Հավաքածու / Ռուսական

Գրաֆիկա

Ռուս նկարիչների գրաֆիկական ժառանգությունը Ազգային պատկերասրահում բավական ընդգրկուն ձևով ներկայացված է 19-րդ դարի երկրորդ և 20-րդ դարի առաջին կեսի ստեղծագործություններով: Հավաքածուն ներառում է շուրջ 150 հեղինակների ավելի քան 500 գծանկար, ջրանկար և կավճանկար:

Ռուսական գծանկարը իր կայացման երկու հարյուր հիսուն տարվա ընթացքում անցել է զարգացման բավական բարդ ճանապարհ և մշտապես առանձնացել է յուրօրինակ գրաֆիկական ոճով ու լեզվով: 18-րդ դարի վերջում ռուս նկարիչների ստեղծագործության մեջ մյուս ժանրերի կողքին առանձնակի տեղ է գրավում բնանկարը, այդ թվում` քաղաքային պեյզաժը: Նշված ժամանակահատվածը թանգարանի հավաքածուում ներկայացված է Միխաիլ Իվանովի (1748-1823) երեք ջրանկարով:
19-րդ դարի ռուս նկարիչները, շարունակելով նախորդ դարի ավանդույթները, աշխատում են գրաֆիկայի բոլոր ժանրերում` դիմանկարի, նատյուրմորտի, բնանկարի և այլն, իսկ նույն դարաշրջանի երկրորդ կեսից նրանցից շատերի ստեղծագործության մեջ առաջատար տեղը զբաղեցնում է կենցաղային ժանրը: 19-րդ դարասկզբի դիմանկարային արվեստի նվաճումների մասին որոշ պատկերացում են տալիս Կարլ Բրյուլլովի (1799-1852) և Վ Գաուի (1816-1895) ջրաներկով և սեպիայով արված աշխատանքները: Ռուսական բնության անկրկնելիությունն ու թովչանքը իրենց արտացոլումն են գտել Իվան Շիշկինի (1832-1898) և Իսահակ Լևիտանի (1860-1900) բնանկարներում: Թանգարանի ֆոնդերում պահվում են նաև հայտնի մարտանկարիչ Վասիլի Վերեշչագինի (1842-1904) տարբեր ալբոմներից վերցված ուրվանկարները:

Դիմանկարը և կենցաղային ժանրը հետագա զարգացում ստացան պերեդվիժնիկներ Իլյա Ռեպինի (1844-1930) և Վլադիմիր Մակովսկու (1846-1920) արվեստում, որոնց գծանկարները այս կամ այն կերպ կապված են իրենց նկարների թեմատիկայի հետ: Թանգարանում պահվում են նրանց մի քանի գծանկարները:

19-րդ դարի վերջին գրաֆիկայի կայացման մեջ նշանակալից դեր է խաղացել կոլորիստական բարձր հատկանիշներով օժտված Վասիլի Սուրիկովի (1848-1916) արվեստը:
19-20-րդ դարերի սահմանագծում են աշխատել անվանի նկարիչներ Վալենտին Սերովը (1865-1911) և Միխայիլ Վրուբելը (1856-1910): Սերովը զբաղվում էր գրաֆիկական խնդիրների մշակմամբ և կատարելապես տիրապետում դրա արտահայտչամիջոցներին: Միխայիլ Վրուբելի (1856-1910) արվեստը բարդ է և լի հակասություններով: Մատիտով և տուշով արված նրա դիամնկարներն առանձնանում են կատարողական խորաթափանցությամբ, դրանցից է «Հ. Շամշինյանի դիմանկարը»:

19-րդ դարի վերջի և 20-րդ դարի առաջին կեսի ռուսական գծանկարը, յուրացնելով անցյալի ավանդույթները և շարունակելով ոճական նոր ու ինքնատիպ լուծումների որոնումները, լի է նորանոր տենդենցների և էսթետիկական սկզբունքների ձևավորման հետ կապված հրաշալի ձեռքբերումներով, տենդենցներ ու սկզբունքներ, որոնք իրենց արտացոլումը գտան «Միր իսկուստվա» խմբի նկարիչներ Ալեքսանդր Բենուայի (1870-1960), Կոնստանտին Սոմովի (1869-1939), Լև Բակստի (1866-1924), Եվգենի Լանսերեի (1875-1946), Մստիսլավ Դոբուժինսկու (1875-1957), Բորիս Կուստոդիևի (1878-1927), Աննա Օստրոումովա-Լեբեդևայի (1871-1955) երկերում: Նրանք հարստացրին գրաֆիկան նոր արտահայտչամիջոցներով և էական ներդրում ունեցան խորհրդային արվեստի զարգացման գործում: Թվարկված բոլոր նկարիչները ներկայացված են թանգարանի հավաքածուում մեկ կամ ավելի թերթերով: Այստեղ առանձնակի տեղ է գրավում Եվգենի Լանսերեի (1875-1946) «Արուս Ոսկանյանը Պորցիայի դերում» գրաֆիկական թերթը, - բարձրարվեստ մի գործ, որ նա ստեղծել է 1926 թ. Երևանում:

Նույն ժամանակաշրջանում են աշխատել այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Պյոտր Կոնչալովսկին (1876-1956), Իլյա Մաշկովը (1881-1944), Ռոբերտ Ֆալկը (1886-1958), Վիկտոր Բորիսով-Մուսատովը (1870-1905), Ֆիլիպ Մալյավինը (1869-1940), Միխայիլ Նեստերովը (1862-1942), որոնց ջրանկարներն ու գծանկարները արժանի տեղ են գրավում թանգարանի հավաքածուում: Գրաֆիկայի բաժնի իսկական հպարտությունն են անվանի նկարիչներ Կոնստանտին Կորովինի (1861-1939), Վասիլի Կանդինսկու (1866-1944), Կուզմա Պետրով-Վոդկինի (1878-1939), Պավել Ֆիլոնովի (1883-1941), Պավել Կուզնեցովի (1878-1968) գործերը:
20-րդ դարի առաջին կեսի հաստոցային և գրքային գրաֆիկան ներկայացված է Պավել Շիլինգովսկու (1881-1942), Զինաիդա Սերեբրյակովայի (1884-1967), Օրեստ Վերեյսկու (1886-1962), Նիկոլայ Տիրսայի (1887-1942), Յուրի Աննենկովի (1889-1947), Ալեքսեյ Կրավչենկոյի (1889-1940), Վլադիմիր Լեբեդևի (1891-1967), Կոնստանտին Ռուդակովի (1891-1949), Նիկոլայ Կուպրիյանովի (1894-1939), Իլյա Սոկոլովի (1890-1968) և ուրիշների աշխատանքներով: