականում մոռացության մատնվեց: Էլմիրա և Սերգեյ Ջավադյանի հավաքածուից 42 կարևոր ստեղծագործության նվիրատվությունը Հայաստանի ազգային պատկերասրահին, անշուշտ, շատ բան կփոխի այդ առումով: Առաջին անգամ ներկա ցուցահանդեսում մեկտեղված այս ընտրանին նշանավորում է ժամանակակից հայ արվեստի պատմության շրջադարձային մի պահ՝ ցույց տալով գեղարվեստական նորարարության և ինտելեկտուալ հետազոտության այն ապշեցուցիչ ալիքը, որը քսանմեկերորդ դարի սկզբին հիմնովին ձևափոխելու էր հայկական տեսողական մշակույթը:
Համադրողներ՝ Վիգեն Գալստյան, Շողակաթ Ղազարյան