Հավաքածու / Ռուսական

Քանդակ

Ռուսական քանդակի հավաքածուն պատկերասրահում փոքրաքանակ է, սակայն առատ փայլուն անուններով: Հանրահռչակ վարպետներից յուրաքանչյուրի մեկ, երկու, երբեմն էլ փոքր-ինչ ավելի աշխատանքները միասնաբար ներկայացնում են 18-20-րդ դարերի ռուսական քանդակագործության ընդհանուր պատկերը:

Աշխարհիկ քանդակը Ռուսաստանում ծնունդ է առել և բուռն ծաղկում ապրել 18-րդ դարում: Դարի երկրորդ կեսում ստեղծագործել և հայրենական երիտասարդ արձանագործության մեջ վառ էջ է գրել Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի առաջին սաներից մեկը` Ֆեդոտ Շուբինը (1740-1805): Նա հայտնի է հիմնականում որպես դիմաքանդակագործ, որի պատվիրատուներն են էին կայսրուհի Եկատերինա Մեծը, պալատական վերնախավը: Շուբինը, սակայն, երբեք չէր գեղեցկացնում իր մոդելներին, չէր հարթեցնում բացասականը, այլ հոգեբանորեն վերլուծելով անձը` կերպարին հաղորդում էր նրբորեն նկատված անկրկնելի անհատականը: Այդպիսին է նաև Եկատերինա II-ին ներկայացնող բրոնզե կիսանդրին, որի կերտման մեջ միահյուսված են բարոկկոյի արվեստից եկող կենդանի պլաստիկ շարժումը և կլասիցիզմին հատուկ խիստ արխիտեկտոնիկան ու չափի զգացումը:

Ակադեմիայում Շուբինի հասակակիցն ու համակուրսեցին էր Ֆյոդոր Գորդեևը (1744-1810): Քանդակում նրա նախասիրած թեմաներն էին պատմական և դիցաբանական սյուժեները: «Պրոմեթևս» աշխատանքը Գորդեևը ստեղծել է 1769 թ. Փարիզում, կերտվածքի հիմքում դրված է վեհ գաղափար` հերոսի անձնազոհ սխրագործությունը հանուն մարդկանց երջանկության: Հորինվածքն ունի խիստ կառուցվածք` ընդգծված տրամանկյուններով, իսկ մերկ ֆիգուրի մեկնաբանությունը կանխորոշում է գեղեցիկ մարդու իդեալի նոր ըմբռնումը:

19-րդ դարի առաջին տասնամյակում բարձր մակարդակի վրա էր գտնվում հայրենասիրական գաղափարով համակված մոնումենտալ և մոնումենտալ-դեկորատիվ քանդակը, ինչը մեծապես պայմանավորված էր 1812 թ. պատերազմի ազատագրական բնույթով: Այս կարգի վառ օրինակներից է ռուսական կլասիցիզմի առավել հռչակավոր ներկայացուցչի` Իվան Մարտոսի (1754-1835) «Մինին և Պոժարսկի» արձանախումբը Մոսկվայում: Բազմաթիվ են նրա` ճարտարապետության հետ սինթեզված հուշարձաններն ու մահարձանները:

19-րդ դարի երկրորդ կեսի քանդակագործներից մեծ համբավ էր վայելում Մարկ Անտոկոլսկին (1843-1902): Պատմական թեմայով նրա աշխատանքներից է «Իվան Գրոզնի» հոգեբանական խորությամբ լեցուն արձանը, որի համար հեղինակն արժանացել էր ակադեմիկոսի կոչման: 1872-ին Պետրոս I-ի ծննդյան 200-ամյակի կապակցությամբ Անտոկոլսկին ներկայացնում է Պետրոսի արձանը, որի փոքրացված բրոնզե տարբերակը կարելի է տեսնել պատկերասրահում: Հասակով մեկ պատկերված թագավորի ֆիգուրին հաղորդված է ներքին ձգվածություն, նպատակասլացություն և սաստկություն:

Այս նույն ժամանակ մանր պլաստիկայի ասպարեզում աշխատում էր Եվգենի Լանսերեն (1848-1886), ասպարեզ, որը հաստոցային քանդակի հետ մեկտեղ վերելք էր ապրում դարի երկրորդ կեսին մոնումենտալ-դեկորատիվ քանդակի հարաբերական անկման ֆոնի վրա: Իր դիրքերը հաստատող ռեալիզմը ներթափանցում է մանր ձևերի կենցաղային քանդակի մեջ, որի մեծ վարպետն է Լանսերեն: Մոմից պատրաստված նրա մոդելները գտնվում էին տարբեր մասնավոր ֆիրմաների կողմից, որոնք ձուլում էին դրանք բրոնզից և վաճառում: Հավաքածուի տարբեր թեմաներով երեք ստեղծագործությունները` «Ամազոնուհին», «Դոբրինյա Նիկիտիչը» և «Կազակը և կազակուհին», առանձնանում են հորինվածքի ներդաշնակությամբ, լուծումների թարմությամբ և ինքնուրույնությամբ:

Միխայիլ Վրուբելը (1856-1910) և Դմիտրի Ստելլեցկին (1875-1947) 19-րդ դարավերջի-20-րդ դարասկզբի այն արվեստագետներից են, որոնք պլաստիկայի հնարավորություններն ընդլայնելու միտումով իրենց որոնումների մեջ դիմում էին ժողովրդական ստեղծագործությանը և դեկորատիվ-կիրառական արվեստին: Մասնավորապես մեծ ուշադրություն էր դարձվում մայոլիկային, ճենապակուն, գիպսին: Բազմաշնորհ նկարիչ Միխայիլ Վրուբելն (1856-1910) իր քանդակային երկերում անդրադարձել է ժողովրդական ոճաձևերին և կերտման եղանակին: Հատկապես նշանակալի են նրա մայոլիկե աշխատանքները, որոնց թվին են պատկանում «Պանի գլուխը», «Մեդուզայի գլուխը», «Եգիպտուհու գլուխը»: Առաջին երկուսը, ի տարբերություն նկարչի այլ գործերի, չեն բազմացվել տասնյակ օրինակներով և դրանով իսկ առավել արժեքավոր են:

Դմիտրի Ստելլեցկին (1857-1947) իր փայտե և գիպսե աշխատանքները գունավորում կամ նկարազարդում էր: Այդպիսի նմուշներից է պատկերասրահի հավաքածուում բուխարու գիպսե ձևավորումը, որտեղ ֆիգուրների ոճավորված լուծումը և դրանց դեկորատիվ բուսանախշով գունազարդումը ստեղծում են ժողովրդական արվեստի ավանդույթների և պրոֆեսիոնալ արվեստի յուրատեսակ համադրում:
Նշված ժամանակաշրջանում ռուսական և արտասահմանյան արվեստում տարածված գեղարվեստական ուղղությունները, մասնավորապես իմպրեսիոնիզմը, թարմ, թրթռուն հոսանք են ներմուծում ռուսական պլաստիկայի մեջ, որի ազդեծության ներքո իրենց սեփական ուղիներն էին հարթում Աննա Գոլուբկինան (1864-1927) և Սերգեյ Կոնենկովը (1874-1971):

Հոգեբանական դիմաքանդակի մեծ վարպետ Աննա Գոլուբկինան (1864-1927) մշտապես բացահայտում է իր մոդելների կրքերով, հուզումներով լի կյանքը: Կերպարի խորությամբ և համարձակ ընդհանրացումներով է առանձնանում փայտից կերտված Ա. Բրոկարի կիսանդրին:

Անդրադարձը ժողովրդական կերպարներին, ծեփվածքի, քանդակային ձևի ուժը և էքսպրեսիան բնորոշում են Սերգեյ Կոնենկովի (1874-1971) արվեստը: Մեծ է նրա վաստակը փայտե քանդակի վերածնման ասպարեզում, որի մշակման իսկական վիրտուոզությամբ և վարպետությամբ են բնութագրվում նրա «Կնոջ ֆիգուրը» և «Դիմակով կինը» աշխատանքները:

Խորհրդային շրջանի առաջին տասնամյակներին արդեն ճանաչված և ստեղծագործող քանդակագործների կողքին հանդես են գալիս քանդակի տարբեր տեսակներում և ժանրերում իրենց ձիրքը դրսևորող Իվան Շադրը (1887-1941), Սարա Լեբեդևան (1892-1967), Մատվեյ Մանիզերը (1891-1966) և ուրիշներ:

1920-ական թվականների արվեստում արտացոլվում է խորհրդային մարդկանց աշխատանքն ու կենցաղը, Կարմիր բանակի կյանքը: Ցուցահանդեսներում մեծ տեղ են զբաղեցնում հեղափոխության և պետական գործիչների դիամնկարներն ու դիմաքանդակները: Իվան Շադրի (1887-1941) արվեստում այս թեմաները ձեռք են բերում խորհրդանիշի հնչողություն թե´ հաստոցային, թե´ մոնումենտալ գործերում: Մաքսիմ Գորկու դիմաքանդակը, հավանաբար, նրա նախապատրաստական աշխատանքն է Մոսկվայում տեղադրված մեծանուն գրողի հուշարձանի համար: Սակայն ռոմանտիկությունը, հուզականությունը, որոնցով համակված է բրոնզե այս աշխատանքը, վստահ և համոզիչ կերպավորումը նրան հաղորդում են ամբողջականություն և ավարտվածություն:

Մարդու անձն իր ողջ անկրկնելիությամբ և հոգեբանական բարդությամբ կանգնած է Սարա Լեբեդևա (1892-1967) արվեստագետի ուշադրության կենտրոնում: Աշխատելով միայն նատուրայից` նա զարմանալիորեն ստույգ գտնում է այն կոմպոզիցիոն սխեման և պլաստիկ լուծումը, որոնք պայմանավորված են բնորդի խառնվածքով: Այդ են վկայում «Օդաչու Վալերի Չկալովի», «Նկարչուհի Մարիամ Ասլամազյանի», «Գրող Կոնստանտին Պաուստովսկու» հրաշալի դիմաքանդակները:

Բազմաթիվ մոնումենտալ հուշարձանների հեղինակ Մատվեյ Մանիզերը (1891-1966) հավաքածուում ներկայացված է մեր հայրենակից` ջութակահար Հ. Նալբանդյանի արտահայտիչ դիմաքանդակով:
Ռուսական քանդակի հավաքածուի կազմում տեղ են գտել նաև 20-րդ դարի 60-70-ականների գեղարվեստական կյանքում ակտիվ դեր խաղացող Ռիմմա Պանցեխովսկայայի (1928), Էռնստ Նեիզվեստնու (1931), Օլեգ Կոմովի (1932) ուշագրավ աշխատանքները: