Հավաքածու / Շտեմարան



Կալամ Ալեքսանդր

(1810 - 1864)

Շվեյցարացի նկարիչ, ռոմանտիզմի նշանավոր վարպետ Ալեքսանդ Կալամը (1810, Վևե-1864, Մենտոն) հայտնի է իր էպիկական, հիմնականում ալպյան բնանկարներով: Նա դեռ վաղ հասակից պատկերել է բնանկարներ՝ մասնավորապես Շվեյցարիայի բնությունը: 1829 թ. սովորել է նկարիչ Ֆրանսուա Դիդեի արվեստանոցում: 1835 թվականից սկսած նկարչի անտառային և լեռնային պատկերները ցուցադրվել են Բեռլինում և Փարիզում: 1837-1850 թթ. նկարիչը շրջագայել է Եվրոպայում` այցելել է Փարիզ, Նիդերլանդներ, Գերմանիա, Իտալիա և Անգլիա, ստեղծել բազմաթիվ գծանկարներ և գեղանկարներ: 1839-1846 թթ. Կալամը փարիզյան Սալոններում արժանացել է բազմաթիվ մրցանակների: 17-րդ դարի հոլանդական բնանկարիչների և Բարբիզոնցիների արվեստը էական ազդեցություն են գործել նկարչի ստեղծագործությունների վրա:
Կալամի բնանկարները հիմնականում էպիկական բնույթ ունեն, որն առկա է նաև Պատկերասրահի “Լիճ” կոմպոզիցիայում: Այս ստեղծագործությունը բաղկացած է եղել երեք մասից, նկարչին այն պատվիրել է Մեծ իշխանուհի Ելենա Պավլովնան: Հետագայում կտավներն անջատել են միմյանցից. «Լիճ»-ը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում, «Կաղնիների հետ բնանկարը»-ը՝ Սանկտ-Պետերբուրգի Էրմիտաժում, իսկ «Աշուն»-ը՝ Ժնևի Արվեստի պատմության թանգարանում:
Կալամի ստեղծագործությունները ցուցադրվում են աշխարհի բազմաթիվ թանգարաններում` Լուվրում (Փարիզ), Ազգային պատկերասրահում (Լոնդոն), Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ), Ա. Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում (Մոսկվա) և այլուր: